ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ ԵՆ «ՄՈՒԹ ՈՒ ԼՈՒՍ ԱՇԽԱՐՀԻ» ԴՌՆԵՐԸ Առաջին անգամ Հայաստանի թանգարանային պատմության մեջ` Հ. Թումանյանի տուն-թանգարանում ստեղծվել է 3D տեխնոլոգիայով կահավորված սրահ Ռալֆ Յիրիկյանի ընտանիքի հանգանակությամբ Հ. Թումանյանի տուն-թանգարանում բացվել են «Մութ ու Լուս աշխարհ» սրահի դռները: 3D տեխնոլոգիայով կահավորված սրահում փոքրիկ այցելուները կարող են դիտել «Ձախորդ Փանոսը» հեքիաթը եւ ակամայից մասնակից դառնալ դրա գործողություններին: «Ձախորդ Փանոսը» «Մութ ու Լուս աշխարհում» ներկայացված առաջին անիմացիոն ֆիլմը կլինի, որին ժամանակի ընթացքում կավելանան հեքիաթային այլ «աշխարհներ»: «Մութ ու Լուս աշխարհ» սրահի կահավորման եւ անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար Յիրիկյան ընտանիքը հանգանակել է 10000 ԱՄՆ դոլար: Սրահի շնորհանդեսի հանդիսավոր բացումը կատարեցին Նարեկ եւ Սարին Յիրիկյանները եւ նրանց հյուրերը` Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի սաները: «Մեր ընտանիքի` մասնավորապես Նարեկի եւ Սարինի մաղթանքն է բոլոր մանուկներին, որ նրանց մեջ հավերժ ապրի հեքիաթը. եթե մարդը հավատում է հրաշքների, ուրեմն նա բարի, լավատես եւ արդար է: Մենք ուրախ ենք, որ երեխաներն այժմ կարող են դիտել Թումանյանի` խորը իմաստ կրող հեքիաթները նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչն էլ ավելի տպավորիչ եւ հիշվող կլինի նրանց համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Ի դեպ, Հ. Թումանյանի տուն-թանգարանը թողարկել է «Մութ ու Լուս աշխարհի» 100 դրամ արժողությամբ բարեգործական տոմսակներ, որոնց վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամին: |