ՕԶԲԻԼԻՍԻ ԵՎ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ԳՈԼԵՐՆ ԷԼ ՉՕԳՆԵՑԻՆ «ՍՊԱՐՏԱԿԻՆ» Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ 2-4 հաշվով սենսացիոն պարտություն կրեց շվեյցարական «Սանկտ Գալենից» ու չկարողացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր նվաճել: Շվեյցարիայում Յուրա Մովսիսյանի խփած գոլի շնորհիվ խաղն ավարտելով ոչ-ոքի (1-1), «Սպարտակը» հիանալի հնարավորություն էր ստացել Մոսկվայում լուծելու հաջորդ փուլի ուղեգրի հարցը: Մոսկովյան հանդիպումն էլ շատ հաջող սկսվեց սպարտակցիների համար, որոնք արդեն 1-ին րոպեին Արաս Օզբիլիսի դիպուկ հարվածի շնորհիվ բացեցին հաշիվը: Թվում էր, թե «Սպարտակը» հեշտությամբ կհաղթի մրցակցին, սակայն հետագայում շվեյցարացիները խառնեցին բոլոր խաղաքարտերը: Մինչեւ ընդմիջման գնալը հյուրերը 3 անգամ գրավեցին «Սպարտակի» դարպասը: Ընդմիջումից հետո խաղադաշտ մտած Յուրա Մովսիսյանը խաղավարտից 7 րոպե առաջ կրճատեց հաշվի տարբերությունըՙ 2-3, սակայն հյուրերը 4-րդ գնդակը խփեցին: Այսպես Օզբիլիսի եւ Մովսիսյանի խփած գոլերը չօգնեցին «Սպարտակին»: Իսկ ահա ռուսական մյուս 2 ակումբները հաջող խաղացին եւ խմբային մրցաշարի ուղեգիր նվաճեցին: «Կուբանը», որ առաջին խաղում սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել էր հոլանդական «Ֆեենորդին», հյուրընկալվելիս էլ առավելության հասավ (2-1): Թեեւ արդեն 7-րդ րոպեին Պելլեն առաջ մղեց դաշտի տերերին, սակայն հետագայում «Կուբանը» 2 գոլ խփեց ու հաղթեց: Կազանի «Ռուբինն» էլ կրկին հաղթեց նորվեգական «Մոլդեին»ՙ այս անգամ 3-0 հաշվով: Հաջող ելույթներ ունեցան Ուկրաինայի ներկայացուցիչները, որոնք խմբային մրցաշարի ուղեգիր նվաճեցին: Կիեւի «Դինամոն» պատասխան խաղում, սեփական հարկի տակ հաղթեց ղազախական «Ակտոբեին» (5-1): «Դնեպրն» էլ 2-րդ հաղթանակը տոնեց Էստոնիայի «Նիմե Կալյուսի» նկատմամբ (2-0): «Չեռնոմորեցին» ուղեգիրն ավելի դժվարին պայքարում բաժին հասավ: Թիմը հյուրընկալվելիս զիջեց ալբանական «Սկենդերբեուին», որին առաջին խաղում նույնպիսի հաշվով հաղթել էր: «Չեռնոմորեցը» հաղթեց հետխաղյա 11 մ հարվածներով: Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների թիմերից խմբային մրցաշարի ուղեգիր նվաճեց նաեւ Տիրասպոլի «Շերիֆը», որը 2 խաղերի ընդհանուր արդյունքով առավելության հասավ սերբական «Վոյվոդինայի» նկատմամբ (1-1, 2-1): Պայքարից դուրս մնացին վրացական 2 թիմերը: Թբիլիսիի «Դինամոն», որ սեփական հարկի տակ 0-5 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել «Տոտենհեմից», պատասխան խաղում էլ 3 անպատասխան գնդակ ընդունեց իր դարպասը: Գորիի «Դիլան» 2-րդ պարտությունը կրեց «Ռապիդի» հետ մրցավեճում (0-3): Ադրբեջանի միակ ներկայացուցիչ «Ղարաբաղն» էլ չկարողացավ հաղթահարել գերմանական «Այնտրախտի» դիմադրությունը (0-2, 1-2): |