ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Սեպետմբերի 25-ին աշխատանքային այցելությամբ Միացյալ Նահանգներում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբադնյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում: Նախարարի ելույթին ներկա էին Հարվարդի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հետազոտողներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ: Նախարար Նալբանդյանն իր ելույթում եւ հարցերի պատասխաններում ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը, սիրիական ճգնաժամի եւ դրա հանգուցալուծման ուղիների, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հարվարդի համալսարանի մարշալ Ջեքի Օ՛Նիլի հետ: Հանդիպմանը քննարկվեցին հեղինակավոր կրթօջախում հայազգի ուսանողների առավել ներգրավման հնարավորությունները: Հարվարդում նախարար Նալբանդյանը նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր, բժշկական ֆակուլտետի բազմամյա դեկան Էռնեստ Բարսամյանին հանձնեց ՀՀ նախագահի շնորհած «Մխիթար Հերացի» մեդալը: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Նյու Յորքՙ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին: |