RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#156, 2013-09-18 > #157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #158, 20-09-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-09-19 23:11:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 871, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՈՂՆԱՇԱՐԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

Ի. Պ.

Մեր երկրում ամենատարածված հիվանդություններից են ողնաշարային հիվանդությունները: Այս մասին վկայում է վիճակագրությունը` չհաշված դեպքերը, երբ ողնաշարի ցավերով տառապող մարդիկ գերադասում են ինքնաբուժությամբ զբաղվել կամ դիմում են հեքիմների, մերսումներ անողների: Եվ նրանց հիվանդության մասին տեղյակ չեն որեւէ հիվանդանոցում, հետեւաբար գրանցված չեն վիճակագրական որեւէ բազայում: Փաստերը, վիճակագրությունը ցույց են տալիս, որ ողնաշարային հիվանդություններն ավելի տարածվելու միտում ունեն:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական, նյարդաբանական կլինիկայի ղեկավար պրոֆեսոր Մամիկոն Եղունյանը երեկվա ասուլիսի ժամանակ ներկայացրեց վերջին 15 տարիների վիճակագրությունը, ըստ որի, 1998-2008 թվականներին, այսինքնՙ 10 տարվա մեջ կատարել են ողնաշարային 897 վիրահատություն, իսկ 2008-2013 թվականներին` վերջին 5 տարվա մեջ, 909 վիրահատություն, կրկնակի ավելի: Բժիշկ Եղունյանը նշում է, որ հիվանդների մեծամասնությունը երիտասարդներ են, իսկ հիվանդության առաջացումը հիմնականում պայմանավորված է ապրելակերպով: Նա ցավով հավելում է, որ բակային խաղերի, բակերում հանդիպումների մշակույթը գնալով վերանում է, ու մեծ թե փոքր ավելի շատ նստում են տանը` համակարգչի առջեւ: Մարդիկ քիչ են քայլում, չեն զբաղվում սպորտով, եւ այս ամենն օրեցօր հանգեցնում է ողնաշարային հիվանդությունների: Անորակ սնունդն էլ իր հերթին է նպաստում, ըստ Մամիկոն Եղունյանի, անորակ սնունդը տանում է վաղաժամ ծերացման, առաջացնում է օրգանիզմում աղակալումներ: Բացի դրանից` հետագայում ողնաշարային հիվանդության պատճառ կարող են դառնալ դասագրքերով լի ծանր պայուսակները, որոնք կրում են դպրոցականները: Պատճառներից Մամիկոն Եղունյանն առանձնացնում է նաեւ բարձրակրունկ կոշիկները, որոնք ողնաշարի ուղիղ դիրքն ապահովել չեն կարող: Բժիշկը խորհուրդ է տալիս, որ չհագնեն նաեւ լրիվ հարթ կոշիկներ, քանի որ այս դեպքում էլ մարմնի ծանրությունն ընկնում է կրունկների վրա: Ըստ նրա` ողնաշարային հիվանդություններից խուսափելու համար նաեւ պետք է ապրել ակտիվ կյանքով եւ հետեւել, որ դեռ փոքր տարիքից երեխաները հետեւեն առողջ ապրելակերպին: Ինչ վերաբերում է բուժման մեթոդներին, բժիշկն ասում է` նախ հարկ է ճիշտ ախտորոշել հիվանդությունը եւ հետո նոր սկսել բուժումը: Մերսումներով բուժումներին մասնագետը դեմ չէ, բայց ասում է` միշտ չէ, որ մերսումն օգտակար է: Օրինակ` եղել է դեպք, երբ ողնաշարի փոքր ճողվածքը մերսումներց հետո ավելի է մեծացել, ստիպված դիմել են վիրահատության: Ըստ նրա` մերսումներով հնարավոր է լուծել միայն մկանային խնդիրը:

Իսկ ողնաշարային հիվանդությունների բուժումը, թեկուզ վիրահատական միջամտությամբ, Հայաստանում ավելի էժան է, քան ուրիշ շատ երկրներում: Պարզապես, այստեղ կան բնակչության շերտեր, որոնք չեն կարող վճարել անգամ այս մատչելի գները: Իսկ հետազոտման մեթոդների, բուժման, վիրահատությունների որակի վերաբերյալ Մամիկոն Եղունյանն ասում է, որ այստեղ դրանց որակը չի զիջում Եվրոպայում կատարվող բուժման կամ հետազոտության որակին. «Ընդհանրապես վիրահատական տեխնիկան աշխարհում այնքան է մշակված, որ կարող են միլիմետրերի ճշտությամբ վիրահատություններ անել»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #158, 20-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