ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ Է ՄՈՏԵՆՈՒՄ ԴԱՆԻԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ Չնայած դրան, մեր ֆուտբոլիստներից հաղթանակ ենք ակնկալում Այսօր ժամը 20-ին «Հրազդան» մարզադաշտում կտրվի Հայաստան-Դանիա ընտրական մրցախաղի մեկնարկը: Չեխիայի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակը Հայաստանի հավաքականին հնարավորություն ընձեռեց շարունակելու պայքարը խմբում 2-րդ տեղը գրավելու համար: Ճիշտ է, այդ հաղթանակը ձեռք բերվեց մեծ կորուստների գնով: Ինչպես հայտնի է, Ռոման Բերեզովսկին վնասվածք ստացավ ու փոխարինվեց, իսկ Ռոբերտ Արզումանյանն ու Յուրա Մովսիսյանն էլ 2-րդ դեղին քարտերը ստանալով, ստիպված կլինեն բաց թողնել Դանիայի հետ կայանալիք անչափ կարեւոր հանդիպումը: Հարցականի տակ է նաեւ Արաս Օզբիլիսի մասնակցությունը խաղին: Խաղի նախօրեին ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հանդիպեց լրագրողներին: Նա նշեց, որ այս պահին մտածում է միայն Դանիայի հավաքականի հետ հանդիպման մասին, որին մեր ընտրանին մոտենում է կորուստներով: Չեխերի հետ խաղից հետո ամեն ինչ արվում է, որպեսզի ֆուտբոլիստները շուտ վերականգնվեն: Մարզումներն էլ ավելի քիչ ծանրաբեռնված բնույթ են կրում: Ռոման Բերեզովսկին չի մասնակցի հանդիպմանը: Նրա ապաքինման համար մոտ 20 օր կպահանջվի: Արաս Օզբիլիսը սննդից թունավորվել էր եւ պետք է կրկին հետազոտվի: Վարդան Մինասյանը հույս հայտնեց, որ ամեն ինչ լավ կլինի: Օզբիլիսի մասնակցությունը մեր հավաքականի համար շատ կարեւոր է: Այդ հարցի պատասխանից շատ բանով պայմանավորված կլինի, թե ով կփոխարինի որակազրկված Յուրա Մովսիսյանին: Հավաքականի գլխավոր մարզիչը դիտել է Դանիայի մասնակցությամբ վերջին հանդիպումը Մալթայի հետ: Ըստ Մինասյանի, դանիացիներն իրենց խաղաոճը չեն փոխել: Պարզապես սկսել են երիտասարդացնել կազմը: Դանիացիների կազմում ներկայումս 6 նորեկներ են ընդգրկված: Վարդան Մինասյանը չհամաձայնվեց լրագրողների այն դիտարկմանը, որ հավաքականը Երեւանում վատ է խաղում: Ըստ նրա, սեփական հարկի տակ միայն Մալթայի հետ ենք վատ խաղացել: Սակայն փաստ է, որ ընտրական մրցախաղերում Երեւանում մեր հավաքականը դեռեւս հաղթանակ չի տոնել: Գլխավոր մարզիչը նաեւ նշեց, որ չի զղջացել, որ ավելի շատ ֆուտբոլիստների չի հրավիրել հավաքական: Ներկայիս կազմի 22 ֆուտբոլիստները լիովին բավարարում են Մինասյանին: Այսօրվա խաղում ավագի թեւկապը կկրի Հենրիխ Մխիթարյանը: Հաշվի առնելով մեր հավաքականում ստեղծված իրավիճակը, պետք է փաստել, որ իրոք դանիացիների հետ շատ դժվարին մրցավեճ է սպասում: Սակայն մեր ֆուտբոլասերները լավատես են ու հույս ունեն, որ այսօրվա խաղում էլ հավաքականն ուրախություն կպատճառի իրենց: Իսկ ահա բուքմեյքերները նախապատվությունը տալիս են դանիացիներին, որոնց հաղթանակի գործակիցը 2,10 է: ՀՀ հավաքականի հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 3,2 գործակցով: Իսկ ոչ-ոքին գնահատվում է 3,6 գործակցով: |