ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻՆ Ինչպես հայտնի է, 2020-ի ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրություններում Ստամբուլը պարտվել էրՙ համաշխարհային սպորտի ստուգատեսը կազմակերպելու իրավունքը զիջելով Տոկիոյին: Որքան էլ որ տարօրինակ է, այդ պարտությունում Թուրքիան սկսել է մեղադրել հայերին: Ըստ թուրքական Haberler.com-ի, թուրքական կողմը հայտարարել է, թե Բուենոս Այրեսում փակցված հակաթուրքական պաստառների հեղինակն Արգենտինայում հայկական լոբբիստական կազմակերպություններն են: Արգենտինայի Հայերի երիտասարդական կազմակերպությունը բողոքի ակցիա էր կազմակերպել Բուենոս Այրեսումՙ ընդդեմ ՄՕԿ-ի նստաշրջանին ժամանած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Ներկաները պարզել են Հայաստանի եւ Արցախի դրոշները, ինչպես նաեւ թուրք ազգայնականների կողմից սպանված Հրանտ Դինքի լուսանկարը: Բողոքի ակցիայի մասնակիցները բարձրացրել են տարբեր պաստառներ «Հեռացի՛ր, Էրդողան», «1 500 001-րդ զոհ Հրանտ Դինք», «Ցեղասպան թուրքական պետությունը սպանեց 1,5 մլն հայի, արդարություն ենք պահանջում», «Մարդու իրավունքները խախտող երկիրը չի կարող դառնալ օլիմպիական խաղերը հյուրընկալող երկիր» գրություններով: |