ՄՏԱՍԵՎԵՌՈՒՄՆԵՐՙ ՄՈԽՐԱԳՈՒՅՆԻ ՇԵՐՏԵՐՈՒՄ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ Ցուցասրահի մեղմ մոխրագույնը աչք է շոյում, միջին չափսի կտավների ողորկ մակերեսների թափանցիկ մթնոլորտը մոխրագույնի մեջ առկայծող նուրբ արծաթավուն խորքով, ստեղծում է արտակարգ հանգստացնող տրամադրություն: Գեղանկարիչ Մհեր Մանսուրյանը ավելի քան 30 տարի ապրում է Փարիզումՙ բնականաբար ստեղծագործական դժվարին սկզբով, եւ հետագա զարգացումներն ու վարպետությունն արդեն պարտ են տարիների ամենօրյա տեւական աշխատանքին: Ապրել է արվեստի փորձառության տարբեր շրջաններ, անցել գեղագիտական մտածողության տարբեր փուլերովՙ ոճի, տեխնիկայի, գույնի, կատարման: «Սկիզբը դժվար էր: Որոնումների, նոր իրականության բազմազանությանՙ խենթության մի շրջան, բայց սկսեցի աստիճանաբար հանդարտվել, ներքաշվել սեփական ես-ի մեջ, իմ կաղապարի մեջ, այսինքնՙ դուռս փակեցի եւ սկսեցի աշխատել»,- ցուցադրությունները եղան թեյի, սուրճի սրահներից մինչեւ պատկերասրահներ: «Մենակ դժվար էր, բայց հաճելի»,- ժպտում է: Մհեր Մանսուրյանի կտավները, որոնք ներկայացված են «Ակադեմիա» պատկերասրահում, նկարչական մտածողության որոշակի շրջանի արտահայտություններ են, առարկայական պատկերավորման նկարչական վարպետության կատարյալ դրսեւորումներ: Առարկան, սակայն, գեղագիտական արժեք ստանալուց բացի, այստեղ նաեւ միջոց է մտածողական, զգացական շերտեր ի հայտ բերելու: Այսպեսՙ գավաթի ապակուՙ գրեթե աներեւույթ դարձած թափանցիկությունը եւ դրա զարմանալի ձեւագծերի նրբությունը կտավի մոխրագույնին, խոսում է մաքրության, մաքրագործման անհրաժեշտության եւ կամՙ առարկայական աշխարհի ընկալման անհավակնոտ սիրո մասին: Նույնատոն ֆոնին մի քանի կտավներում մայր ճյուղից պոկված, օդն ի կախ անհայտ մի տերեւ հիշողության ապրում է կրում (այն կապված է 1915-ի հետ). այս ամենը քնարական մեղմ տրամադրությունների, մտքերի հոսք ու մտասեւեռում է առաջացնում: Կտավների մոնոխրոմային վիճակները ներքին հանդարտության հետ փոխանցում են զգացական ընդհանուր ամբողջական մի վիճակ, որտեղ, իհարկե, առարկայական, ֆիգուրատիվ օբյեկտը հայացքիդ կենտրոնում է հայտնվում, մտապահվում բավական երկար, սակայն գլխավոր գործող «անձը», այնուամենայնիվ, մոխրագույնն է մնում: Նկարչի նախկին աշխատանքներից գունային ավելի ակտիվ տպավորություններ են մնացել: Ներկապնակի այս փոփոխությունը որքան անսպասելի, նույնքան հաճույք պատճառող է: «Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվելու շրջանում, հարում էի ֆովիզմին, որին հնչեղ գունայնությունն է բնորոշ, ինձ համար վարպետ էր Սարյանը, վարպետ էր Մինասը: Այն ժամանակ սովոր էինք, որ հայկական գույները դրանք են: Հետո Հակոբ Հակոբյանը եկավ եւ բերեց գույնի իր աշխարհը, պարզվեց դա էլ է հայկական: ... Իմ կտավներում կրակը փոխվեց մոխրի: Մոխիրն իր մեջ պարունակում է շատ գույներ, որ մեծ արժեք ունի, ուզում եմ վրձինը այնպես խփել, որ գույնը հնչի իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ»: Նկարչի վրձինը, անկասկած, սա իրականացրել է, նրա կտավներում մոխրագույնը հնչում է երաժշտական հարմոնիկ, ամենահաճելի տոնայնությամբ, որի ֆոնին յուրաքանչյուր իր, յուրաքանչյուր պատկեր գունային գամմայի տրամադրությանը համահունչ ներկայացված է ինքն իրենով ամբողջական: Սա հաջողվել է նկարչին, քանի որ նա դավանում է արվեստի ճշմարիտ, չհնացող արժեքներին, նկարչության էսթետիկայի սկզբունքներին, կատարման վարպետությանը, դասական իմաստով նկարի վեհությանը, նաեւ, իհարկե, զգացականությանը: