RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10 > #151, 2013-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #149, 07-09-2013



Գյուղատնտեսություն

Տեղադրվել է` 2013-09-06 23:28:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1233, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՀՀ ՊԱՐԵՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆՙ ԾԻՐԱՆԻ ՈՒ ՏՈՄԱՏԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ՀՀ-ում արձանագրված 9,3 տոկոս գնաճի 9,2 տոկոսը պարենմթերքներում է

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում էական դեր չունեցող ոչխարաբուծության ոլորտի ծավալման վերաբերյալ ոչ նպաստավոր հրապարակումներ հաճախ են տպագրվում: Այսօրինակ քննարկումներն սկսվել են դեռ նախորդ դարի 70-80-ական թվականներին, երբ ՀՍՍՀ-ում այս գլխաքանակը գրեթե 2,5 մլն էր, որպիսի ցուցանիշը մասնագիտական միտքը էապես աննպատակահարմար գտավ: 1988-ին արդեն գլխաքանակը 1,7 մլն էր, 1990-ինՙ 1,3 մլն: Գլխաքանակի նման կտրուկ նվազումը, տարեթվերը նկատի ունենալով, բոլորովին էլ կախված չէր ինչ-ինչ գործընթացներից, որը ոմանք փորձում են կապել կոլեկտիվ ու սովետական տնտեսությունների լուծարման ու հողերի սեփականաշնորհման հետ: Նկատում եք, որ մանր եղջերավորի գլխաքանակի նվազում արձանագրվել է անգամ 1985-ին սկսված մասնավոր գործարարության խթանման ժամանակաշրջանում: Հարցը դիտարկելով ԽՍՀՄ կազմում գտնվող հանրապետությունների առումով նկատում ենք հետեւյալ համամասնությունը. 1987-ին երկրում պահվող 150 մլն մանր եղջերավորի 65 մլն-ը գտնվում էր միջինասիական հանրապետություններում եւ հազիվ 400 հազարը Մերձբալթիկայում: 2010-ին Միջին Ասիայի 5 երկրներում մանր եղջերավորի գլխաքանակը 60 մլն էր, մերձբալթյան 3 պետություններումՙ ընդամենը 220 հազար:

Խնդիրը դիտարկենք հարեւան Թուրքիայի օրինակով: 1983 թվականին այս երկրի բնակչությունը 45 մլն էր, պահվող այծերի ու ոչխարների գլխաքանակըՙ 67,5 մլն: Մոտ 30 տարի անց բնակչությունը կազմում է 80 մլն, մանր եղջերավորըՙ հազիվ 26 մլն: Կարծում եմՙ որեւէ մեկը կասկածի տակ չի առնի այն գնահատականը, որ վերջին 3 տասնամյակներին այս երկրի տնտեսությունը աննախադեպ զարգացել է, որի ապացույցն է նաեւ Հայաստանի միգրանտների հայտնվելը մեզ համար ոչ այնքան բարյացակամ հարեւանի տարածքում:

Վերցնենք երկիր մոլորակի գերհզոր տերությանՙ ԱՄՆ-ի վիճակագրությունը այս ոլորտում: Հեռավոր 1900-ականներին, մանր եղջերավորների գլխաքանակի աճի համար գրեթե անսպառ հնարավորություն ունեցող 80 մլն բնակչության հաշվով պահվել է 50 մլն այծ ու ոչխար: 2010-ին թվերը հետեւյալն ենՙ բնակչությունըՙ 308 մլն, մանր եղջերավորըՙ 5,5 մլն. Բնակչության քառակի աճի պայմաններում մանր եղջերավորի գլխաքանակը նվազել է մոտ 10 անգամ: Համանման գործընթացների հանդիպում ենք բազմաթիվ այլ երկրների վիճակագրությանը ծանոթանալիս, թեեւ կան նաեւ 1-2 արտառոց բացառություններ. ասենք, 10,7 մլն բնակիչ ունեցող Հունաստանում մանր եղջերավորի գլխաքանակը 14 մլն է, որի ազդեցությունը երկրի տնտեսության վիճակի վրա կարող են տալ թերեւս տնտեսագետները: 28 մլն գլուխ այծ ու ոչխար են պահում 3 մլն բնակչությամբ Մոնղոլիայում, որի տնտեսությունը նույնպես օրինակելի չես համարի: Ավստրալիայի 22 մլն բնակչության համեմատ մանր եղջերավորի գլխաքանակը 68 մլն է. միայն թե նկատենք, որ 10 տարի առաջ այս թիվը 115 մլն էր:

