ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍԵՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՄՐՑԱԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել սեպտեմբերի 6-ին Պրահայում չեխերի հետ կայանալիք ընտրական մրցախաղին: Հավաքականի առաջին բաց մարզմանը ներկա չէր Հենրիխ Մխիթարյանը, որը դեռ չէր ժամանել Երեւան: Մարզվողների թվում էր նաեւ պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որը վնասվածքի պատճառով չէր մասնակցել «Ակտոբեի» վերջին հանդիպմանը: Երեւանում Ռոբերտը բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել էր, որ վնասվածքը լուրջ չէ: Եթե Արզումանյանը հասցնի լրիվ ապաքինվել, ապա կմասնակցի չեխերի հետ հանդիպմանը: Ի դեպ, Արզումանյանի խաղը գրավել է ռուսական թիմերիՙ «Անժիի», «Վոլգայի» եւ «Կռիլյա Սովետովի» մարզիչների ուշադրությունը: Նրանց դուր է եկել հայ ֆուտբոլիստի խաղը Եվրոպայի լիգայի մրցաշարում Կիեւի «Դինամոյի» հետ մրցախաղում: Բաց մարզումից հետո հավաքականի 3 անդամներըՙ Ռոման Բերեզովսկին, Յուրա Մովսիսյանն ու Լեւոն Հայրապետյանը հանդիպել են լրագրողներին: Ռոման Բերեզովսկի - Եթե նկատել եք, մենք ընտրական այս մրցաշարում դեռ օպտիմալ կազմով չենք խաղացել. մշտապես եղել են վնասվածք ունեցող եւ որակազրկված ֆուտբոլիստներ: Կարծում եմ, որ հենց դա էր մեզ խանգարում ավելի շատ հաղթանակներ տոնելու: Հավաքականի ֆուտբոլիստների համար շատ կարեւոր է խաղային պրակտիկա ունենալը: Ինձ համար կարեւոր էր, որ «Դինամոյի» կազմում 3 խաղ անցկացրեցի: Յուրա Մովսիսյան - Բոլորին էլ քաջ հայտնի է, թե ինչպիսի ներուժ ունեն չեխերն ու դանիացիները: Երկուսի դեմ էլ խաղացել ենք, տարբեր արդյունքներ են գրանցվել: Առաջիկա խաղերը շատ բարդ են լինելու մեզ համար: Պետք չէ սպասել, որ Չեխիային հեշտությամբ կհաղթենք: Ոչ ոք թող չսպասի, որ Դանիային էլ այստեղ 8 գնդակ ենք խփելու, քանի որ մրցակցի հարկի տակ հաղթել ենք 4-0 հաշվով: Ակումբում մեր ելույթները չեն կարող ազդել հավաքականում մեր ցուցադրած խաղի որակի վրա: Ուրիշ երկրների ֆուտբոլիստների համար հավաքականն այն նշանակությունը չունի, ինչ մեզ համար Հայաստանի հավաքականը: Մենք խաղում ենք հավաքականի պատվի, մեր ծնողների համար: Հավաքականում լավ մթնոլորտ է տիրում: Ալբանիայի հավաքականը թույլ թիմ չէր: Կարելի է շատ պատճառներ գտնել, թե ինչու պարտվեցինք: Այդ խաղում կարեւոր ֆուտբոլիստներ էին բացակայում: Այսօր թեկուզ մեկ ֆուտբոլիստի բացակայությունը հավաքականում շատ է զգացվում: Լեւոն Հայրապետյան - Ես երկար ժամանակ չեմ խաղացել, սակայն իմ թիմում անհատապես մարզվում էի, որպեսզի մարզավիճակս պահպանեմ: Այժմ էլ ձգտում եմ, որ ավելի լավ խաղամ: Ինչ խոսք, հավաքականում դժվար է յուրաքանչյուր խաղում տարբեր կազմով հանդես գալը, քանի որ ֆուտբոլիստները պետք է միմյանց հասկանան, հատկապես պաշտպանությունում: Իմ կարծիքով, չեխերի հետ պետք է փորձենք խաղալ այնպես, ինչպես խաղացինք Դանիայի հետ: Հարկավոր է հավաքվել ու գործել մեկըՙ բոլորի, բոլորըՙ մեկի համար սկզբունքով: |