ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՍԿՍՎՈՒՄ Է ԴՊՐՈՑԻՑ Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզում, «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակում, մեկնարկել են խմբակավարների վերապատրաստման մեկամսյա դասընթացներ: Մարզերից ժամանած 55 խմբակավար ձեռք կբերի երեխաներին ռոբոտաշինություն դասավանդելու համապատասխան հմտություններ: Դասընթացները կանցկացնեն «Նեյշնլ Ինսթրումենթս», «Ինստիգեյթ» եւ «Սայմոտեկ» ընկերությունները: Ծրագիրը համակարգելու, ընդլայնելու եւ ունեցած փորձը բոլոր դպրոցներում կիրառելու նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ ծրագրի», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Ինստիգեյթ» եւ «Սայմոտեկ» ընկերությունների միջեւ: Հուշագիրը բաց է նույն նպատակը հետապնդող եւ ծրագրին միանալ ցանկացող յուրաքանչյուր կազմակերպության համար: «Հուշագրի ստորագրմամբ մենք նպատակ ենք հետապնդում աշակերտների մեջ առաջացնել ժամանակակից բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես` ռոբոտատեխնիկայի նկատմամբ հետաքրքրություն, վաղ տարիքից զարգացնել ճարտարագիտական մտածելակերպ եւ դեպի բարձրագույն կրթություն ուղղորդել նպատակադրված եւ որակյալ ուսանողների»,-ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը : «Գիտությունը նման է շարժիչի, իսկ մարդու միտքը` այդ շարժիչն աշխատեցնող լծակի: Մենք ձգտում ենք աշակերտներին տալ գիտությունը մարդկությանը ծառայեցնելու առավելագույն հնարավորություն: Ի վերջո` սերունդների խելացի հերթափոխ ապահովելու համար հարկավոր է անընդհատ կատարելագործել եւ շարժիչը, եւ դրա աշխատանքը: Տեխնոլոգիաների զարգացումը տալիս է այդ հնարավորությունը: Այս համագործակցությունը թույլ կտա լուրջ քայլեր կատարել ռոբոտաշինությունը նախասիրությունից լուրջ մասնագիտության վերածելու ճանապարհին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստանի» եւ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի» հետ համագործակցությամբ, նախաձեռնել է ռոբոտաշինության խմբակների ստեղծում` Հայաստանի 55 դպրոցում: Դպրոցական խմբակների դասընթացների մեկնարկն աշակերտների համար կտրվի 2013 թվականի սեպտեմբերին: Խմբակներում պարապմունքները կիրականացվեն միության կողմից նախագծված եւ դպրոցներին տրամադրված ուսումնական ռոբոտի կոմպլեկտներով: Ներկայումս ռոբոտաշինության խմբակներ են գործում մայրաքաղաքի «Այբ» դպրոցում, «Քվանտ» եւ «Պոլիտեխնիկ» վարժարաններում: Խմբակներ կան նաեւ մարզերում: Մասնավորապես` Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Սիսիան, Կապան), Շիրակում (Գյումրի) եւ Արագածոտնում (Թալին): «ԱրմՌոբոտիքսի» կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերությունը: Դպրոցական խմբակների ծրագրի գործընկերներն են «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստանը» եւ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը»: |