ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԸ «ՇԱԽՏՅՈՐՈՒՄ» ՆՈՐԱՄՈՒՏԸ ՆՇԵՑ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅՈՒՄ Հայաստանի հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը Կարագանդայի «Շախտյորի» կազմում նորամուտը նշեց չեմպիոնների լիգայում: Նա Բելառուսի ԲԱՏԷ-ի հետ Կարագանդայում կայացած պատասխան խաղում թիմի մեկնարկային կազմում էր: 70-րդ րոպեին Ղազարյանն իր տեղը զիջեց Իգոր Զենկովիչին, որն էլ խաղավարտից 8 րոպե առաջ խփեց հանդիպման միակ գոլը: Հիշեցնենք, որ առաջին խաղում էլ «Շախտյորը» հյուրընկալվելիս հաղթել էր 1-0 հաշվով: Թեեւ Զավեն Բադոյանը ԲԱՏԷ-ի հետ ժամանել էր Կարագանդա, սակայն նույնիսկ հայտացուցակում նրան չընդգրկեցին: Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Շախտյորը» կմրցի Ալբանիայի «Սկենդերբեուի» հետ, որը պայքարից դուրս էր մղել Բաքվի «Նեւթչիին»: «Շախտյորի» գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը խաղից հետո դրվատանքով է խոսել Գեւորգ Ղազարյանի մասին. «Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ է, ինչն արդեն խոսում է նրա բարձր կարգի մասին: Մենք պայմանավորվել էինք, որ նա կմասնակցի առաջին խաղակեսին եւ 2-րդ կեսի մի մասին: Այդ ֆուտբոլիստը շատ արագ է մարզավիճակ ձեռք բերում: Կարծում եմ, որ նա ամբողջությամբ կմասնակցի հաջորդ հանդիպմանը»: Ահա չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում կայացած մյուս հանդիպումների արդյունքները (փակագծում նշված է առաջին խաղի հաշիվը). «Դաուգավա»-«Էլֆսբորգ»ՙ 0-4 (1-7), «Նիմե Կալյու»-ՀԻԿՙ 2-1 (0-0), «Սուտյեսկա»-«Շերիֆ»ՙ 0-5 (1-1), «Մոլդե»-«Սլայգո Ռովերս»ՙ 2-0 (1-0), «Ստրեյմուր»-«Դինամո» Թբ.ՙ 1-3 (1-6), «Մաքաբի» Թ-Ա-«Դյոր»ՙ 2-1 (2-0), «Վարդար»-«Ստյաուա»ՙ 1-2 (0-3), «Սելթիկ»-«Կլիֆտոնվիլ»ՙ 2-0 (3-0), «Դինամո» Զ.-«Ֆոլա»ՙ 1-0 (5-0), «Ժելեզնիչար»-«Վիկտորիա»ՙ 1-2 (3-4), «Հավնարֆյորդյուր»-«Էկրանաս»ՙ 2-1 (1-0): |