ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ՐԴ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԸ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Ինչպես թատերական, այնպես էլ համերգային դահլիճները շուտով նորից իրենց դռները բացելու են մշակութասեր հանրության առջեւ: «Ազգը» թռուցիկ ներկայացնում է աշնանային համերգաշրջանի գլխավոր միջոցառումները: 2013 թ. աշնանային ծրագրերը հագեցած կլինեն բազմաբնույթ միջոցառումներով փառատոներ, համերգներ, հյուրախաղեր, հոբելյաններ, պրեմիերաներ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոբելյանական 80-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 20-ին, Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայով: Կշարունակվի 2012 թ. սեպտեմբերից մեկնարկած «Համերգ ճեմասրահում» նախագիծը եւ կսկսի «Նվագախումբ +» խորագիրը կրող նախագծի անդրանիկ համերգը: Արամ Խաչատրյանի 110-ամյակի հոբելյանական տարվա առթիվ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին թատրոնում կընթանան մեծանուն կոմպոզիտորի «Սպարտակ», «Գայանե», «Ձոն հավերժության» բալետային ներկայացումները, ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի անվան եռյակի ելույթը «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում: Կներկայացվեն Ջուզեպպե Վերդիի 200-ամյակին նվիրված «Տրավիատա», «Տրուբադուր» եւ Ռեքվիեմ ստեղծագործությունները: Տեղի կունենա Ռիխարդ Վագների 200-ամյակին նվիրված գալա համերգ, որին կմասնակցեն ճանաչված հայ սոպրանոներ Աննա Կասյանը (Ֆրանսիա), Ռոզի Անուշ Սվազլյանը (ԱՄՆ) եւ Հրաչուհի Բասենց Խումարյանը (Գերմանիա): Շուքով կնշվի նաեւ հայ օպերային արվեստի երախտավոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, տենոր Ավագ Պետրոսյանի 100-ամյակը: Ամերիկացի ճանաչված խորեոգրաֆներ Էդի Լիանգին, Թրեյ Մակենթայերը թատրոնում կիրականացնեն աշխարհահռչակ Բալանչինի բալետներից «Սերենադը», որը կընթանա «Ամերիկյան բալետի երեկո» խորագրի ներքո: Նոյեմբերին հայաստանցի հանդիսատեսը ականատես կլինի «Սան Ֆրանցիսկո բալետի» մենապարողներ Վանեսա Զահովյանի, Դավիթ Կարապետյանի արվեստին: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը զուգահեռ հանդես կգա իր խաղացանկային ներկայացումներով, ինչպես նաեւ պրեմիերաներով: |