ԱՆՀԱՏԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՆԸ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ Ինչո՞ւ ենք մենքՙ հայերս ձգտում ապրել մեր հայրենիքից հեռու, օտար երկրներում, մեր պապենական երկրի կարոտով համակված: Մենք հազվադեպ ենք այս հարցն ուղղում ինքներս մեզ, եւ ուղղելու դեպքում էլ միշտ գտնում ենք պատճառաբանություններ, որոնք մեզ հետ առնչություն չունեն: Կամ մեր հարեւաններին ենք մեղադրում, կամ մեզ նվաճողներին անիծում, կամ էլ մեր թշնամիներին կշտամբում: Ճիշտ է, պատմությունը բարեհաճ չի եղել մեր հանդեպ: Շատ դաժան է վերաբերվել մեզՙ մի շարք պատճառներով, որոնց թվարկման ժամանակ երբեք մեր մտքով չի անցնում գնահատել մեր անձնական պատասխանատվությունըՙ ուրվագծելու գործում մեր ճակատագիրը որպես աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկի: Եթե մի օր մենք որոշենք խորասուզվել եւ քննարկել մեր պատասխանատվությունը, հավանաբար ի վիճակի կլինենք ավելի սթափ ձեւով ծրագրել մեր ապագան: Պատճառը, թե ինչու հայերս չենք կարողացել դառնալ գերիշխող պետություն (բացի, անշուշտ, Տիգրան Մեծի իշխանության ժամանակՙ մ.թ.ա. 1-ին դարում) մեր անհատապաշտությունն է: Անհատապաշտություն նշանակում է ինքնավստահություն, ինքնասահմանում, ազատություն, անկախություն եւ մի շարք այլ դրական հատկանիշներ, որոնք կոլեկտիվ հասկացությանը հակադրվելիս աղետալի են դառնում: Զանազան զրկանքների, անարդարությունների, ոտնձգությունների եւ երկար ժամանակ օտար տիրապետության տակ գտնվելու հետեւանքով հայերս ձեռք ենք բերել չափազանց ուժեղ անհատապաշտական գծեր, որոնք միշտ էլ խոչընդոտել են հավաքական, կոլեկտիվ կարգապահություն եւ պետականություն հաստատելուն եւ մեկ ընդհանուր ապագայի շուրջը կենտրոնանալուն: Այդպես ենք մենք դիմակայել պատմության բոլոր անբարենպաստ պամանները: Ստրկատիրական հասարակարգում անհատապաշտությունը ճնշված էր հատկապես հոգեւորականների կողմից, եւ հայացքներն ու հույսերը ուղղված էին դեպի երկինք, վեհը, անանձնականը: Հոգեւոր առաջնորդները այդ հանգամանքը օգտագործում էինՙ ամրապնդելու իրենց դիրքերը: Զարմանալի չէ, որ թագավորներն ու իշխանավորները աստվածային ծագում ունենալու պատրանքն էին ստեղծում, որպեսզի օրինականացնեին իրենց իշխանությունը զանգվածների վրա: Իշխանավորներն ու հոգեւորականները չարաշահում էին իրենց դիրքըՙ լռեցնելու անհատական գաղափարի ամեն մի արտահայտություն: Հավատաքննության (ինկվիզիցիայի) ժամանակաշրջանում Եվրոպայում խստորեն պատժում էին ամեն մի շեղում եկեղեցական վարդապետությունից: Մարդիկ զրկված էին անկախ մտածելուց: Նման անհանդուրժողականության ճանաչված զոհեր դարձան Գալիլեյը եւ Ջորդանո Բրունոն: Վերածննդի հայտնվելով հասարակության ուշադրությունը թեքվեց դեպի անհատը: Իսկ ավելի ուշ արդյունաբերական հեղափոխության ազդեցության տակ անհատն իր ձեռքը վերցրեց իր ճակատագիրը եւ սկսեց անարգել վայելել