ՍԻՐՈ ՈՒ ՏԱՌԱՊԱՆՔԻ ԳԻՆԸ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ «... Օրըՙ սովորական, խաղաղ օր էր...»: Թվում էՙ այդպիսին են կյանքի գրեթե բոլոր օրերը, նման իրար այնքան, որ հանկարծ կարծում եսՙ ապրել ես մի օր ընդամենը: Մի պահ միայն: Եվ երբ դրանք, օրերն այդ «հանգավորվեն» այնպես, որ հիշողությանդ մատյանում վերածվեն բազմաձայն երգեցողության, բազմերանգ խճանկարի, ուրեմն հոգուդ հայացքը արթուն է եւ աչքդՙ աշխարհին բացված, ուրեմն բաց-պատուհան ես, ոչ թեՙ գոց-դուռ: Այդ սովորական օրվա խաղաղությունը խզում է մորթված Ծառի պատգամը եւ ձայնում իրեն հիշող հեղինակին. «Մի եղիր այդքան լի ու այդքան թանձր, ուժեղ եւ քո ներսում իսկ հարուստ, այլապես մի օր ճաք կտաս քո սեփական ծանրությունից: Ու այս աշխարհում կգտնվի մեկը, ով օգտվելով քո ինքնաճեղքվածությունից, վրա կտաՙ հասցնելու քեզ վերջին հարվածը: «Բարի նպատակներով»: Քեզ քո ճեղքվածությունից ազատելու վեհ մղումով, եւ իր աչքերը քո շքեղությամբ չծածկելու մարդասիրական օգնությամբ»: Թամար Հովհաննիսյանը վերջերս հրատարակած նոր ժողովածուն խորագրել է «Կյանքիս խճանկարը», ես կսրբագրեիՙ «Հոգուս խճանկարը»: Մի տեղ նա ասում է, թե ծով չի սիրում, իրենը երկինքն է, իր մղումը դեպի վերեւ է, իր սաղարթները դեպի երկինք են ձգվում: Մարմնավորված մեր հոգին աշխարհն ընկալում է միջնորդված ու մնում հիմնականում չհասկացված, մարդկային պատկերացումների պարտադիր աղավաղումների մեջՙ անհաղորդ: Արվեստը երեւի նաեւ դրա՞ համար է ստեղծված, որ հնչյունի, բառի, գույնի գեղարվեստական երեւակայության հորինվածքներում ստեղծագործողը փորձի ինքնաթարգմանվել, երբեմնՙ ինքնամերկության աստիճան անթաքույց բացվել, որպես բարձրաձայն մտորում, ինքնախոստովանանք աշխարհին: Այս պարագայում մենք հանդիպում ենք ոչ թե երեւակայական, հնարածին-տեսիլքային գեղարվեստական պատկերավորման, այլ կյանքային իրականության իմպուլսների անձնական արձագանքների, որոնք հեղինակի ներաշխարհի պրիզմայի միջով անցել ու բանաստեղծական հուզականություն են ձեռք բերել: Ժանրային առումով դժվար է տարբերակել էսսենե՞ր, ակնարկնե՞ր, թե՞ նամակներ են արձակ այդ գրությունները, մեկ բառ է միտքս հուշումՙ ինքնագրությո՞ւն, ինքներգությո՞ւն, որովհետեւ հեղինակը գրում է իր մասին, մենախոսում կամ զրուցում ինքն իր հետ, իր տեսածի, զգացածի ու ապրածի մասին, դա իր հայրենիքն է, կտրած ծառի վիշտը, մարդու երկրային անցուղիներն ենՙ ցավից մինչեւ հաճույք, ռոյալի կողքին կախված բեմազգեստը-միեւնույն է. ինքը խոսում է աշխարհի ամեն երեւույթի, ամեն բանի հետՙ ծղրիդի, զգեստի, իր արխիվի, մենակության, ազատության, սիրո ու մահվան հետՙ այդ զրույցների մեջ բացելով աշխարհընկալման անհատական նուրբ ու զգայական շերտե, որտեղ ցավը միշտ անպակաս է, անպակաս է, քանզի անկատար է աշխարհը. «Այս Մոլորակին Մայր է պակասում: Որբանում է Մոլորակը քո ձեռքինՙ տղամա՛րդ»: Գենդերային հավասարությունից հեռու այս զգացումները գովքն են աշխարհի երկսեռ ներդաշնակության, դրանց նախաստեղծ վիճակներիՙ բնական ու ճշմարիտ: Զգացմունքների այս թափանցիկ կտավին հեղինակը օր օրի ավելացնում է նոր գույն, թարմ գիծ, պատկեր, ու ստեղծվում է սեփական