ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆ. «ՍԵԼԹԻԿԸ» ԼՈՒՐՋ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ» Կարագանդայի «Շախտյորը», որի կազմում հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը, այսօր Գլազգոյում չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի պատասխան հանդիպումն է անցկացնելու տեղի «Սելթիկի» հետ: Հիշեցնենք, որ Կարագանդայում «Սելթիկը» հաղթել էր 2-0 հաշվով ու լավ հնարավորություն է ստացել ղազախական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հանդես գալու չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Պատասխանատու այդ մրցախաղի նախօրեին ղազախական sports.kz-ի թղթակիցը զրուցել է Գեւորգ Ղազարյանի հետ: - Գեւորգ, ի՞նչ տպավորություն թողեց «Սելթիկն» առաջին խաղից հետո: - «Սելթիկը» շատ ուժեղ թիմ է: Կարագանդայում կայացած խաղում մեզ մի փոքր ժպտաց մարզական բախտը, մեր դարպասապահն էլ իր վստահ խաղով նպաստեց թիմի հաջողությանը: Ճիշտ է, մենք այնքան էլ շատ գոլային պահեր չստեղծեցինք, սակայն կարողացանք 2-ն իրացնել: - Ի՞նչ ես սպասում պատասխան խաղից: - Ինչ խոսք, Գլազգոյում 2-3 անգամ ավելի դժվար է լինելու, քան առաջին խաղում էր: «Սելթիկը» խաղալու է սեփական խաղադաշտում, որին աջակցելու են թիմի բազմահազար երկրպագուները: Դաշտի տերերը կորցնելու ոչինչ չունեն եւ ձգտելու են ռեւանշի հասնել 0-2 հաշվով կրած պարտության դիմաց: Սպասում եմ, որ «Սելթիկը» լուրջ ճնշում է գործադրելու, դիմելու է մամլիչ գործողությունների: - Ի՞նչ տրամադրությամբ է թիմը մոտենում խաղին: - Մարտական: Բոլորն առողջ են եւ պատրաստ են պայքարել: - Քո ընտանիքը հյուրընկալվել էր Կարագանդայում: - Այո, կինս որդուս հետ ժամանել էր Կարագանդա: Այժմ մեկնում են Կիեւ, որտեղից էլ կվերադառնան Երեւան: - Ի՞նչ է տղայիդ անունը: - Էդգարը 8 ամսական է: Նրան անվանել եմ ի պատիվ իմ լավագույն ընկերների: Ի դեպ, նրանք 2-ն էլ ֆուտբոլիստներ են: Էդգար Մանուչարյանը հանդես է գալիս Եկատերինբուրգի «Ուրալում», իսկ Էդգար Մալաքյանը չեխական «Վիկտորիայի» ֆուտբոլիստ է, սակայն ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Բանանցում»: |