ԿՔՆՆԱՐԿՎԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԻՆ ՇԵՆՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ Հ. Հ. Ամիսներ առաջ «Ազգ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել է քաղաքապետարանին «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու թույլտվության համար: Ըստ կազմակերպության ներկայացրած փաստաթղթերիՙ շենքը պետք է քանդվի, քանի որ վնասված են կոնստրուկցիաները: Երեւանի քաղաքապետարանը մերժել էր կազմակերպության առաջարկությունը: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» կազմակերպությունը նշել էր նաեւ, որ 5-10 տարի անց ավելի են ընդլայնելու իրենց բիզնեսը, եւ հին մասնաշենքը կխոչընդոտի այդ հարցում: Երեկ «Ազգ»-ին Հանրային խորհդից տեղեկացրին, որ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կազմակերպել է քննարկում, որի օրակարգում օդանավակայանի հին շենքի հարցն է եղել: Քաղավիացիայի վարչությունը նամակ էր ուղղել Մանուկյանինՙ քննարկելու եւ գնահատական տալու հարցին: Քաղավիացիայի վարչության պետի առաջարկությամբ հարցը կքննարկվի նաեւ մասնագիտական լսարանում, այնուհետեւ կներկայացնի հանրային լայն քննարկմանը: Օդանավակայանը հիմնադրվել է 1964-ին, նոր շենքը նախագծվել է 1974-ին եւ շահագործման հանձնվել 1982-ին: |