ՎՆԱՍՈՎ ԱՇԽԱՏՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ Ա. Մ. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածի մասերից երկուսը անվավեր ճանաչվելու մասին երեկ ընդունած կառավարության որոշմանն անդրադառնալովՙ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց պետական կամ պետական մասնակցությամբ ձեռնարկություններում տիրող վիճակի մասին: «Պարզվում է, որ կան դեռեւս ձեռնարկություններ, որոնք աշխատում են վնասով, եւ մեր ներկայացուցիչները կամ նախարարությունները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում: Մենք պետք է էապես խստացնենք մեր պահանջները նման ձեռնարկությունների նկատմամբ. եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, անհապաղ պետք է փոխել տնօրենին: Եթե չկա հիմնավոր բացատրություն` ինչ պատճառով է պետական ձեռնարկությունը կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունն աշխատում վնասով, դա անհապաղ պետք է դառնա մեր քննարկման առարկան: Մենք մեր պետական սեփականությունը պետք է արդյունավետ կառավարենք», ասաց վարչապետը: Մանրամասները պարզաբանելովՙ վարչապետն հայտնեց, որ դրա համար սահմանվելու են համապատասխան վերահսկողական մեխանիզմներ, որպեսզի այդ գործընթացը ավտոմատ կերպով լինի: Տիգրան Սարգսյանը որպես օրինակ բերեց ամբուլատորիաներն ու պոլիկլինիկաները, որոնք անցնում են համայնքային ենթակայության ներքո եւ սկսում են աշխատել վնասով: «Մենք պետք է խնդրենք համայնքի ղեկավարներին, որ դա դարձնեն քննարկման առարկա, եւ եթե նրանք ի վիճակի չեն պատվիրակված ֆունկցիաներն իրականացնել, ապա ավագանիները որոշում ընդունեն եւ այդ սեփականությունը հանձնեն պետությանը: Հակառակ դեպքում անթույլատրելի է պարտքի կուտակումն այն ձեռնարկություններում, որոնք ստանում են 100 տոկոս պետական ֆինանսավորում», եզրափակեց վարչապետը: |