Մի երեւույթի մասին էլ ընթերցողին տեղեկություն տանք: ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը իր տարեկան հաշվետվություններում մշտապես ընդգրկում է աշխարհում տավարի, խոզի ու հավի մսի արտադրությունները, որոնք աննախադեպ աճում են. օրինակՙ հավի միսը վերջին 10 տարում 68 մլն տոննայից հասել է 98 մլն տոննայի, խոզինը 109 մլն տոննա է, որը Երկիր մոլորակի 1 բնակչի հաշվով կազմում է 14 կգ: Ինչ-ինչ շարժառիթներով այս մսատեսակից չօգտվողներին հանելու պարագայում 1 բնակչի հաշվով տարեկան սպառումը կազմում է մոտ 20 կգ: Հայաստանում արտադրվող թե հավի, թե խոզի մսի արտադրությունը մեզնից յուրաքանչյուրի հաշվով տարեկան 2-ական կգ է, այն էլ, աշխարհի չորս կողմերից Հայաստան ներկրվածի համեմատ կրկնակի թանկ: Ներմուծվող հումքատեսակներից պատրաստվող հայաստանյան արտադրանքն իր հերթին այնպիսի գնով է վաճառվում, որ շատ դեպքերում հասու չէ անգամ միջին խավին, չհիշելով պաշտոնապես աղքատ 1,5 մլն մարդկանց մասին:

Մի այլ դիտարկում: Ոչխարի մսի մասին, ինչքան էլ ոմանց համար տարօրինակ լինի, ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հաշվետվություններում ոչինչ չի ասվում: Պետք է կարծել, որ դա պայմանավորված է այս մսատեսակի հանդեպ պակաս հետաքրքրությամբ, այլապես համաշխարհային ընդգրկում ունեցող այս կառույցի համար համապատասխան վիճակագրության ծավալումը որեւէ խնդիր չի ներկայացնում:

Ինչպիսի վիճակ է Հայաստանի Հանրապետությունում եւ ինչու է կարիք առաջանում կրկին անդրադառնալու այս խնդրին: Վերջին տարիներին հրապարակվեցին ուսումնասիրություններ, որոնցում համաշխարհային փորձի փաստարկմամբ հիմնավորումներ կան, թե ինչու ՀՀ պարենային ապահովության եւ դրա առանցքը կազմող գյուղքաղաքականությունում նպատակահարմար չէ չափից ավելի ոգեւորվել երկրում ոչխարաբուծության զարգացմամբ: Հիմնավորումների թվում են կենդանու արոճի առանձնահատկությունները, ցածր մթերատվությունը, հայերիս մեջ ոչխարի մսից պատրաստվող ճաշատեսակների հանդեպ սակավ հետաքրքրությունը եւ այլ գործոններ: Կարծիք է կազմավորվում, որ մեր կենցաղն իր ուղղորդումներն ընտրել է եւ հարկ չկա այստեղ պետական քաղաքականություն իրականացնելու: Վերջին տարիներին ՀՀ-ում պահվող 500-600 հազար մանր եղջերավորի գլխաքանակը առաջարկ-պահանջարկի արդյունքում դեռեւս կազմավորված չէ: Այն մոտեցումը, թե այս մսատեսակի կգ-ի գինը մեզանում զգալի բարձր է, որն էլ սպառման խոչընդոտ է, նշենք, որ գները բարձր են նաեւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, եւ այս հանգամանքը չէ, որ արգելակում է մսատեսակի լայն սպառումը, այլ դրա առանձնահատկությունը:

