RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#125, 2013-07-23 > #126, 2013-07-24 > #127, 2013-07-25 > #128, 2013-07-26 > #129, 2013-07-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013



ՋԱՆՔԵՐ ՃԻՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Տեղադրվել է` 2013-07-27 12:25:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1089, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՆՈՐԻՑ ԿԴԱՌՆԱ՞ՆՔ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանի արդյունաբերության ծավալները 12 տարում աճել են գրեթե 4 անգամ

Հայաստանի` խորհրդային տարիներին արդյունաբերական երկիր լինելու փաստը ոչ ոք չի վիճարկում: Անկախության հատկապես առաջին տարիներին մեր արդյունաբերությունը, ցավոք, լուրջ, որոշ դեպքերում անդառնալի կորուստներ կրեց: Դա ուներ ինչպես օբյեկտիվ պատճառներ` խորհրդային երկրի փլուզում, տնտեսական կապերի խզում, շրջափակում, երկրաշարժ, այնպես էլ սուբյեկտիվ` այդ տարիների իշխանությունների անձեռնահասություն եւ արդյունաբերության նկատմամբ արհամարհական վերաբերմունք: Միայն 90-ականների կեսերից արդյունաբերության, մասնավորապես սննդարդյունաբերության վերականգնման ուղղությամբ առաջին լուրջ քայլերն արվեցին: Սկսած 2000-ից, արդյունաբերության աճը դարձավ ավելի առարկայական, որոշ տարիներին դառնալով երկնիշ:

2000-ին արդյունաբերական արտադրանքը կազմել է մոտ 300 մլրդ դրամ: 5 տարի հետո այդ ցուցանիշը կրկնապատկվեց` հասնելով 651 մլրդ դրամի: Ընդ որում, 2002-ին եւ 2003-ին արդյունաբերության աճը երկնիշ էր եղել` 14,6 տոկոս եւ 15,1 տոկոս: Սակայն 2006-ին արդյունաբերությունում անկում գրանցվեց: Դրան հաջորդող բոլոր տարիներին, մինչեւ 2012-ը, արդյունաբերությունն աճ էր արձանագրում, բացառությամբ ճգնաժամային 2009-ի, երբ այս ճյուղում անկումը կազմեց 7,5 տոկոս: Այդուհանդերձ, 2012-ին Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալները գերազանցեցին 1 տրլն դրամը, կազմելով 1 տրլն 120 մլրդ դրամ: Սա նշանակում է, որ վերջին 12 տարում Հայաստանի արդյունաբերությունն աճեց գրեթե 4 անգամ: Շա՞տ է սա, թե՞ քիչ:

Եթե նման աճ արձանագրվեր որեւէ զարգացած երկրում, ապա այս ցուցանիշն ուղղակի ֆանտաստիկ կարող էր համարվել: Սակայն եթե նկատի ունենանք, թե ինչ փլուզված վիճակ էր Հայաստանում 90-ականներից հետո, ապա արձանագրված աճը այդպիսին չի կարող համարվել: Մյուս կողմից էլ, հարկ է ընդգծել, որ նման աճ ունենալը մի երկրի համար, որը չունի հարուստ հումքային պաշարներ եւ դրա վրա հիմնված տնտեսություն, իսկապես բավականին լավ ցուցանիշ է:

Ինչ վերաբերում է 2013-ին, ապա վերջին 2 տարիների դրական միտումը շարունակվում է: Հունվար-մայիս ամիսներին Հայաստանում թողարկվել է 464 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, ինչը 8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հավանական է թվում, որ այս տարի արդյունաբերության աճը կպահպանվի գոնե այս մակարդակի վրա:

Հետաքրքրական է, թե ինչպե՞ս է փոխվել արդյունաբերության կառուցվածքը Հայաստանում: Խորհրդային տարիներին Հայաստանի արդյունաբերության հիմնական ճյուղերն էին մեքենաշինությունը, թեթեւ արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, շինանյութերի արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, գունավոր մետալուրգինան:

Այժմ արդյունաբերական արտադրանքի գերակշիռ մասը մշակող արդյունաբերությունն է` հիմնականում սննդամթերքի արտադրությունը, հետո էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու մատակարարումը, ապա հանքադյունաբերությունը: Վերոնշյալից թերեւս երեւում է, թե ինչպիսի անդառնալի կորուստներ է կրել մեր արդյունաբերությունը: Այնպիսի հզոր ճյուղեր, ինչպիսին են մեքենաշինությունը, թեթեւ արդյունաբերությունն ու քիմիական արդյունաբերությունը, այսօր որպես այդպիսին գոյություն չունեն: Յուրաքանչյուր ճյուղում լավագույն դեպքում հզորությունների փոքր ծավալով աշխատում են մի քանի ձեռնարկություններ:

Միեւնույն ժամանակ, հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը ընդունել եւ սկսել է իրագործել արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը, նպատակ ունի «պետություն-մասնավոր» համագործակցության միջոցով զարգացել Հայաստանի արդյունաբերության 11 ճյուղեր` կոնյակագործությունը, գինեգործությունը, պահածոների, հյութերի, ջրերի արտադրությունները, ադամանդագործությունը, ոսկերչությունը, ժամացույցների արտադրությունը, ճշգրիտ ճարտարագիտությունը, դեղարտադրությունը, տեքստիլ արտադրությունը: Մնում է միայն հուսալ, որ արդյունաբերության զարգացման քայլերը կբերեն ցանկալի արդյունքի, եւ Հայաստանը վերստին կհամարվի արդյունաբերական երկիր` դրանից բխող դրական հետեւանքներով երկրի եւ բնակչության համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #127, 25-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