ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԱՀԱ ԽՆԴԻՐԸ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Ներքաղաքային ուղեւորափոխադրումների սակագների բարձրացման գործընթացները հարաբերական պասիվ փուլում են. վստահ եմՙ այս կարծիքին են նաեւ այն անհատներն ու խմբերը, որոնք փորձում են հանրային ընդվզումից հետո ինչ-որ կերպ կանխել Երեւանի քաղաքապետի օրեր առաջ հայտարարած ուղեւորափոխադրումների սակագների բարձրացման կապակցությամբ հնչեցրած մոտեցման իրականացումը: Կարծում եմՙ առանց լայն ու խոր թիկունքի ձեւավորման նստացույց անողներն ու դատարան դիմողները կհայտնվեն խոցելի վիճակում, որը բարենպաստ միջավայր կապահովի սակագնի բարձրացում ծրագրողների համար: Այս առումով վիճակն անհանգստացնող է, քանզի վերջին օրերին հանրության առաջ առավել հաճախ պարբերաբար նշվող հայտնի անուն գծատերերի փոխարեն հայտնվում են հանրությանն անհայտ այլ ներկայացուցիչներ, որոնք, տարօրինակ է, առանց հիմնավոր փաստարկումների հիշատակման առաջ են տանում ինչ-որ մեկի ինչ-որ տեղում ծրագրած սակագնային «ավանտյուրան»: ՀՀ շարքային քաղաքացիս գործընթացին նման գնահատական է տալիս, քանզի իրավիճակի մանրամասնեցման գրեթե իսպառ բացակայությունը հանրային պոռթկում առաջացրած այս խնդրում մի վիճակ է ստեղծել, երբ պարզ չեն այս դրամայի ոչ սցենարիստը, ոչ դերակատարները եւ ոչ էլ բեմադրիչը, որի արդյունքում էլ հնարավոր չէ խոսել գործընթացի հիմնական պատվիրատուի մասին: Բեմադրության մասնակից մյուս հատվածը, օգտատերերի կարգավիճակում գտնվող հանրությունը, հանձին իր բազմաշերտ ներկայացուցիչների, օգտվելով էլեկտրոնային ու տպագիր մամուլի հնարավորություններից, հարկ է որ առավել ակտիվ գործունեություն ծավալի: Նման մտահոգությամբ էր տողերիս հեղինակն օրեր առաջ տպագրած մի հոդվածում խնդրանքով դիմել գործընթացի պատասխանատուներինՙ մանրամասնել սակագնի բարձրացման անհրաժեշտությունը. նկատի ունենալով, ասենք, հենց վարորդներից ոմանցՙ հեռուստաէկրաններից հնչեցրած անհանգստությունը, նշել, թե ի՞նչ չափով կբարձրացվեն նրանց աշխատավարձերը, առաջարկվող նոր գինը ինչքանո՞վ է համաչափ գազի սակագնին, շահութաբերության ի՞նչ ժամկետներ են իրենք սահմանում, կա՞ն արդյոք փոփոխություններ ավտոմեքենաների պահպանման ծախսերում եւ արդյո՞ք այս խնդիրների լիարժեք հաղթահարման նպատակով բոլոր անհրաժեշտ քայլերն են իրականացվել եւ սպառվել... Հոդվածում նաեւ նշել էի, որ օրը մի քանի անգամ վարորդների եւ գլխամասային կանգառներում նրանց աշխատանքը հսկողների հետ առնչվող մեր հարյուրհազարավոր ուղեւոր-քաղաքացիները մասամբից առավել են տեղեկացված համանման հարցերում, զգում են վարորդների բռնկումների, վրդովմունքի, զայրույթի բուն պատճառները: Օրինակ. տարիներ առաջ վարորդները ուղեւորներին հայտնում էին, որ օրվա պլանը, որի տակ պետք է հասկանալ գծատիրոջը տրվող գումարը, 6-8 հազար դրամ էր, որը վերջին 1-2 տարիներին հասցվել է 12-16 հազար դրամի: Կամ. եթե նախկինում օրվա կատարած կիլոմետրերի դիմաց գազի ծախսը 3-4 հազար դրամ էր, հիմա կազմում է 5-6 հազար դրամ: Եվ այն, որ շատ դեպքերում աշխատանք չունեցող վարորդները հրաժարվում են քաղաքապետարանի առաջարկած 80-90 հազար դրամ աշխատավարձից, վկայում է, որ երթուղայիններում օրավարձը շատ ավելի գրավիչ է: Հայտնի է նաեւ, որ այս ոլորտում հարկային փոփոխություններ չեն եղել, նաեւ կարծիքներ կան, որ ոլորտը գրեթե ազատված է հարկերից. եթե ՀՀ առումով ՀՆԱ-հարկեր հարաբերությունը 17-18 տոկոս է, այստեղ հազիվ 3-4 տոկոս է կազմում: Խիստ վիճարկելի են վարորդների օրը 14-16 ժամ աշխատելու մասին կարծիքները: Հարյուրհազարավոր ուղեւորներից յուրաքանչյուրը կվկայի, որ մինչ առավոտյան ժամը 8-ը գլխամասային կանգառներում փոխադրամիջոցների կուտակումներ գոյություն չունեն, որոնք նկատելի են ողջ ցերեկվա ընթացքում, մինչեւ երեկոյան ժամը 18-ը: Այս ժամահատվածից հետո անհրաժեշտ համարի փոխադրամիջոցից օգտվելու համար ակնկալվող րոպեներն այնքան են երկարում, որ մարդիկ այլ միջոցներ են փնտրում ու ընտրում: Իսկ եթե ճարահատյալ ես ու պարտադրված ես սպասել, ի վերջո հայտնվում ես փոխադրամիջոցում, ուր ոտքերից մեկի համար անգամ տեղ գտնելը մեծ հաջողություն է: Այսօրինակ խնդիրներից խոսելը ուղեւորի գործ չէ, եւ նա չի էլ մտորի դրանց մասին, եթե գործի պատասխանատուներն առաջարկվող հերթական քայլի անհրաժեշտության վերաբերյալ իրենց հիմնական շահառուներին բավարար տեղեկատվություն տրամադրեն. ինչի՞ն չի բավականացնում եւ ո՞ւմ չի գոհացնում օրվա ընթացքում վարորդների միջոցով ուղեւորներից գանձվող միջինը 30 հազար դրամը: Գումարի այս չափը կասկածի տակ դնելը գործընթացը զավեշտի ոլորտ է տեղափոխում, որի հաստատումն է երեկոյան ժամերին փոխադրամիջոցների կտրուկ նվազումը, որը մեկ հիմնական բացատրություն ունի. վարորդներն օրվա որոշակի ժամահատվածում լուծում են իրենց խնդիրները եւ վերջ: Իսկ թե ի՞նչը չի գոհացնում ու բավարարում նրանց աշխատատուներին, գործընթացի մյուս մասն է, որի մանրամասն տեղեկացվածության պահանջը գործընթացի շահառուներից կազմված բազմահարյուրհազարանոց կողմը, բնական է, ունի. այն բավարարելու պարտականությունը գործարարների պարտավորությունն է, որն էլ բարերար հանրային միջավայր ու մթնոլորտ կերաշխավորի: |