ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄՐՑԱՇԱՐԵՐԻՆ Այս օրերին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամները, որոնք նախապատրաստվում են առաջիկա 2 պատասխանատու մրցաշարերի: Սեպտեմբերին մեր երիտասարդ ծանրորդներին լուրջ քննություն է սպասում մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, իսկ հոկտեմբերին կայանալու է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանի գլխավորությամբ մեր ծանրորդներն ամենօրյա քրտնաջան մարզումներ են անցկացնումՙ հղկելով վարժությունների կատարման տեխնիկան: Արդեն հայտնի է, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են Սմբատ Մարգարյանը (56 կգ), գերծանրքաշայիններ Հրաչ Ղարիբյանն ու Հայկ Հակոբյանը, ինչպես նաեւ Գագիկ Գրիգորյանը: Իսկ Վանիկ Ավետիսյանը (60 կգ), Առաքել Միրզոյանը (69 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Տիգրան Կարապետյանը (85 կգ), Արամ Անդրիկյանը (94 կգ) եւ գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը կշարունակեն նախապատրաստվել աշխարհի մեծահասակների առաջնությանը: Օգոստոսի 30-ին ծանրորդները կվերադառնան Երեւան, որտեղ եւս մեկ հավաք կանցկացնեն մինչեւ աշխարհի առաջնության մեկնարկը: |