ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ Սեպտեմբերի 8-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ կազմակերպմամբ Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի ունեցավ «Հայաստանի օր» բարեգործական միջոցառումը, որին մասնակցեցին արգենտինահայ համայնքային կազմակերպություններն ու միությունները: Միջոցառման ընթացքում ավելի քան հազար այցելուներին ներկայացվեցին Հայաստանի եւ Արցախի տեսարժան վայրերի լուսանկարները, հայկական ավանդական կերակրատեսակները, ձեռագործ հուշանվերներ: Ելույթներով հանդես եկան արգենտինահայ համայնքի երգի եւ պարի համույթները, ինչպես նաեւ անհատ երաժիշտ-կատարողներ: Հիշյալ միջոցառման ընթացքում գոյացած ողջ հասույթը կտրամադրվի Երեւանի «Զատիկ» եւ «Մարի Իզմիրլյան» մանկատների վերանորոգման աշխատանքներին: |