RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#124, 2013-07-20 > #125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-07-26 21:59:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1010, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՄՈՍԿՎԱՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՑ ՎԱԽԵՆՈՒՄ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Միգրանտներն էլ` Մոսկվայից

Մոսկվայում բնակվող մեր թերթի թղթակից, գործընկեր Ռուբեն Հայրապետյանը «Ազգ»-ի հուլիսի 19-ի համարում գրել էր. «Ռուսաստանցիները, հատկապես մոսկվացիները, սարսափելի հոգնած են իրենց հայրենիքները, այդ թվումՙ Հայաստանը, լքած միգրանտներից»: Ռուբեն Հայրապետյանն իհարկե իրավացի է. նախ, քանի որ բաժանում է ռուսաստանցիներին մոսկվացիներից, ապա նաեւ այն հարցում, որ նրանք երկուսն էլ սարսափելի հոգնել են Մոսկվայում կամ Ռուսաստանում բնակություն հաստատած միգրանտներից: Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի օրերս անցկացրած սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ «ռուսաստանցիների համար իրենց երկրի ամենամեծ ու ամենաիրական սպառնալիքը միգրանտներն են». «Ո՞րն է Ռուսաստանի ամենաիրական սպառնալիքը» հարցին հարցվածների 35 տոկոսը (ինչը մեծամասնությունն է), պատասխանել է` միգրանտները:

Մի պահ ընդունենք, որ ռուսաստանցիներն իրոք ավելի իրական վտանգ իրենց երկրի համար տեսնում են Մոսկվայում շինարարություն անողների, տաքսի վարողների, շուկայում բանջարեղեն վաճառողների, փողոցներն ավլողների եւ աննպատակ թափառողների մեջ, մի ընդհանուր խոսքով` միգրանտների: Ընդ որում, ավելի շատ ռուսաստանցիներ վտանգ են տեսնում միգրանտների մեջ, քան, ասենք, ռուսաստանյան գիտական, կրթական ընդհանուր մակարդակի անկման կամ, օրինակ, հասարակական սոցիալական լրջագույն խնդրի վերածված ալկոհոլիզմի, ավելի ճիշտ` «ռուսական ալկոհոլիզմի» մեջ: Իրականում մեր խնդիրը չէ ռուսաստանցիների փոխարեն որոշել կամ նրանց հուշել որոշելու իրենց երկրի գլխավոր մարտահրավերներն ու սպառնացող իրական վտանգները: Մեր խնդիրը մեր հայրենակիցներին կոնկրետ «Ռուսաստանի ամենաիրական սպառնալիքի» տեսքով չտեսնելն է եւ հասկանալը, որ Մոսկվայում, եթե դու շեղաչ ես կամ կովկասյան արտաքինով, ամենեւին նշանակություն չունի, թե կոնկրետ ի՞նչ ազգություն ունես, ասենք, «ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ» հա՞յ ես, թե՞ «ռազմավարական գործընկեր, դարավոր բարեկամ հայի թշնամի» ադրբեջանցի: Եթե դու ինտերգրված չես ռուսաստանյան-մոսկովյան բիզնես համակարգում, այսինքն` անկախ ազգությունիցդ, ռուսաստանցի չես, ուրեմն, անկախ ազգությունիցդ, կովկասցի ես, գաստարբայտեր, միգրանտ, պասյանո, «Ռուսաստանի ամենաիրական սպառնալիք»:

Այսօր չորեքշաբթի է, մայրաքաղաքի Հյուսիսային ավտոկայանից հերթական բարձրակարգ, երկհարկանի, հարմարավետ ավտոբուսը կմեկնի ՌԴ: Ուղեւորափոխադրումներ իրականացնող այս ընկերության ներկայացուցիչը մեր մասնավոր զրույցում նշեց. «Հաճախորդների պակաս չունենք»: Մեր խնդիրն այս ավտոբուսները կանգնեցնելը չէ, մենք ուղղակի պետք է սպառնալիք չզգանք մեր երկրում եւ սպառնալիք չդառնանք ուրիշի երկրի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #126, 24-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