ՎՐԱՑԱԿԱՆ ՅՈՒՂ` ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԱԿԻՆ Վ. ՊՈՂՈՍՅԱՆ Հայաստան-Եվրոմիություն առաջացած կիսադադարի եւ մեծացող խնդիրների ֆոնին ինչպես Ուկրաինայի ու Մոլդովայի պատրաստակամության վկայությունները, այնպես էլ հարեւան Վրաստանի` եվրոպական ուղղությամբ ընթանալու հավաստիքները այնպիսի տպավորություն են ստեղծում, թե Հայաստանի միջոցով Ռուսաստանի հակաեվրոպական ցանկությունները արդեն բավարարվել են, ու դրանից ազատվածները կարողանում են սրտի ու մտքի ուզածն ասել: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում յուրաքանչյուրը շարունակում է իր շահերից բխող ինչպես հայտարարություններ, այնպես էլ քայլեր անել, սակայն ընդհանրական համայնապատկերում արեւելյան գործընկեր կոչվածները յուղ են լցնում այն կրակին, որի վրա Ռուսաստանը` ճնշմամբ թե առանց (ըստ Հայաստանի նախագահի` առանց), բայց նստեցրել է Հայաստանին` Մաքսային միությանն անդամակցության հեռանկարով: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, սեպտեմբերի 8-ին Էստոնիա այցելության ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայտարարել է, թե Վրաստանը ոչ միայն կնախաստորագրի Ասոցիացման համաձայնագիրը, այլեւ արդեն գարնանը պատրաստվում է ստորագրել այն: Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետն էլ, իր հերթին, հավաստիացրել է, թե Էստոնիան ցանկանում է վիզային ռեժիմի դյուրացման հարցերն էլ ամբողջովին Վրաստանի հետ լուծված տեսնել հնարավորինս արագ: «Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Վրաստանի վրա ճնշումների գործադրումը Եվրոմիության հետ մերձեցումից հեռացնելու նպատակով անընդունելի է», ասել է էստոնացի դիվանագետը: Լեհաստանի արտգործնախարար Ռադիսլավ Սիկորսկին էլ Ռիգայի կոնֆերանսի շրջանակներում սեպտեմբերի 7-ին Բիձինա Իվանիշվիլու հետ հանդիպումից հետո նշել է, թե 2014-ին Վրաստանի հետ Ասոցիացման համաձայնագիրը ստորագրված կլինի: Ավելին, Սիկորսկին տեղեկացրել է, որ եթե Վրաստանը բավարարի անհրաժեշտ պայմանները, գործընթացը կարող է արագացվել: Եթե հակառուսական տրամադրություններում երբեւէ այլ դիրքորոշում չունեցած Էստոնիայի պարագայում ասվածը լիովին տրամաբանական է, ապա Իվանիշվիլու` բիզնեսի կանոններին էլ դժվար ենթարկվող մոտեցումները այնքան էլ հստակ չեն: Մասնավորապես, արդեն երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում Վրաստանի միլիարդատեր վարչապետը, որ ներկա դրությամբ առավելապես նաեւ զբաղված է հոկտեմբերին կայանալիք նախագահի ընտրություններով, հայտարարել է Եվրասիական միության շուրջը զարգացումներին հետեւելու, ուսումնասիրելու մասին: «Ես մեր երկիրը երբեք փորձարկման ենթակա չեմ դարձնի. մենք պետք է վստահ լինենք, թե ինչ ենք ուզում եւ ինչ ենք անում», ասել է Իվանիշվիլին` առանձնակի մեկնաբանության անհրաժեշտություն չթողնելով, թե տվյալ դեպքում որ երկիրն է փորձարկման ենթակա ճագարի կամ առնետի դերում: Ռուսաստանի հարցում, այդուհետեւ, պարզվում է, Իվանիշվիլին առավել լավատես է, քան որեւէ մեկը Եվրոմիությունում կամ գուցե հենց Ռուսաստանում: «Իմ կարծիքով, ոչ մոտ, բայց հեռանկարում Ռուսաստանը կդառնա Եվրոմիության ու ՆԱՏՕ-ի անդամ, նաեւ մոտ ընկեր կդառնա ԱՄՆ-ին», ասել է միլիարդատեր վարչապետը: Նրա խոսքերովՙ Ռուսաստանն իր ձեռագիրն ունի, որի հետ պետք է հաշվի նստել: Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման համատեքստում էլ Վրաստանի վարչապետը հայտարարել է, թե հսկա Ռուսաստանին վերադաստիարակելու նկրտումներ չունի: Իվանիշվիլին շատ այլ նկրտումներ ուներ, որոնք իրականություն դարձրեց, ու դեռ շատերն էլ իրականացնելու ընթացքի մեջ են: Սակայն առայժմ եվրոինտեգրման գծի պահպանման շրջանակներում արվող երկիմաստ հայտարարությունները «յուղում են» մեզ համար ոչ ցանկալի կրակը... |