«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐՆ» ԱԼԻԵՎՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՉԵՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ, ԱՄՆ-ԻՑ ԱՊԱՍՏԱՆ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Երեկ Բաքվում ԱՄՆ դեսպանատան մոտ ոստիկանությունը դաժանորեն ցրել է ադրբեջանցի շուրջ 100 «փախստականի» բողոքի ակցիան: Բանն այն է, որ իշխանությունների որոշմամբ Ադրբեջանի նավթային ակադեմիայի ուսանողական հանրակացարաններից պետք է տարհանվի «750 փախստական ընտանիք»: Պետական միջոցներով նրանց համար տներ են կառուցվել Ապշերոնի շրջանի Մասազըր կոչվող ավանում: Փախստականների եւ բռնատեղահանվածների հարցերով պետական կոմիտեի տվյալներովՙ կառուցվել է «490 երկսենյականոց, 90 մեկսենյականոց, 170 երեքսենյականոց եւ 10 չորսսենյականոց բնակարաններ»: Տարհանման ենթակա ընտանիքների ներկայացուցիչների ասելով, սակայն, նախ «հատկացված բնակարանների համար հիշյալ պետական կոմիտեի պաշտոնյաներն իրենցից փող են պահանջում, երկրորդ` բաշխումն անարդարացի է կատարվում»: Բողոքավորներից մի կին, մասնավորապես, «Թուրան» գործակալության թղթակցին պատմել է, որ իրենց «ստիպում են տեղափոխվել երկսենյականոց բնակարան այն դեպքում, երբ ընտանիքում ինքն է, ամուսինը եւ երեք չափահաս որդիները»: Զայրացած կինը հարց է հնչեցրել. «Ի՞նչ է, մենք հինգ հոգով, ծնողներով եւ երեք հասուն տղաներով մի սենյակո՞ւմ պիտի քնենք»: «Թուրան»-ի մեկնաբանության մեջ երեւույթը գնահատված է նաեւ այլ կտրվածքով: Ըստ այդմ, «փախստականների» համար Մասազըր եւ այլ ավաններում կառուցված տները «միայն ցուցանմուշներ են, բացակայում են կենցաղային տարրական պայմանները»: Ամենակարեւորը, «այդ մարդիկ տարիների ընթացքում Բաքվում գտել են աշխատանք, ոմանք զբաղվում են փողոցային առեւտրով, իսկ եթե տեղափոխվեն Ապշերոնի շրջան, ապա կկորցնեն ապրուստի այդ չնչին աղբյուրները»: Դա, սակայն, իշխանություններին չի հուզում: Իշխող վարչախումբը մշակել է այսպես կոչված «Մեծ Բաքվի» կառուցապատման ծրագիր, որի շրջանակներում բոլոր «փախստականները» պետք է պարտադիր ենթարկվեն տարհանման, դիմադրության դեպքում` կոպիտ բռնատեղահանման: Որոշված է, այդ մասին երեկ հայտնել է haqqin. az-ը, որ «նախագահական ընտրություններից անմիջապես հետո կսկսվի 25 000 բնակելի տան եւ բնակարանի հիմնաքանդումը»: Հայտնի չէ, սակայն, թե «սեփականատերերն ի՞նչ փոխհատուցում, ի՞նչ կարգով եւ ե՞րբ են ստանալու»: Ոչ պաշտոնական, բայց իրականությանը չափազանց մոտ գնահատականներով, ներկայումս Բաքվում եւ արվարձաններում «ապրում է շուրջ 4 մլն մարդ, ավելի քան 50 000-ն էլ ամենօրյա սեւ աշխատանքի հույսով գալիս է մերձակա շրջաններից»: Անկախ մասնագետները Բաքվում ժողովրդագրական իրավիճակը համարում են «կրիտիկական» եւ ընդգծում, որ փաստորեն «հանրապետության բնակչության մոտ 60-65 տոկոսը կենտրոնացած է Ապշերոնյան թերակղզում»: Ամենաբնութագրականը, սակայն, այն է, որ երեկ բողոքավոր «փախստականները» բառիս բուն իմաստով վերջնագիր են ներկայացրել իրենց հարցերով պետական կոմիտեին եւ Բաքվի քաղաքային իշխանություններին. «Եթե մոտակա մի քանի օրերին բոլոր խնդիրները չկարգավորվեն, ապա ստիպված կլինենք քաղաքական ապաստան խնդրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից» (տես http://haqqin.az/news/9068): Ստացվում է, որ ադրբեջանցի «փախստականներն» ալիեւյան տներում ապրելուց գերադասում են Միացյալ Նահանգներում քաղաքական վտարանդիությունը: Սա չափազանց ուշագրավ երեւույթ է, եթե նկատի ունենանք, որ Իլհամ Ալիեւի նախընտրական քարոզչության հիմնական թեմաներից մեկը «փախստականների եւ բռնատեղահանվածների խնդիրների արմատական լուծումն է»: ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ |