RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013



Զարգացման առաջարկ

Տեղադրվել է` 2013-08-30 23:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1082, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԱՐՏԱՇԱՏԸ ԴԱՐՁՆԵԼ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԽԱՉԱՏՈՒՐ ՆԵՐՍԻՍՅԱՆ, Ոստան, Արարատի մարզ

Արտաշատը հարուստ է պատմամշակութային կենտրոններով, որոնք կարելի է դարձնել զբոսաշրջության վայրեր: Լավագույններից են պատմական Դվին մայրաքաղաքի ավերակները, որոնք գտնվում են Երեւան քաղաքից հարավ 25 կմ հեռավորության վրա, Հնաբերդ գյուղի վարչական տարածքի մեջ:

Դվինը արաբերենից թարգմանածՙ նշանակում է բլուր, բարձրությունը հասնում է 30 մ, մակերեսըՙ 4000 քմ: Այն հիմնադրվել է 4-րդ դարի 333 թ.ՙ Արշակունյաց Խոսրով Կոտակ թագավորի կողմից եւ կործանվել է 1236 թ.: Դվինի բլուրների վրա պեղումներից հայտնաբերվել է, որ 7000 տարի առաջ բնակելի տարածք է եղել, եկեղեցի, կաթողիկոսարանՙ 5-րդ դարի եւ պալատՙ 7-րդ տարի: Դվինը թանգարան ունիՙ հարուստ անտիկ շրջանի ցուցանմուշներովՙ ոսկե եւ արծաթե զարդերով, երկաթե զենքերով, մետաղադրամներով, կան կավե եւ հախճապակե ամաններ: Այս տարի լրացավ հիմնադրման 1680-ամյակը:

Պատմական Արտաշատը հիմնադրվել է Ք.ա. 189 թ.-ին Արտաշես արքայի կողմից: 2011-ին նշվեց քաղաքի հիմնադրման 2200-ամյակը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Հովհաննես եկեղեցին, որի բարձրությունը 35 մ է: Արտաշատի թատրոնը եւս հազարամյակների պատմություն ունի, Ք.ա. 53 թ. այնտեղ առաջին անգամ ներկայացվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» պիեսը: Թատրոնի շենքի առջեւ, ձախ եւ աջ կողմերում տեղադրված են Տրդատ 3-րդ (285-330) եւ օլիմպիական չեմպիոն Վարազդատ (385-389) թագավորների հուշարձանները:

Քաղաքն ունի հանրապետական նշանակության ֆուտբոլի մարզադաշտ, որտեղ տարբեր մարզաձեւերից մրցումներ են կազմակերպվում: 2011-ին այդտեղ ծառահատման ժամանակ ծառի կտրված մակերեսի վրա խաչապատկեր է նկատվել: Ըստ բնակիչների մեջ տարածված պատկերացումների, մոտակայքում խաչ է թաղված եղել:

Լանջազատը (Զովաշեն) ճանաչվում է իր հէկով, Ազատի ջրամբարով, «Զովաշենի անուրջներ» հանգստյան գոտիով եւ ձկնաբուծարանով: Գյուղատնտեսական հողերի ոռոգման նպատակովՙ 1974 թ. կառավարության միջոցներով կառուցվեց Ազատի ջրամբարը, որը զբաղեցնում է 300 հա տարածություն, տարողությունը 70 միլիոն խմ է, խորությունըՙ 73 մ, ոռոգում է Արտաշատի եւ Արարատի շուրջ 7000 հա հողատարածքներ: Ջուրը թափվում է 5 մ բարձրությունից եւ ձորում ստեղծում է մի հրաշք պատկեր, անզուգական մի գեղեցկություն: Գեղեցիկ է նրա համայնապատկերը, նրա հյուսիսարեւմտյան մասում գտնվող հանքային աղբյուրն ունի բուժիչ հատկություններ: Աղբյուրից դուրս եկող ջրի հոսքից քարերի վրա գոյացել են կարմրասպիտակ գույնի ծալքավոր ձեւավորումներՙ նման ծովի ալիքներին: Հեռվից նայելիսՙ նման է Ջերմուկի ջրվեժին: Այն հարուստ է ձկնատեսակներովՙ կողակ, իշխան, կարմրախայտ եւ այլն: Տարբեր տեղերից գալիս են ձուկ եւ խեցգետին որսալու:

1993-ին հիմնադրվեց «Զովաշենի անուրջներ» հանգստյան գոտին, որը զբաղեցնում է 2 հա տարածություն, բաժանված է ռեստորանային եւ հանգստյան համալիրների: Դրանց միջով հոսում է Ազատ գետը, կան բնաշխարհի գեղեցիկ ներկայացուցիչներՙ արջ, եղնիկ, փասիան, արծիվ, սագեր, բադեր, կռունկ, սիրամարգ, աղավնիներ: Տարածքներն աչքի են ընկնում դեկորատիվ եւ պտղատու ծառերի հարուստ տեսականիով:

Մրգավանը բնակատեղի է եղել մեզանից հազար տարի առաջ, գյուղի հարավումՙ Արտաշատ-Երեւան ավտոխճուղու ձախ կողմի բլրի վրա: Բնակատեղի Թեփե հարավային մասում, 19-20-րդ դարի գերեզմանոցում կան 12-13-րդ դարի 3 խաչքարեր:

Մրգավանն ունի Սուրբ Հակոբ եկեղեցին, որը կառուցել է համագյուղացի Անդրեաս Սարգսյանը 1901-1908 թվականներին, իսկ Մասիսի լանջի Ակոռի գյուղից բերված քարը դրվել է եկեղեցու հիմքում: 1936 թվականին խորհրդային կառավարությունը որոշում է քանդել եկեղեցին, սակայն մրգավանցիները հրաժարվում են քանդելուց, եւ եկեղեցին փրկվում է: Համագյուղացի Հովհաննես Ղազարյանի ներդրումների շնորհիվ պարսպապատվել է եկեղեցու շրջակայքը, կառուցվել է 100-տեղանոց մատաղատունՙ խոհանոցով, եկեղեցուն նվիրել է երգեհոն: Իսկ Մխիթար քահանա Ալոյանի նախաձեռնությամբ եւ տիկին Իսփեքյանի ներդրմամբՙ կառուցվել են Գարեգին Ա կաթողիկոսի հիշատակին նվիրված խաչքար-ցայտաղբյուրներ, որոնցից մեկը տեղադրված է եկեղեցու բակում, մյուսըՙ դպրոցի:

Ոստան համայնքի ղեկավար Հակոբ Խաչատրյանի աջակցությամբՙ գյուղապետարանի սենյակներից մեկում մեր կողմից 2005-ին հիմնադրվեց պատմության թանգարան, որտեղ կան 160 տեսակի ցուցանմուշներ, Հայրենական եւ Արցախյան պատերազմների նահատակների, գյուղի կրթամշակութային կյանքի գյուղատնտեսության, սպորտի վերաբերյալ տվյաներ, արխիվային նյութեր, պատրաստված է գյուղի եւ երկաթուղային կայարանի մանրակերտը:

Շահումյան գյուղի բնակիչ Գրիգորը իր սեփական տան մի մասը դարձրել է թանգարան, որը հարուստ է բազմատեսակ հնաոճ եւ նոր ցուցանմուշներով, իսկ դրսում, ջրատարի մեջ, կառուցել է հին շինություններ: Այս գեղեցկությունը տեսնելու համարՙ շատերն են այստեղ գալիս:

Աշխարհում համանման ջուր կա միայն Գերմանիայում: Եթե այն նորից գործարկվի, Ջերմուկի նման ճանաչում ձեռք կբերի:

Կանաչուտ գյուղի տարածքը բնակեցված է եղել մեզանից 1500 տարի առաջ: Ըստ ավանդության, Կանաչուտում ապրել է օտարազգի Հասան աղան, որը սիրահարվել է մի հայ օրիորդի: Աղջիկը Հասանի հետ ամուսնանալու համար պայման է դնում կառուցել եկեղեցի, որտեղ կարողանա աղոթել: Եկեղեցին սկսում են կառուցել եւ երբ հասնում են երրորդ շարքին, աղջիկն առաջարկում է այն շարել կարմիր քարերով, պատճառաբանելով, թե Հասանն իր խոսքի տերը չի լինելու եւ ստիպելու է իրեն կրոնափոխ լինել, իսկ ինքը չի համաձայնելու, ուստի մահապատժի կենթարկվի: Այդպես էլ լինում է, Հասանը սրով երկու կես է անում աղջկան: Շատերը գյուղը «դոխ(կ)ուզ» են անվանումՙ ինը, աղջիկը այդպես էլ Հասանի 9-րդ կինը չդարձավ:

