ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԸ` ՃՇԳՐԻՏ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ Ի. Պ. Սեպտեմբերի 3-ը Հայաստանի եւ Արցախի միացյալ քարտեզի օրն էր: Երկու հանրապետությունների միասնական քարտեզը տարածելու նախաձեռնությունը մի քանի տարի առաջ սկսվել է անհատների մակարդակով, իսկ այսօր տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն ասում է` արդեն հասել են նրան, որ Հայաստանի ու Արցախի սխալ պատկերված քարտեզ տեսնելիս մարդիկ ինքնակամ են պահանջում փոխել եւ ճիշտ պատկերել: Երեկվա ասուլիսի ժամանակ Տիգրան Քոչարյանը նշեց, որ հեռուստաընկերություններից առաջինն ԱԼՄ-ի եթերով ցուցադրվեց միասնական քարտեզը, ապա մյուս հեռուստաընկերությունները փոխեցին, իսկ վերջինը Հ2-ն էր, որ սկսեց ցուցադրել արդեն միասնական քարտեզը: Տիգրան Քոչարյանն ասում է` միասնական քարտեզը նաեւ կարեւոր է նրանով, որ ամեն հայ հասկանա, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է, նույնիսկ ազատագրված տարածք արտահայտությունը կարելի է դուրս հանել կիրառումից, քանի որ այդ տարածքներն Արցախինն են, հետեւաբարՙ Հայաստանի անբաժան մասը: Միացյալ քարտեզի շնորհիվ առաջինը հայ մարդն է կարողանում հստակ պատկերացնել եւ իմանալ Արցախի սահմանները, ապա նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկները, որոնք երբեմն սխալ պատկերված քարտեզների պատճառով վախենում էին այցելել Արցախ: Տիգրան Քոչարյանն ասում է, որ միասնական քարտեզի տարածման գործում ներառված են եղել բազմաթիվ մարդիկ, սակայն սկզբնական ճանապարհը հեշտ չի եղել. «Կար վախի ահավոր մթնոլորտ. մտածում էին` եթե ճիշտ քարտեզը ցուցադրեին, ապա Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կձերբակալեին իրենց»: Բայց ժամանակի ընթացքում հաղթահարվեց վախի մթնոլորտը, եւ հիմա սխալ քարտեզի դեպքում սկսվում է տեղեկատվական գրոհ, որպեսզի փոխվի այն: Տեղեկատվական անվտանգության մասնագետը հավելում է, որ տեղեկատվական պայքարն ամենօրյա պայքար է, եւ հետագա քայլերից մեկը ինտերնետային որոնողական համակարգերի հետ աշխատելն է, որպեսզի որոնողական համակարգերն էլ ժամանակի ընթացքում տեղադրեն Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միացյալ քարտեզը: |