կյանքի խճանկարը, որտեղ Ազատությունը հստակ անուն ու պատկեր ունիՙ Ընտրությո՛ւն: «Դու ընտրեցիր Ազատությունը, զի ազատ է նա, ով ստեղծագործում է, ես չկամ այնտեղ, որտեղ զբաղվում են ո՛չ արարումով: Ես չկամ այնտեղ, որտեղ զբաղվում են «հաշվապահությամբ», ոչ թե սիրում»: Ստեղծագործումը ազատագրում է մարդու հոգին, ազատ մարդն է, որ կարող է հասկանալ ինքնաճանաչողության արժեքը եւ անհրաժեշտությունը, եւ գիտակից է Նորին մեծություն մահի... հարցերին: Նա գիտի-իր ներսի թատրոնի գլխավոր գործող անձինք երեքն ենՙ Հավաքարարը, Փոստատարն ու Մահը. առաջինըՙ փոշու նստվածքը իր ներսի կացարանից հավաքելու, երկրորդըՙ ճիշտ հասցեով սիրո նամակը տեղ հասցնելու: Ու այնժամ մահը կասի իրեն. «Դու ապրեցիր քո կյանքը, որպես Միջնարար մահվան ու մահվան միջեւ: Դու ապրելու ես քո մահըՙ որպես Միջնարար կյանքիդ ու կյանքիդ միջեւ»: Երեւանից հետո Բեյրութը իր կյանքի խճանկարի հաջորդ տիրապետող գույնն է: Բեյրութը այնպե՜ս աննկատ նուրբ ու սերտորեն է ներհյուսվել իր կյանքին, որ արեւելյան այս շքեղ քաղաքի տաք բույրը նա փոխանցում է զարմանալի հարազատությամբ-այնտեղ ապրող հայի առտնին, ամենօրյա սպասումից մինչեւ, չնայած օտարության մեջ ապահովություն գտած, բայց հոգում անթեղված հայրենիքը վերագտնելու թրթռացող հույսը: Ահա «Դրացին»ՙ միմյանց օտար, միմյանց լեզուն չիմացող երկու մարդկանց լուռ-մտերմացած զրույցը: Ահա արաբ խանութպանի հետ հանդիպումըՙ ֆրանսա-անգլո-արաբերենով միմյանց սահուն հասկանալը (Բաբելոնի աշտարակի տխուր հետեւանքը), ահա տան պատուհանից ամեն օր իր հետ լույսը դիմավորող ծառի պատգամը, որպես մարդուՙ բնությունից հեռանալու սուր ցավ: Ահա Արաքսըՙ Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասի հիմնական մայրուղին. «Արաքսը մի աշխարհ է: Տարօրինակ, ինքնատիպ: Արաքսը ոգի ունի: Հոգի, դեմք ունի: Ձայն: Երազանք»: Արաքսի մայթերին խանութներ են, հայերի խանութներ: Ինքը սիրում է քայլել այս փողոցով, հայացքը դիպչում է անցորդներին, հայրենակից անցորդներին, խանութի ապակիների հետեւում նստած օրիորդի աչքերին. «Չեմ կարողանում նայել քո աչքերին: Ներիր ինձ: Տե՜ր գթա... Կամ նրան կամ ինձ: Դի՛ր իմ գրպանի մեջ այնքան փող, շատ փող, որ այս աղջիկը այսօր լիաթոք ժպտա: Տուր ինձՙ որ ես տամ: ... Ով գիտի տառապանքի գինը, իմ տառապանքի գինը, Արաքսի մայթերով քայլելիսՙ անչափելի: Ինչպես անչափ ու անտակ է այս մարդկանց աչքերում ապրող ցավն ու կարոտը: ... Այստեղ է աշխարհի այն տեղը, ուր անասելի քաղցրությամբ զգում ես քո հայ լինելը: Գուցե այնպես, ինչպես երբեք եւ ոչ մի տեղ: Այստեղ է, որ ամբողջ էությամբ զգում ես, ենթագիտակցորեն եւ գիտակցորեն հասկանում, որ նրանք եւ դուՙ նույնն եք, նույն արյունն եք, այս Տիեզերքի ընդհանուր նույն մասնիկը»: Գրքի երկրորդ բաժնում հոգու խճանկարի զգայական գույներն ու պատկերները «հավաքվում» են բանաստեղծական չափատողերով. դրսեւորվում է կյանքը բանաստեղծորեն ապրող, ընկալող ու վերարտահայտող մտավորական կնոջ զգայուն-խոհական կերպարը: Իմ զորեղ թշնամիՙ Ժամանակՙ կողոպտող, Ես ամեն առավոտ Մերկ եմ արթնանում: Եվ նման եմ Խեղճ շինականի, Որն օրեցօր Նույն պատն է շարում: («Ժամանակը եւ ես») |