RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013



Տեղադրվել է` 2013-08-27 23:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 953, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 20

Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹՈՒՄ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ ՏՊԱԳՐՎԱԾՙ ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԵՎ ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿԻ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

Նամակի բովանդակությունից երեւում է, որ հեղինակները ծանոթ չեն իրերի իրական դրությանը եւ կատարում են անհիմն հետեւություններ, ըստ երեւույթին այն պատճառով, որ երեք նամակագիրներից առնվազն երկուսը ռելյատիվիստական աստղաֆիզիկայի մասնագետներ չեն: Այսուհանդերձ, թյուրիմացությունից հնարավոր կլիներ խուսափել, եթե նամակի հեղինակները նախօրոք ծանոթանային Երեւանում Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնի հիմնադրման մասին կնքված պայմանագրին, որը զետեղված է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի պաշտոնական կայքում: Այդ դեպքում նրանց համար գոնե պարզ կլիներ, որ այդ կենտրոնը ստեղծվում է ոչ թե Բյուրականի աստղադիտարանում, այլ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

Այժմ նամակում բերված փաստարկների մասին:

1. Դժվար է բացատրել կապը տարիներ առաջ քննարկման առարկա դարձած ատենախոսության եւ բառացիորեն օրեր առաջ բացված Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնի հիմնադրման միջեւ:

2. «ԳԱԱ-ում չկա գեթ մեկ մասնագետ», որի աշխատանքները վերաբերում են ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառին: Իրականում այդպիսի մասնագետներ կան, օրինակ` այդ ասպարեզում ճանաչված ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Ֆելիքս Ահարոնյանը, ինչպես նաեւ մի շարք խոստումնալից երիտասարդներ, որոնք սովորել, աշխատել են արտասահմանում, եւ որոնց աշխատանքները վերաբերում են հենց վերը նշված բնագավառին: Ակնհայտ է, որ հատկապես նրանց եւ գիտնականների եկող սերնդին է անհրաժեշտ Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի գիտական կենտրոնըՙ հեռանկարային այս ուղղությամբ բարձր մակարդակի հետազոտություններ կատարելու համար:

3. Նամակագիր ֆիզիկոսները պետք է տեղյակ լինեին, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան արդեն մի քանի տարի է, ինչ Բարձր էներգիաների ստերեոսկոպիկ համակարգ (H.E.S.S.- High Energy Stereoscopic System) միջազգային համագործակցության անդամ է, որի հետազոտությունները վերաբերում են վերոնշյալ բնագավառին եւ որի գիտական ձեռքբերումները բազմաթիվ են, տպագրվում են հեղինակավոր գիտական ամսագրերում ու արժանացել են միջազգային հանրության բարձր գնահատականի:

4. «Կենտրոնի բացումը հիմնարկում, որտեղ դրա մասին տեղեկություն չունեն, քմծիծաղ է առաջացնում»: Պարզվում է, որ թեեւ նամակագիրները պնդում են, որ Բյուրականի աստղադիտարանում «տեղեկություն չունեն հարաբերականության տեսությունից, սեւ խոռոչներից, ռելյատիվիստական կոսմոլոգիայից», այնուամենայնիվ, աստղադիտարանի վարկաբեկումը փնտրում են նոր գիտական կենտրոն բացելու փաստի մեջ: Եթե հետեւելու լինենք հեղինակների ոճին, ապա եթե ոչ քմծիծաղ, ապա տարակուսանք ու ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ երեք տիտղոսավոր ֆիզիկոսներ դեմ են արտահայտվում գիտական կենտրոնի հիմնադրմանը: Մինչդեռ անհամեմատ տրամաբանական ու արդյունավետ կլիներ, եթե նրանց ակտիվությունն ուղղվեր այս եւ Հայաստանում հետագայում ստեղծվելիք այլ գիտական օջախների զարգացմանը, նոր սերնդի ներգրավմանը գիտական հետազոտությունների ասպարեզ, հեռանկարային գիտական դպրոցների ստեղծմանը:

Այսուհանդերձ, կոչ ենք անում մեր բոլոր գիտնականներինՙ իրենց գիտելիքներն ու փորձը ներդնել մեր հին ու նոր գիտական հաստատություններում գիտության զարգացմանը նպաստելուն, երիտասարդներին ոգեւորելուն ու աջակցելուն: Այլ ճանապարհ մենք պարզապես չունենք:

P.S. Նամակի հեղինակների եւ Միջազգային Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնի (ICRANet) կապի մասին կարելի է տեղեկատվություն ստանալՙ դիմելով այդ կազմակերպության տնօրեն, պրոֆեսոր Ռ. Ռուֆֆինիին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