ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԿԿԱՅԱՆԱ «Amadeus» ՓԱՌԱՏՈՆԻ ԲԵՄՈՒՄ «Արմենպրես» Երիտասարդ կոմպոզիտոր Արթուր Աքշելյանի «Միհր 2-րդ» ստեղծագործության պրեմիերան կկայանա սեպտեմբերի 5-ին կամերային եւ սիմֆոնիկ երաժշտության հեղինակավոր «Amadeus» փառատոնի շրջանակներում: Երկը կկատարեն Namascae Lemanic Modern նվագախումբը եւ դիրիժոր Վիլյամ Բլանկը: «Amadeus» դասական երաժշտության փառատոնն ամեն տարի անցկացվում է Ժնեւին մերձ Տուվիեր կոչվող վայրում: Այս տարի փառատոնը մեկնարկել է օգոստոսի 29-ին եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 7-ը: Միջոցառմանն արդեն հասցրել են մասնակցել բազմաթիվ կամերային նվագախմբերՙ աշխարհի տարբեր երկրներից: «Փառատոնին կհնչի ութ կատարողի համար գրված գործս, որը վերջացրել եմ այս տարվա հուլիսին: Այն անվանել եմ «Միհր 2-րդ», անվանումը կապված է հայկական դիցաբանության հետ: Նախնական գաղափարը ձեւավորում է սեփական ինքնագիտակցությունը, եւ աստիճանաբար առաջանում է այն հուզական դաշտը, որտեղ տարբեր գործընթացներ են ի հայտ գալիս: Այնուհետեւ սկսվում են կոմպոզիտորական բազում փնտրտուքներըՙ բովանդակության ստեղծումը, միջոցները, որոնք կհամապատասխանեն քո լսածին: Տվյալ դեպքում փորձել եմ գտնել հնարավորինս պարզ կոնցեպտներ, որոնք ամբողջ ընթացքում կաշխատեն հօգուտ գործի: Ինչպես նաեւ կիրառել եմ տարրեր ժամանակակից երաժշտության տարբեր դպրոցներիցՙ հարմոնիկ, երաժշտական եւ ձայնային ամբողջություն ստեղծելու համար», «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արթուր Աքշելյանը: Երիտասարդ կոմպոզիտորը վերջերս գրեց Կոնցերտ թավջութակի եւ նվագախմբի համար` որպես դիպլոմային աշխատանք, որը սեպտեմբերի 27-ին կհնչի Ժնեւի կոնսերվատորիայի նվագախմբի կատարմամբ: Արթուր Աքշելյանը ծնվել է 1984 թ. Երեւանում: 2007-ին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 2008-ին ընդունվել է Ժնեւի Երաժշտական բարձրագույն դպրոցը եւ տեղափոխվել Շվեյցարիա: Մասնակցել է կանադական Domaine Forget եւ անգլիական Arditti քառյակի մասնագիտացված դասընթացներինին: |