կյանքի բարօրությունները: Եվրոպան աստիճանաբար սկսեց կարգավորել անհատապաշտության եւ հասարակական կամքի, կարգուկանոնի դրսեւորման երեւույթները, զարգացնելով որոշակի կառույցներ, որոնք վերահսկողություն կսահմանեին դրանց վրա: Մինչ անհատները սկսեցին համաձայնության եզրեր որոնել իրենց ազատությունների արտահայտման եւ ազգային ներդաշնակության միջեւ, ստեղծվեցին ուժեղ կառավարություններ, որոնք չսահմանափակեցին անհատական ազատությունները: Ազգայնականությունը եկավ միավորելու անհատներին: Ֆրանսիացի փիլիսոփա-լուսավորիչ Վոլտերը դարձավ անհատական ազատությունները հասարակական կարգուկանոնի պահպանման շրջանակներում տեղավորելու պաշտպանը: Նա այդ հասկացությունը շատ հակիրճ բնութագրեց. «Քո ազատությունն այնտեղ է վերջանում, որտեղ սկսվում է իմ քիթը»: Մենք հպարտանում ենք, որ վերածնունդը Հայաստան մուտք գործեց Եվրոպայից առաջ: Գրիգոր Նարեկացու խոհերն այդ զարգացումներում առանձնակի նշանակություն ունեն: Նրա աղերսանքներն առ Աստված հիմնված են անհատի թուլությունների վրա: Նա մեղքերի աստվածային թողություն է խնդրում: «Մատյան ողբերգության» պոեմում իր աղոթքների միջոցով նա ուրվագծում է մարդկային թաքուն ցանկություններն ու հոռի արարքները պոետական այնպիսի բարձրարվեստ արտահայտչամիջոցներով, որոնք անգերազանցելի են մնում ցարդ: Անհատապաշտության ձեւավորումը Հայաստանում պետք է դիտել օտար տիրապետության տակ գտնվելու կոնտեքստում, երբ անհատի գոյությունը գրեթե միշտ հարցականի տակ էր դրված: Ամեն մի հայ իր մեջ զարգացնում էր անհատապաշտությունը մեկ ուրիշ հայի հաշվին, միշտ մոռացության մատնելով համընդհանուր, համազգային շահերը պաշտպանելու գաղափարը: Հակադրությունը զգալի է հատկապես օսմանյան իշխանության տարիներին: Մինչ հայերի մեծամասնությունը տառապում էր տարբեր նահանգներում եւ շրջաններում, արտոնյալ դասին պատկանող մի խումբ հայեր եւ ամիրաներ Կոստանդնուպոլսում եւ այլ մեծ քաղաքներում ապրում էին շռայլության մեջ: Նրանք ծառայում էին սուլթանին, որը երբեմն նրանց միջոցով էր հարկերը հավաքել տալիս խեղճուկրակ հայ գյուղացիներից, որոնք չվճարելու դեպքում մտրակի հարվածների էին արժանանում ի գոհություն Մեծ Դռան: Հայ ամիրաների այդ դասը բոլորովին կապ չուներ երկրի խորքերում ապրող հայ զանգվածների հետ: Այսօր այդ ամիրաներին Ստամբուլում դեռեւս հիշում են, որովհետեւ երբեմն կարողանում էին սուլթանից թույլտվություն ստանալ եկեղեցի կամ դպրոց կառուցելու համար: Անհատապաշտությունը հայերի մեջ երբեմն տարանջատված խմբավորման, ֆրակցիայի ձեւ է նաեւ ստացել: Հայտնի է, որ հայրենասիրության չափազանց պրիմիտիվ հասկացություն դրսեւորելովՙ ռուսական զորքում ծառայող հայ կամավորներ հրաժարվել են կռվել զորավար Անդրանիկի հրամանատարության ներքո Առաջին համաշխարհայինի վերջում, երբ ռուսական զորքը տուն էր վերադառնումՙ անպաշտպան թողնելով Կարսի ամրոցը: Ռազմամթերքը, սնունդն