ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ` ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ» ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ Այո, միայն այսպես կարելի է բնորոշել պաշտոնական Բաքվի «խնդրանքը»` Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի օգնական Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակության այցը «նախագահական ընտրություններից հետո տեղափոխելու» մասին: Իրավիճակի տրագիկոմիզմն այն է, որ Թոմաս Մելիան պատրաստվում էր Բաքու ուղեւորվել ոչ թե Կասպից ծովի ոչ այնքան մաքուր լողափերով վայելելու «թավշյա սեզոնը», այլ` հատկապես «ծանոթանալու Ադրբեջանում նախագահական ընտրությունների մթնոլորտին», որի մասին ավելի վաղ ծանուցել էր Բաքվում ԱՄՆ դեսպանատունը: Ու եթե ադրբեջանական կողմը «խնդրել է այցը տեղափոխել նախագահական ընտրություններից հետո», ուրեմն իշխող վարչախումբը փաստացի ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյայի առջեւ խստորեն փակել է իր նախընտրական «խոհանոցի» դռները: Ուշագրավ է, որ Թոմաս Մելիայի այցի մասին ծանուցմանը զուգահեռ Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատունը հատուկ ընդգծել էր, որ ԱՄՆ-ը Ադրբեջանի նախագահի թեկնածուներից «որեւէ մեկին չի պաշտպանում», ինչը նշանակում է, որ եթե փոխպետքարտուղարի օգնականը մեկներ Բաքու, ապա նրա համար Իլհամ Ալիեւը եւ երեկ նախագահի թեկնածու գրանցված Զահիդ Օրուջեւը, կլինեին հավասար անձինք: Էլ չխոսած ընդդիմության միասնական թեկնածու առաջադրված Ջամիլ Հասանլիի մասին: Ավելորդ չէ հիշեցնել, որ Ադրբեջանում գտնվելով մինչ նախագահական ընտրությունների մեկնարկելը, նույն Թոմաս Մելիան բաց տեքստով հայտարարել էր, որ Ալիեւի «երրորդ ժամկետը կարմիր գիծ է»: Փաստորեն ամերիկացի դիվանագետն ասել էր, որ իր երկիրը կցանկանար, որ Իլհամ Ալիեւը չառաջադրվեր նախագահի թեկնածու: Ըստ երեւույթին, իշխող վարչախումբը երկյուղ է ունեցել, որ քարոզարշավի մեկնարկից առաջ գտնվելով Բաքվում` ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնականը կարող է նույն ոգով կամ ավելի կոշտ հայտարարություններ անել, ինչից հասարակությունը հետեւություններ կաներ, որ Միացյալ Նահանգների կառավարությունը չի աջակցում Իլհամ Ալիեւին: Ակնհայտ է, որ այդ վտանգը չեզոքացնելու նպատակով է, որ ադրբեջանական կողմը փաստացի հրաժարվել է ընդունել ԱՄՆ փոխպետքարտուղարի գլխավորած պատվիրակությունը: Առանց չափազանցության կարող ենք ասել, որ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջանում հայտարարվել է անցանկալի անձ, նրա անունը հավանաբար տեղ է գտել Ադրբեջանի ԱԳՆ «սեւ ցուցակում»: Ի դեպ, երեկ Բաքվում է գտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիկը, որը Իլհամ Ալիեւին է փոխանցել իր երկրի նախագահ Օբամայի ուղերձը: «Թուրան» գործակալության փոխանցմամբՙ ԱՄՆ նախագահը, մասնավորապես, ասել է. «Եկել է նոր նախաձեռնություններ ցուցաբերելու ժամանակը` բանակցությունների ընթացքում ձեռք բերված փոխզիջումների շրջանակներում խաղաղություն հաստատելու համար»: Այս տողերն Իլհամ Ալիեւին հասցեագրելիս Օբաման տեղյա՞կ էր, որ Ադրբեջանը մերժել է ընդունել փոխպետքարտուղարի օգնական Թոմաս Մելիայի պատվիրակությանը: Եթե` ոչ, ապա հաստատ կտեղեկանա: Եվ գուցե որոշում կընդունի այլեւս խաղաղության հասնելու կոչ չանել մի երկրի, որի առաջնորդը «վերընտրվում է» ժողովրդի բացարձակ մեծամասնության անտեղյակության, ընդդիմության հանդեպ գործադրվող բռնաճնշումների եւ դիվանագիտական էթիկետի կոպիտ խախտման պայմաններում: Իլհամ Ալիեւի կարգի բռնապետները սովորաբար ԱՄՆ-ի համար անցանկալի անձինք են հայտարարվում: Թե, «իհարկե, նա շան որդի է, բայց մեր շան որդին է» տարբերակն է գործելու: |