Ըստ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի «կարմիր գոտի» բաժնիՙ Կըզըլկշլաղ եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում եւ եղել է երկհարկանի: Սակայն եկեղեցուց այսօր միայն ավերակներ են մնացել, այն մինչեւ հիմա գործում է եւ ժողովրդի շրջանում հայտնի է որպես «կապույտ հազ» հիվանդության բուժման վայր:

Կանաչուտն ունեցել է Սուրբ Գեւորգ եկեղեցինՙ կառուցված 1838-ին: 2007-ին գյուղի բնակիչ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը վերակառուցեց եկեղեցին, որի համար Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակով նրան շնորհվեց «Ներսես Շնորհալի» պատվավոր շքանշանը:

Գետազատի տարածքում մարդկային բնակության հետքերը տեսանելի են եղել հնագույն ժամանակներից: Գյուղից արեւելք, 1,5 կմ հեռավորության վրա գտնվող բլրին կան հնագույն ամրոցի հետքերՙ «Աղջկա բերդ» անվանմամբ: Բլրի արեւելյան եւ արեւմտյան լանջերում կա քարանձավների շարքՙ «Թագավորի տաշտ», «Թագավորի պալատ» անուններով: Հնագետները դրանք վերագրում են նոր քարե դարի ժամանակաշրջանին: «Աղջկա բերդ» կոչվածը եղել է անասնապահական ձմեռանոց, որտեղից հայտնաբերվել են թրծած կավից պատրաստված զանազան իրերի բեկորներ, ջրատար խողովակների կտորներ: Հնագետները համոզված են, որ Գեղամա լեռների սառնորակ աղբյուրների ջրերը նման խողովակներով տարվել են Դվին մայրաքաղաք եւ Միջնաբերդ:

Ազատավանի ջրաբուժարանը գտնվում է Բուրաստանի վարչական տարածքում (3000 քմ): 1973 թ. նավթ որոնելիս 2638 մ խորությունից դուրս է եկել բարձր խտությամբ հանքային ջուրը (37,6 գրամ, ջերմությունըՙ 42):

Ջրաբուժարանի շենքը կառուցվել է Արտաշատի շրջխորհրդի գործկոմի ֆինանսական միջոցներով: Ներկայումս անմխիթար վիճակում է, գործել է 15 տարի, մինչեւ 1988 թ.: Ջրաբուժարանը բուժում է նյարդային հիվանդություններՙ ռադիկուլիտ, իշիազ, նեւրոզ, նեւրիտ, խպիպ/զոբ, հոդացավեր, նյութափոխանակության խանգարումներ, մաշկային որոշ հիվանդություններ:

Իսկ երբ Արտաշատը զբոսաշրջության կենտրոն դառնա, բնականաբար, նոր աշխատատեղեր կբացվեն, արտագաղթը կնվազի:

Արտաշատը զբոսաշրջության կենտրոն դառնալու համար անհրաժեշտ է վերագործարկել խորհրդային իշխանության ժամանակ կառուցված ասֆալտապատ ճանապարհը, որը քանդվել է, այն կապ էր ստեղծում Երեւան-Գառնի գնացող ճանապարհի հետ: Այդ ժանապարհով Արարատի մարզը կապվում է Կոտայքի մարզին:

Այդ ճանապարհը, որը սկսվում է Զովաշենից, ունի մեծ նշանակությունՙ

ա) ռազմավարական,

բ) ճանապարհը կրճատվում է 30-35 կմ (Արտաշատ-Երեւան-Գառնի),

գ) Երեւանը տրանսպորտային միջոցներից կբեռնաթափվի,

դ) զբոսաշրջիկները Երեւանից Գառնի գնացող ճանապարհով Արտաշատ գալու դեպքում կտեսնեն Ազատ գետը, Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը, Ազատի ջրամբարը, «Զովաշենի անուրջներ» հանգստյան գոտին եւ այլն: Արարատի մարզպետարանը կարող է հող հատկացնել Մասիսի-Նոյի տապանի հայացքի ներքո զբոսաշրջույթը կենտրոն կառուցելու համար:

Նկար 1. Շահումյան գյուղի թանգարանը դրսում

Նկար 2. Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին

Նկար 3. Հին Դվին քաղաքի ավերակները

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