ու հանդերձանքը լքված էին եւ ենթակա օգտագործման, բայց հայ կամավորները հրաժարվել են պաշտպանել ամրոցըՙ պատճառաբանելով, թե Կարսը իրենց հայրենիքի մաս չի կազմում: Ի տես դրանՙ մեր ազգային հերոսը հուսահատ հեռացել է ճակատային գծից: Պատերազմից հետո Աթաթուրքը կարողացավ պարտված երկիրը ոտքի կանգնեցնել շնորհիվ իր երկերեսանի քաղաքականության, մինչդեռ հայերս կորցրեցինք մեր առաջին հանրապետությունը, որը ձեռք էինք բերել վեցդարյա օտար տիրապետությունից հետո: Ճիշտ է, Հայաստանի ճակատագիրը գուցե կանխավճռված էր, քանի որ Աթաթուրքն ու Լենինը փորձում էին գերազանցել մեկը մյուսին, բայց, անկասկած, մեր մշտական տարաձայնությունները, ներքին անհամաձայնությունները իրենց ներդրումն ունեցան առաջին հանրապետության տապալման գործում: Փետրվարյան ապստամբության հետեւանքով տասնյակհազարավոր հայեր սպանեցին մեկը մյուսինՙ ավելացնելով թիվը ցեղասպանությունից մեր զոհվածների: Խորհրդային ժամանակաշրջանը մարդկության պատմության ամենասեւ գլուխները գրեց: Կարծես կաթոլիկական ինկվիզիցիան էր վերադարձել վրեժ լուծելու, այս անգամ, սակայն, աթեիստական միտումներով: Արեւմտյան Հայաստանի մեր մտավորականների եւ ղեկավար անձնավորությունների կորստին գումարվեցին ստալինյան բռնակալությանը զոհ գնացած արեւելահայ տաղանդավոր գրողների սպանությունները, աքսորն ու հետապնդումները: Խորհրդային Միությունը հսկայական բանտ էր, որտեղ ինքնությունն ու անհատապաշտությունը իրենց տեղը զիջել էին կոլեկտիվիզմին: Նոր գաղափարախոսությունը նպատակ ուներ ստեղծելու նոր մարդունՙ խորհրդային քաղաքացուն: Բայց հակառակ տարբեր բնույթի անբարենպաստ պայմաններին եւ բռնություններին, խորհրդային վարչակարգը հայերիս համար եղավ օրհնաբեր, ավելորդ անգամ ապացուցելով, որ չկա չարիք առանց բարիքի: Երկրից դուրս գալու սահմանափակումները նպաստեցին, որ ժողովրդագրական տվյալները աճ արձանագրեն Հայաստանում: Դրան գումարվեց նաեւ Բալկաններից եւ Մերձավոր Արեւելքից կազմակերպված ներգաղթը: Երկրում ստեղծված կայունությունը իր հերթին նպաստեց, որ հսկայական վերելք ապրեն գիտությունը, գրականությունն ու երաժշտությունըՙ բացելով մի նոր ոսկեդար հայոց պատմության մեջ: Ափսոս, սակայն, որ այդ ստիպողական կապվածությունը մեր երկրին ու հողին չկարողացավ հետագայում հայերին պահել իրենց հայրենիքում: Այսօր այն ամենը, ինչ ստեղծվել էր խորհրդային տարիներին, քամուն է տրված, եւ հայերն արագ տեմպերով եւ կամովին լքում են իրենց հայրենիքը: Ազերիները կազմ ու պատրաստ սպասում են սահմանի այն կողմում: Նրանք արդեն հորինել են մի պատմություն, առասպել, թե հայերը իբր ապրում են ազերի հողակտորի վրա: Եթե այս անգամ մենք կորցնենք մեծ դժվարությամբ ձեռք բերած երկրորդ (երրորդ) հանրապետությունը, ապա դա լինելու է այն պատմական գինը, որ մենք վճարելու ենք մեր անհատապաշտության դիմաց: Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ. |