ՀԱԿԱՍԻՐԻԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՉԻ՛ ՓԼՈՒԶՎԵԼ Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ Երեկ, օրվա ընթացքում, միջազգային շրջանակներում հակասիրիական կոալիցիայի փլուզման մասին տարածված լավատեսական լուրերին հաջորդեց, արդեն երեկոյան, նախորդ օրերին տիրապետող հոռետեսությունը, թե, այնուամենայնիվ, Մ. Նահանգները, Ֆրանսիան, Թուրքիան եւ, անշուշտ, Իսրայելը ավելի քան վճռական են քիմիական զենքի առկայության ու կիրառման պատրվակով Սիրիային ռազմածովային եւ օդային հարվածներ հասցնելու իրենց ծրագիրը իրականացնելու գործում: Ցերեկվա լավատեսության պատճառը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի որոշումն էրՙ ո՛չ ռազմական գործողություններին: Նկատի ունենալով նախկին վարչապետ Թոնի Բլերի ստախոսությունները եւ հատկապես 2003 թ. իրաքյան խարդավանքը, խորհրդարանն արգելեց կառավարությանը ռազմական որեւէ քայլ ձեռնարկել Սիրիայի դեմ: Բրիտանական խորհրդարանի զույգ պալատներում հարցը դրվեց հստակ ու մեկինՙ ո՞րն է նպատակը հակասիրիական ռազմական հարվածների, ի՞նչ է շահում սիրիացի ժողովուրդը այդ հարվածներից եւ, երրորդ, ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ հարվածներից չեն օգտվի Ասադի վարչակարգի դեմ կռվող բազմատարր խմբավորումների մեջ ազդեցիկ տեղ գրավող Ալ-Ղաիդան եւ ահաբեկչական մյուս խմբերը: Եվ վարչապետ Կամերընի պերճախոսությունը այս անգամ բավարար չեղավ տարհամոզելու պատգամավորներին: Եվ նրա ռազմատենչ bravado-ն վերածվեց ափսոսանքի մրմունջի... Բրիտանացի պատգամավորների դիրքորոշումը հույս էր ներշնչել բոլորին, որ Մ. Նահանգների գլխավոր եւ հզոր դաշնակցի այդ հետքայլը ազդանշան է հակասիրիական կոալիցիայի փլուզման: Սակայն խաղաղասիրական շրջանակների այդ հուսադրման վրա սառը ցնցուղի տպավորություն թողեց, արդեն հետմիջօրեին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը, թե իր երկրի դիրքորոշումն անկախ է Բրիտանիայից եւ, խնդրին հաղորդելով ֆրանսիական ոճՙ քիմիական զենքի առկայության խնդիրը տեղափոխեց բարոյական հարթություն, խոստանալով պատժել Ասադի վարչակարգին... մարդասիրական նկատառումներով: Սակայն Սիրիային սպասվող դժխեմ ճակատագիրը ավելի հստակ ուրվագծվեց ավելի ուշ, արդեն գիշերը, երբ Մ. Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հանդես եկավ հստակ հայտարարություն-պատճառաբանությամբ, վկայակոչելով ամերիկյան հետախուզական ծառայությունների տվյալներն ու Օբամայի վարչակազմի եզրակացությունըՙ նախագահ Ասադի զորքերն են, նախօրոք ծրագրված գործողությամբ, քիմիական լիցքով հրթիռներ արձակել Դամասկոսի մոտ Ղոթայի շրջանում, սպանելով 1430 քաղաքացի, որոնցից շուրջ 400-ըՙ երեխաներ: Հանդես գալով բոցաշունչ ճառով, պետքարտուղարը շեշտեց, չսպասելով ՄԱԿ-ի տեսուչների այսօր հայտարարելիք եզրակացությանը, անգամ քամահրալից շեշտելով, որ տեսուչներին մանդատ չի տրված որոշելու, թե ո՞ր կողմից են արձակվել մահաբեր ռումբերը, ու նշելով նաեւ, թե կարիք չկա սպասելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եզրակացությանը, քանզի այնտեղ կրկին սպասվում է Ռուսաստանի «օբստրուկցիոնիստական» վետոն, եւ հստակ ու մեկին հայտարարեց, որ նման հարցերում Մ. Նահանգներն իր շահերից բխող անկախ որոշումներ առնելու իրավունք ունի, ապավինելով նաեւ իր հավատարիմ դաշնակիցներ Ֆրանսիայի, Թուրքիայի, Իսրայելի ու մյուսների օժանդակությանը: Նա խուսափեց Մեծ Բրիտանիայի անունը նշելուց ու բրիտանացիների մեծամասնության կարծիքի արտահայտիչ խորհրդարանի կեցվածքը մեկնաբանելուց, անգամ այդ կապակցւթյամբ ափսոսանք արտահայտելուց: Այսպիսով, ամերիկյան արմադան անհամբեր սպասում է նախագահ Օբամայի հրահանգին, այսինքնՙ տարածաշրջանային նոր աղետի... |