ՆՍՏԱՑՈՒՅՑ ՈՒ ՊԻԿԵՏ «ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ» ՏԱՐԱԾՔՈՒՄ Հ. Հ. Այսօրվանից բողոքի ակցիաներ կսկսվեն, որոնց նպատակն է ստիպել իշխանություններինՙ պահպանել 60-ականների ամենագեղեցիկ կառույցներից մեկըՙ «Փակ շուկան»: Թեպետ երկու տարվա պայքարը որեւէ արդյունք չի տվել, սակայն ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները չեն հուսահատվում. «Կպայքարենք մինչեւ վերջ եւ չենք հանգստանա, մինչեւ կառույցի նախկին տեսքը չվերականգնվի», հայտարարել են կազմակերպիչները: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, որ երկու տարի շարունակ շուկայի ճակատագրով դիմել է ամենատարբեր ատյաններին, այսօր խոստովանում է, որ իրենց բողոքներն ընդամենը գնացել, դեմ են առել «սեփականատեր» կոչված պատին ու հետ եկել: Նրա գնահատմամբՙ սեփականատերը առանց որեւէ հիմքի հանդես է գալիս ե՛ւ որպես պետական մարմին, ե՛ւ ճարտարապետ, ե՛ւ շինարարության վերահսկող ու նաեւ դատախազ: «Դա պետականություն չունենալու հետեւանք է», հավելում է նա: Թեպետ շուկան արդեն այլանդակված վիճակում է, սակայն ճարտարապետը հույս ունի, որ հանրության համախմբվածությամբ գուցե հուշարձանը հնարավոր լինի փրկել: «Մերոնք չեն սիրում սարքել: Մեր սեփականատերերը գերադասում են քանդել: Չեն հասկանում, որ ամեն քանդած շենքով քաղաքի դիմագիծն են աղավաղում: Թող օգտագործեն, բայց ինչո՞ւ անպայման քանդեն, մի՞թե չեն կարող առանց քանդելու շենքն օգտագործել»: Թե ով է ղեկավարում շուկայի վերականգնողական աշխատանքներըՙ հայտնի չէ: Քալաշյանը չի բացառում, որ հենց Ալեքսանյանն էլ ղեկավարում է: Նա կադրեր է տեսել, թե ինչպես է Ալեքսանյանը տանիքին կանգնած հրահանգներ տալիս, ի՞նչ անել, ինչպե՞ս անել: Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ հղում է անում օրենսդրությանը, որը թույլ է տալիս զրկել սեփականատիրոջը շուկայի սեփականության իրավունքից: Հայաստանը 2008-ին ստորագրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիան, որով պարտավորություն է ստանձնել պետական համակարգում ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի զրկել սեփականատիրոջը շահագործման իրավունքից, եթե վերջինս վնաս է հասցրել հուշարձանին: «Հուշարձանների մասին օրենքում ասվում է, որ եթե հուշարձանը շահագործողը կանխամտածված կամ ոչ կանխամտածված կերպով վնաս է հասցրել կառույցին, ապա նա զրկվում է շահագործման իրավունքից: Մշակույթի նախարարությունն այս օրենքն իրացնողն է եւ հուզիչ ու լացակումած հայտարարություններով հանդես գալու փոխարեն պետք է ամեն կերպ իրացներ օրենքի պահանջը», ասում է Պետրոսյանը: Թե ինչ կանեն մշակույթի նախարարությունն ու իրավապահ մարմիններըՙ ապագայի հարց է: Թեպետ կանխատեսելի է, որ եթե երկու տարի ոչինչ չեն ձեռնարկել, հիմա էլ լռություն ու անտարբերություն կպահպանեն: Նոր ձեւավորված «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնած բողոքի ակցիան կմեկնարկի այսօրՙ ժամը 12-ին շուկայի տարածքում: |