ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ 7-ՐԴ ԽԱՂԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ 6 ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ Ֆրանսիական Նիցա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերից հայրենիք վերադարձավ Հայաստանի 36-հոգանոց մարզական պատվիրակությունը, որը գլխավորում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: 5 մարզաձեւերում հանդես եկած մեր մարզիկները մրցումներում 3-ական ոսկե եւ բրոնզե մեդալ նվաճեցին: Առավել հաջող հանդես եկան մեր ազատոճային ըմբիշներըՙ նվաճելով 3 ոսկե եւ 1 բրոնզե մեդալ: Հաղթող ճանաչվեցին Օհան Գիքինյանը (55 կգ), Նարեկ Սիրունյանը (66 կգ) եւ Վիկտոր Կազիշվիլին (96 կգ), իսկ գերծանրքաշային Անդրանիկ Գալստյանն արժանացավ բրոնզե մեդալի: Մյուս 2 բրոնզե մեդալները նվաճեցին մեր ձյուդոյիստներըՙ Գրիգոր Իվանյանը (60 կգ) եւ Տիգրան Վարոսյանը (66 կգ): Վատ հանդես չեկան հեռացատկորդներ Արսեն Սարգսյանն ու Վարդան Փահլեւանյանը, որոնք գրավեցին համապատասխանաբար 4-րդ եւ 5-րդ տեղերը: Ընդհանուր հաշվարկով Հայաստանի մարզական պատվիրակությունը մրցումներում գրավեց 12-րդ տեղը խաղերի մասնակից 54 երկրների շարքում: Իսկ մեր ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկով 2-րդն էր: 4 տարին մեկ անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին Հայաստանը 2-րդ անգամ մասնակցեց: Լիբանանում անցկացված նախորդ խաղերում հայ մարզիկները նվաճել էին 3 արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: |