ԿՍՏԵՂԾՎԻ ԳՅՈՒՄՐՈՒ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի մասնագետները Գյումրու տարածքի էկոլոգիական իրավիճակի համալիր հետազոտություն կկատարեն: Հետազոտության արդյունքների հիման վրա մեկ տարի հետո հանրապետության երկրորդ քաղաքը կունենա էկոլոգիական քարտեզ եւ անձնագիր: Աշխատանքների մեկնարկից առաջ, օրերս տեղի է ունեցել հիշյալ լաբորատորիայի եւ Շիրակի մարզկենտրոնի քաղաքապետարանի աշխատակիցների հանդիպումը, որին մասնակցել է Գյումրու բնապահպանական տեղեկատվության «Օրհուս» կենտրոնի համադասող Գեւորգ Պետրոսյանը : «Դեռ անցած տարվա նոյեմբեր ամսին,- «Ազգի» թղթակցին ասաց «Օրհուս» կենտրոնի ղեկավարը,- մենք դիմել էինք նշված գիտական կենտրոնինՙ Գյումրիում հողի, ջրի, օդի երկրաքիմիական հետազոտություններ իրականացնելու խնդրանքով եւ ստացել նրա համաձայնությունը: Այնուհետեւ այդ աշխատանքներին բազմակողմանի աջակցության պատրաստակամություն է հայտնել նաեւ քաղաքապետարանը, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվական եւ այլ նյութեր»: Գ. Պետրոսյանի խոսքերով, 1988 թվականից այս կողմ Գյումրու տարածքում ռեժիմային ոչ մի մոնիտորինգ կատարված չէ: Այս աշխատանքների ընթացքում նախ քաղաքի տարբեր հատվածներում հողից հարյուրին մոտ նմուշներ են վերցվելու, որոնց մեջ ստուգվելու են մի քանի պարամետրերՙ մարդու առողջության համար վտանգավոր, շրջակա միջավայրի բաղադրիչների վրա բացասաբար ազդող ծանր մետաղների, իոնների քանակը եւ այլն, որոնք կբնութագրեն այդ շրջակա միջավայրի որակը: Կազմված քարտեզում ցույց է տրվելու, թե քաղաքի որ հատվածը ինչ նյութերով ու ինչ չափով է աղտոտված կամ մաքուր: Սա շատ լավ հիմք է հանդիսանալու, որ հետագայում կարելի լինի, օրինակ, իրականացնել Գյումրի քաղաքի տարածքի ֆունկցիոնալ կանաչապատման նախագիծ: Բացի դրանից, կատարվելու է ջրերի նախնական հետազոտություն, քաղաքի տարածքով հոսող երեք գետակներից վերցվել են նմուշներ մինչեւ քաղաք մտնելը, քաղաքի սահմաններում եւ այնտեղից ելքի հատվածներում, որոնց հետազոտությունը ցույց կտա, թե բնակավայրն ինչպես է ազդում իր տարածքով անցնող ջրերի, դրանց որակի վրա: Տարբեր տեամասերում վերցվել են նաեւ օդի նմուշներՙ այնտեղ փոշու պարունակությունը որոշելու համար: Եթե «Հայէկոմոնիտորինգ»-ի լաբորատորիան առ այսօր Գյումրի քաղաքի տարածքի միայն մեկ կետում է վերցնում օդի նմուշ, որը բավարար չէ, հիմա այս ծրագրով քաղաքի մի քանի տարածքներում են նմուշներ վերցվելու, որոնց հետազոտությամբ առավել հստակ կորոշվի այստեղ օդի աղտոտվածության մակարդակը: Քաղաքի տարածքի շրջակա միջավայրի համեմատաբար հստակ նկարագրի առկայությունը բազմաթիվ գործնական խնդիրներ ավելի ճիշտ լուծելու հիմք կարող է լինել: Գեւորգ Պետրոսյանի փոխանցմամբ, նման հետազոտություններից հետո Երեւան քաղաքի տարածքում, օրինակ, գյուղատնտեսական նշանակության հողերն ընդհանրապես հանվել են շրջանառությունիցՙ դրանց մեջ ծանր մետաղների քանակության պատճառով, որոշ մանկապարտեզների տարածքներում նույն խնդրով պայմանավորված մինչեւ իսկ շինարարական փոփոխություններ են կատարվել: Հուսանք, ասաց բնապահպանը, որ Գյումրիում մեր շրջակա միջավայրը բավական մաքուր է, ինչը կարող է այստեղ նաեւ զբոսաշրջության զարգացման խթան դառնալ: |