ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԵԿՆԱՐԿԸ` ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ Մ. Հ. Քանդակագործության միջազգային սիմպոզիումը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին Գյումրիում, որը կկրի «Կենդանի աղբյուր» խորագիրը: Այն անցկացվում է «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի շրջանակներում: Հանձնախմբի կողմից ընտրված 10 քանդակագործներ մեկ ամիս աշխատելու են Գյումրիում, այնուհետեւ իրենց ստեղծած քանդակները նվիրելու են քաղաքին: Մասնակիցներից չորսը գյումրեցի են, մեկական մասնակիցներՙ Երեւանից եւ Ստեփանակերտից, ինչպես նաեւ Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից, իսկ հրավիրված հյուրերի շարքում է իտալացի քանդակագործ Մասիմիո Լիպպին: Քանդակագործության սիմպոզիումի ղեկավար, «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, քանդակագործ Արթուր Գեւորգյանը հավաստիացրեց, որ Մ. Լիպպին Գյումրիում աշխատելու է առանց հոնորարի, քանի որ շատ է սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին: Ի դեպ, քանդակագործության աշխատանքներին զուգահեռ, Գյումրիում անցկացվելու են նաեւ տարաբնույթ մշակութային միջոցառումներ ցուցահանդեսներ, համերգներ, մշակութային քննարկումներ ու վարպետության դասեր: Քանդակագործության սիմպոզիումի իրականացման համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 8 մլն դրամ: Գումարի կեսը հատկացվելու է քանդակագործներին որպես հոնորար, յուրաքանչյուրինՙ 400 հազար դրամ: Ա. Գեւորգյանի խոսքով, ծրագիրը կտեւի երեք ամիս` մեկ ամիս քանդակելու են, երկրորդ ամիսը` նյութեր են տպագրվելու, երրորդ ամսին արդեն քանդակները կտեղադրվեն Գյումրիի «Խաղաղության օղակում»: Այդ օրերի ընթացքում, Գեւորգյանի խոսքով` կկազմակերպվեն նաեւ համերգներ, ներկայացումներ, մի խոսքով` արվեստների տոն կլինի քաղաքում: |