«ԿԻՆՈԱՇՈՒՆ» ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ԱՄՍՎԱ ՄԵԿՆԱՐԿ Մ. Հ. Սեպտեմբերի 12-ին, ժամը` 20:30-ին Սիրահարների այգում կմեկնարկեն «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագրի բացօթյա կինոդիտումները: Այս անգամ կինոցուցադրումների համար առանձնացվել են տարբեր ժամանակներում նկարահանված ֆիլմեր` քաղաքային ռոմանտիկ սիրային պատմությունների մասին: Ցուցադրումները տեղի կունենան սեպտեմբերի 12-ին, 20-ին, 27-ին եւ հոկտեմբերի 4-ին, 11-ին, ժամը 20:30-ին: Նշենք, որ սեպտեմբերի 12-ի ծրագրում կներկայացվի սիրային կարճամետրաժ ֆիլմ` Առնոլդ Աղաբաբովի «Գառնի» ֆիլմը, որը սիրահարված զույգի բարդ հոգեբանակն հարաբերությունների մասին է, գլխավոր դերերումՙ Արմեն Ջիգարխանյանը (Ռուբեն), Էլվիրա Ուզունյանը (Լյուսյա): Կցուցադրվի նաեւ Դիանա Կարդումյանի «Դիալոգներ» ֆիլմը, ռոմանտիկ դրամա` սիրահար զույգի մասին: Երեւանը գեղեցկանում է, երբ նրա գիշերային գրկում կրկին հանդիպում է մի սիրահար զույգ: Ինչ կարող է փոխել նրանց կյանքում մի զով ամառային գիշերը, մի կարճ հանդիպումը, մի կիսատ զրույցը... Զրույցներ` ուրախ, հանդիմանող, տխրեցնող, հուշերով լի ու անբացատրելի մի դատարկություն, որ էլ չես լցնի ոչ մի խոսքով: Դերակատարներ Նարինե Գրիգորյան, Արմեն Մարգարյան: Օրվա վերջին ֆիլմը Թամար Ստեփանյանի «Փետրվարի 19-ն» է: Կինոնկարը երկու երիտասարդների սիրային պատմության մասին է, զույգին մարմնավորում են դերասաններ Օֆելյա Զաքարյանը եւ Վախթանգ Հարությունյանը: |