Ցուցահանդեսի բացման ելույթը Երվանդ Տեր-Խաչատրյանինն էր: Ավարտին նրա հետ առանձնազրույցը ներկայացվում է ստորեւ. «Մհեր Մանսուրյանը 60-ականների վերջերից մեր կերպարվեստի աշխարհում էր արդեն, այդ արվեստի, մշակույթի վերելքի տարիների ազդեցությունը կրում էր անշուշտ, եւ այդ ալիքի ավելի երիտասարդ սերնդի մարդկանցից մեկն էր: Ամբողջ կյանքում նա հավատարիմ մնաց նկարչության առարկայական բովանդակությանը: Չգնաց գավառական մոդեռնիզմի ճանապարհով, ինչը, ի վերջո, մեր նկարչությունը բերեց փակուղի: Մհեր Մանսուրյանը իր մտածողությամբ արդիական նկարիչ էր: Կարելի է տեսնել, իհարկե, նրա կապը դասական նկարչության հետ: Նատյուրմորտը հնագույն ժանրերից մեկն է, եւ դժվար բան է նոր ժամանակներում ընտրել այդ ժանրը եւ կարողանալ անհատականություն, յուրօրինակ հայացք ցուցաբերել նատյուրմորտի հանդեպ: Մհեր Մանսուրյանը ստեղծել է հրաշալի նատյուրմորտներ, որոնց բովանդակությունը կարող է թվալ միօրինակ, բայց դա թվացյալ միօրինականություն է, բազմազանությունը խորքի մեջ է, մեկնաբանության մեջ է: Նկարիչը ընտրում է նույն առարկաները, բայց դրանք տարբեր մթնոլորտի մեջ են պատկերված, տարբեր հարաբեությունների մեջ, տարբեր տեսողականության մեջ, եւ ուշադիր եթե նայեքՙ դրանք տարբեր են միմյանցից իրենց տոնայնությամբ, առարկաների կատարման եղանակով: Այդ կտավները թվում են նկարչական ներսուզումների, նկարչական մեդիտացիաների արտահայտություններ: Թվում էՙ նկարիչը կենտրոնանում է մեկ-երկու առարկա պատկերելու վրա, բայց կարողանում է ամենալակոնիկ միջոցներով, պարզ իրերը պատկերելու միջոցով խոսել կյանքի էության մասին, կյանքի գեղեցկության, խորհրդավորության մասին, իրերի այնկողմնային հմայքի մասին, այն ամենի մասին, ինչը իրերի աշխարհը կապում է մարդու հետ, որովհետեւ, ի վերջո, իրերը կրում են ոչ միայն մարդու գործունեության, ձեռքերի հետքերը, այլեւ նրա հոգեկան նկարագրի դրոշմը: Մարդու հարաբերությունները իրերի աշխարհի հետ բացահայտում են մարդու վերաբերմունքը կյանքի եւ իրականության հանդեպ: Այս առումով Մհեր Մանսուրյանի նատյուրմորտները պատկերված են յուրօրինակ խորհրդավոր լույսի ներքո, անսովոր տարածության մեջ: Դասական նատյուրմորտները, որոնք առարկաների պատկերման առումով բացառիկ ու կատարյալ են, պատկերում էին դրանք թանգարանային մթնոլորտում, որոնք կիսախավարում էին երեւում, ոչ ամբողջությամբ, բայց նկարիչը կարողանում էր ամբողջական պատկերացում տալ, եւ դրանով կարողանում էր խոսել տիեզերքի մասին, իր աշխարհազգացողության մասին: Ժամանակակից մարդն էլ եթե կարողանում է նատյուրմորտ նկարել, նույնպես կարող է արտահայտել իր տպավորությունները: Ասածս պարադոքս թող չթվա: Նկարիչը պետք է կարողանա նկարել: ինչպե՞ս է նկարում Մհեր Մանսուրյանը. վարպետությամբ, ունի անվրեպ ձեռք, շատ հետաքրքրական տեսողություն, երբեմն նույնիսկ խաղում է վարպետությամբՙ թե ինչ նրբությամբ կարող է պատկերել առարկան: Գավաթի, սկահակի, ափսեի եզրի շողացող մի փոքրիկ կետը, երբ առարկայի ամբողջ ծավալը ի հայտ է բերում, առարկան լուսավորում է մի այլ կերպ, եւ մենք մտնում ենք նկարչի այդ գրավիչ եւ հեքիաթային աշխարհը: Անշուշտ, Մհեր Մանսուրյանը տաղանդավոր մարդ է, սա հրաշալի նկարչություն է, վստահ եմ, որ այս գեղեցիկ արվեստը այսօրվա մեր նկարչական աշխարհի կարեւորագույն երեւույթներից մեկն է: Նկարիչը հասել է մի վարպետության, որը նրան պատիվ է բերում եւ պատիվ է բերում մեր արվեստին: Հրաշալի է, որ այսպիսի տաղանդավոր արվեստագետ այսօր ապրում եւ գործում է մեր մեջ»: |