RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10 > #151, 2013-09-11 > #152, 2013-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #150, 10-09-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-09-09 23:11:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1110, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 24

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՆԱԼԸ ԲԽՈՒՄ Է ՀՀ ՇԱՀԵՐԻՑ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ուրեմն Ասոցիացման համաձայնագիրը չէ՞ր բխում այդ շահերից

«Բա իմացա՞ր, մտավ Ռուսաստանի կազմի մեջ»,- ասաց երթուղայինի հոգնած վարորդը` իր կողքին հարմարված, ըստ ամենայնի` ծանոթին: «Մտավ», պետք է հասկանալ` Հայաստանը, իսկ նման եզրակացությունը, հայ սովորական քաղաքացին, արել է այն բանից հետո, երբ ՀՀ նախագահը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարեց, թե «Հայաստանը որոշում ունի միանալու Մաքսային միությանը»: Ընդ որում, ամենայն հավանականությամբ, երթուղայինի վարորդը անձամբ չի էլ լսել Սերժ Սարգսյանին, չի էլ հետեւել լուրերին, նրան «ասել են» ոչ թե լուրը, այլ արդեն իսկ պատրաստի ենթադրությունը, ավելին` փաստը. «Մտանք Ռուսաստանի կազմի մեջ»:

Տվյալ վարորդի ոչ տարիքը գիտեմ, ոչ կրթական մակարդակը, ոչ քաղաքական հայացքները, կամ որեւէ այլ տվյալ-բնութագիր նրանից: Հետեւաբար, գուցե Հայաստանի «նման որոշում»-ից նման եզրակացություն կարող է անել կրթական ոչ բարձր ցենզ ունեցող քաղաքացին, ով ոչ ցանկություն ունի, ոչ էլ ունակություն` խորամուխ լինելու իրադարձություններում ու փաստերում: Սակայն այս օրերին ֆեյսբուքում ընկերներից մեկը, ով բարձրագույն կրթություն ունի, գրեց. «Հիմա սեպտեմբերի 21-ին էլ անկախության օրը չե՞նք տոնելու...»:

Հայաստանի սովորական քաղաքացին, այդ թվումՙ բարձրագույնավարտ, ենթադրում է, կարծում է, մտածում է, որ Մաքսային միությանը միանալու «Հայաստանի որոշումը» նշանակում է Հայաստանի անկախության կորուստ: Այսինքնՙ Հայաստանի անկախության կորուստ չէ ԱՊՀ կազմում մնալը, անկախության կորուստ չէր ՀԱՊԿ-ին անդամագրվելը, բայց անկախության կորուստ է հենց Մաքսային միությանը միանալու որոշումը: Ի դեպ, Ղազախստանը անդամ է եւ ԱՊՀ-ի, եւ ՀԱՊԿ-ի, եւ Մաքսային միության, բայց, «չգիտես ինչու», Ղազախստանը համարում են անկախ երկիր, ավելին, չնայած ղազախները ՀԱՊԿ-ի անդամ են, ինչը ենթադրում է, որ Աստանան պարտավոր է որեւէ այլ (կազմակերպության ոչ անդամ) երկրի հետ զորավարժություններ անելուց առաջ իր այդ որոշումը համաձայնեցնել ՀԱՊԿ անդամ իր դաշնակիցների հետ, այդուհանդերձ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ղազախները շուտով համատեղ զորավարժություններ կանեն թուրքական ու ադրբեջանական զորախմբերի հետ Թուրքիայում: Ուրեմն կարելի է անկախ մնալ` լինելով ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում եւ Մաքսային միությունում միաժամանակ:

Այլ հարց է, որ Հայաստանի քաղաքացիները ունեն իրավունք` տեղեկացված լինելու, ի՞նչ է կոնկրետ Մաքսային միությունը, ի՞նչ է լինելու Հայաստանում այդ միությանն անդամակցելուց հետո, եւ ի՞նչ կարող էր լինել, եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագիրը:

Հայաստանի քաղաքացին իրավունք ունի մասնակցելու Հայաստանի որոշման կայացմանը:

Երեկ մեկնարկած ԱԺ-ի աշնանային նստաշրջանում պարզ դարձավ, որ պատգամավորներից շատերն էլ չգիտեն, թե ի՞նչ է նշանակում լինել Մաքսային միության անդամ, եւ թե որքանով է դա ավելի շատ բխում ՀՀ շահերից, ինչում վստահ է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն, օրինակ, քան Ասոցիացման համաձայնագիրը: Այսինքն, եթե Մաքսային միության անդամի կարգավիճակով հնարավոր չէ Ասոցիացման համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, ինչի մասին եվրոպաշտոնյաները բազմիցս են հայտարարել, եւ ինչի մասին, անշուշտ, ՀՀ ղեկավարությունը գիտեր եւ գիտի, ու իմանալով հանդերձ, «Հայաստանը որոշում է կայացնում»` միանալու Մաքսային միությանը, որը «բխում է ՀՀ շահերից», կնշանակի կամ Ասոցիացման համաձայնագիրը չէր բխում ՀՀ շահերից, կամ բխում էր, բայց ավելի քիչ, քան Մաքսայինին միանալը: Ստացվում է, որ ՀՀ ղեկավարությունը շուրջ 4 տարի բանակցություններ էր վարում ԵՄ-ի հետ մի համաձայնագրի շուրջը, որը կամ առհասարակ չի բխում ՀՀ շահերից, կամ քիչ է բխում...

Իսկ Հայաստանի քաղաքացին, երբ նրան չեն ասում այն ամենն, ինչն իրեն հետաքրքրում է, ու այն ամենն, ինչը վերաբերում է իրեն, սկսում է ենթադրել, եզրակացնել, վստահություն հայտնել... Գուցե սխալ, բայց յուրաքանչյուրս ունենք սխալվելու իրավունք, եթե պետության ղեկավար չենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #150, 10-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