Այսօրինակ պայմաններում յուրօրինակ պետք է համարել գյուղոլորտի թիվ 1 պատասխանատու, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի օրերս հնչեցրած այն հայտարարությունը, թե մեր արոտավայրերը հնարավորություն են տալիս կրկնապատկել-եռապատկելու ոչխարի գլխաքանակը, որը հարկ է ընդունել 1,5 մլն գլուխ ոչխար պահելու հանձնարարական: Նման պահանջը նորություն չէ: Դեռեւս 2003 թվականին կազմված «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն»-ում, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից, մինչեւ 2015 թվականը նախատեսվում էր 1,5 մլն ոչխարի գլխաքանակ, ասել է թե հիմա պետք է ունենայինք 1,3 մլն, երբ փաստացի դրա կեսն էլ չկա: Նվազումը ոչ մի կապ չունի վերջին 1-2 տարում արձանագրված արտահանման հետ, այլ առավելապես պայմանավորված է անասնատեսակի ցածր մթերատվությամբ: Հիշյալ ռազմավարության եւ ոչ մի ցուցանիշ մինչ օրս չի կատարվել, որի արդյունքում է նաեւ, որ ՀՀ-ն շարունակում է հիմնական պարենային ապրանքների, առաջնահերթը կաթի ու մսի խոշոր ներկրումներ իրականացնել: Եվ սա այն դեպքում, երբ երկրի 340 հազար գյուղացիական տնտեսությունների, 900-ից ավելի գյուղական համայնքների բացարձակ մեծամասնությունում գերիշխում է աղքատությունը, տարրական պայմաններ չկան ենթակառուցվածքներում, գյուղական արտագաղթը սպառնալի չափերի է հասել, իսկ մեր խոհանոցներում պատրաստվող սննդատեսակները հիմնականում ներմուծվող հումքից են: Ողբերգությանը հատուկ այս վիճակը մեկ հիմնական բացատրություն ունի. ոլորտի բարձրագույն իշխանություն համարվող, քաղաքացիների ու հարկատու կառույցների հարկերով պահվող պետական մարմինը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իր մաս հանդիսացող գյուղատնտեսության աջակցության հանրապետական ու մարզային կառույցները, գիտական կենտրոնները, ոլորտի այլ գերատեսչությունները չեն կատարում երկրի հանդեպ իրենց հիմնական պարտավորությունըՙ ՀՀ բնակչության ապահովումը առաջնահերթ անհրաժեշտ պարենմթերքներովՙ միս-մսամթերքներով, կաթ-կաթնամթերքներով, կենդանական ու բուսական յուղերով: Յուրաքանչյուր երկրում հիմնահարց համարվող այս ոլորտները գերակա դասելու փոխարեն մեզանում նախապատվությունը տրվում է բանջարաբոստանային ու այգեգործական համեմատաբար ռիսկային բաց դաշտավարությանը, արտահանումն առաջնահերթ դասելուն, երբ հայ հողագործի աշխատանքը պարբերաբար աղետի է ենթարկվում: Այս վիճակին հիմա էլ ավելանում է ոչխարաբուծության հանդեպ նախարարության հետաքրքրությունը, որը դրսեւորվեց գյուղոլորտի բարձրագույն պաշտոնյաների հերթական այցով. իրանցի գործարարի կողմից Սյունիքում սպանդանոցի կառուցումը, ուր օրվա ընթացքում 600 մանր եղջերավորի մորթ է նախատեսվում, առավել քան տարօրինակ է, քանզի հիշեցնում է Ախուրյանում տարեկան 230 հազար տոննա շաքարի արտադրության գործարանի ճակատագիրը, երբ հումքը բացակայում է: Դժվար է պնդել, որ գործարարի խորհրդատուները ՀՀ-ում ոչխարաբուծության հարցում նրան լավագույն տեղեկատվություն են տվել: Չէ որ պարզ չէ ՀՀ-ում պահվող ոչխարների իրական գլխաքանակը, դրանցում մաքիների ճշգրիտ թիվն ու սերնդատվությունը, գառների կայուն քաշաճի համար անհրաժեշտ կերերը, այլ հարցեր: Իսկ գուցե գլխաքանակի աճ նախատեսվում է նաեւ սովահար գայլերի ոհմակների՞ համար. սա, իհարկե, կեսկատակ:

Ի դեպ, հայտնի չէ նաեւ, թե որտեղից է վերցվել 1,3 մլն հա արոտավայրեր ունենալու տվյալը, երբ ցանկացած գյուղտեղեկատվությունում նշվում է մինչեւ 700 հազար հա: 1,4 մլն հա է ՀՀ ողջ գյուղատնտեսական հողատարածքը, որն ընդգրկում է արդեն հիշատակված արոտավայրերը, 500 հազար հա վարելահողերը, 140 հազար հա խոտհարքերը եւ 60 հազար հա բազմամյա տնկարկները: Անշուշտ, հայերիս տնօրինության տակ գտնվող նույնիսկ այս տարածքը լիարժեք բավարար է ՀՀ ներկայիս բնակչության եռապատիկը պարենմթերքներով ապահովելու համար, որն այսօր, ավաղ, չի իրականացվում անգամ առկա բնակչության մեկ-երրորդի պարագայում: Թե բանանային ո՞ր երկրի օրինակն է ՀՀ գյուղնախարարության համար համանման գործելաոճի հիմք հանդիսանում, անհասկանալի եւ պարզապես անընդունելի է: Եթե, ասենք, աֆրիկյան 1,6 մլն բնակչությամբ Գաբոնի, ուր 11 մլրդ դոլարի արտահանում է իրականացվել 3 մլրդ դոլարի ներմուծման պարագայում, գիտենք, չէ՞, այս եւ այսօրինակ երկրների կարգավիճակը, երբ մեր ձգտումները բոլորովին այլ են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #149, 07-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