RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013



Վերլուծում

Տեղադրվել է` 2013-09-26 23:49:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1094, Տպվել է` 50, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՀԱՍԿԱՆԱՆՔ ` ՈՒՄԻՑ ԻՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Չորեքշաբթի օրը «Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության մամուլի կենտրոնի լեփ-լեցուն դահլիճում անցած Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջը, լրագրողների աշխույժ քննարկումները հեռուստակամրջից առաջ եւ հետո պարզ ցույց տվեցին, թե որքան այժմեական եւ աշխույժ են Հայաստանի եվրասիական ինտեգրման հեռանկարին վերաբերող քննարկումները: Մոսկվացի քաղաքագետ Անդրեյ Սմիռնովը հաշվարկել է, որ վերջին չորս տարիների ընթացքում եվրոպական ինտեգրման գործընթացների լուսաբանման եւ հասարակական մատուցման գործընթացներում ներգրավված է եղել ավելի քան 350 հայկական հասարակական կազմակերպություն: Այնինչ հայ-ռուսական, էլ չասածՙ հայ-ղազախական եւ հայ-բելառուսական հարաբերությունների նմանատիպ ոլորտներում ընդգրկված կազմակերպությունների թիվը կարելի է հաշվել երկու ձեռքի մատներով: Չորեքշաբթի օրը Զարգացման եվրասիական բանկի գլխավոր վերլուծաբան Եվգենի Վինոկուրովը տեղեկացրեց, որ հասարակական կարծիքի հարցումներով Հայաստանի բնակչության 67%-ը դրական է տրամադրված եվրասիական ինտեգրացիայի նկատմամբ եւ միայն 5%-ը` բացասական: Այնինչ հասարակական քաղաքական դաշտում տրամադրությունները կարծես թե հակառակն են: Եվրոպական ինտեգրման գործընթացի բառապաշարով զինված մեր քաղաքացիական հասարակության մասը լուրջ դժվարություն ունի համակերպվելու Մաքսային միությանը եւ ապագա Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության քաղաքական որոշմանը: Ահա թե ինչու շատ կարեւոր եմ համարում, որ մեր քաղաքացիական հասարակության ինստիտուտները եւ հետաքրքրված հանրությունն ընդհանրապես տեղյակ լինեն ոչ միայն եվրասիական ինտեգրման գործընթացի հանգրվանային փուլերին եւ կարեւորագույն քաղաքական իրադարձություններին, այլեւ փորձի հասկանալ այդ գործընթացների բարդ եւ ոչ միանշանակ ներքին տրամաբանությունը, տեղեկացված լինի եւ դրանով նաեւ մասնակից լինի Եվրասիական միության շինարարության գործընթացին: Հենց դրա համար էլ առաջարկում եմ վերլուծել այն կարեւոր տեղեկությունները, որոնք Հայաստան են հասնում այս խնդրին առնչվող ամենատարբեր տեղերից: Չէ՞ որ մենք պետք է հասկանանք, թե մեր զարգացող տնտեսություն, բարեկեցիկ հասարակություն եւ անվտանգ ու կայուն պետություն ունենալու մեր ձգտման մեջ ումից ինչ կարող ենք ակնկալել: Որո՞նք են արտաքին աշխարհից, մեզ վերաբերող գլխավոր ուժային կենտրոններից եկող ազդակներն ու դրանցից սպասելիքները եւ որո՞նք են այն խնդիրները, որոնք մենք ուղղակի պարտավոր ենք ինքներս լուծելու մեր տանը` Հայաստանում:

Մաքսային միությունը Հայաստանում դարձնել ավելի ճանաչելի

Մեր շարքային քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ եվրասիական ինտեգրման գործընթաց ասելով մենք հասկանում ենք հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունների էլ ավելի խորացում: Սա մոտավոր ճշմարտություն է, բայց այսպիսին է խնդրի նկատմամբ միայն բարձր շփումների առիթներով տեղեկատվություն ստացող հայաստանյան միջին վիճակագրական քաղաքացու պատկերացումը: Դեռ պետք է երկար ու մանրամասն բացատրել, որ Մաքսային միությունը ընդհանուր տնտեսական տարածք է Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի միջեւ, որին ցանկանում են մասնակցել նաեւ Ղրղզստանը եւ Հայաստանը, գուցե հետո նաեւ այլ հետխորհրդային տարածքի պետություններ: Սա ասում եմ այն պատճառով, որ նույնիսկ մոսկովյան հեռուստաալիքները հայկականից գերադասող մեր շատ հեռուստադիտողներ դժվար թե բավարար չափով տեղեկություններ ստանան Եվրասիական միության կառուցման քաղաքական եւ հասարակական քննարկումների եւ դրան առնչվող անցուդարձի վերաբերյալ: Սա ճշմարտություն է, որի մասին խոսում են եվրասիական տարածքի շատ քաղաքագետ դիտորդներ, որոնք հետեւում են վերոհիշյալ գործընթացներին: Օրինակՙ վերջերս հայտնի էր, որ Մաքսային միությունում միասնական տարադրամի անցնելու ծրագրեր չկան: Հայտնի է նաեւ, որ Մաքսային միության անդամներից ոմանք էական առարկություններ ունեն վերազգային քաղաքական կառույցներ ձեւավորելու ծրագրերի դեմ, պատճառաբանելով, որ համաձայն չեն զիջելու իրենց ազգային ինքնիշխանության մի մասը: Բայց ահա Պետական դումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Եվրասիական միության կանոնադրության մեջ մի ամբողջ բաժին կլինի միջխորհրդարանական ձեւաչափի վերաբերյալ: Սկզբում դա կլինի միջխորհրդարանական ասամբլեա, որը հետագայում կարող է վերաճել Եվրասիական խորհրդարանի: Ընդ որում, ռուս խորհրդարանականն ասել է նաեւ, որ նոր ստեղծվելիք այդ կառույցը կարող է օրինակ վերցնել Եվրոպական խորհրդարանից: Նա կարծիք է հայտնել, որ այս ձեւաչափը կարող է ստեղծվել 2015 թ. հունվարի 1-ին Եվրասիական միության հռչակումից հետո մի քանի տարվա ընթացքում: Սա նշանակում է, որ միջազգային մակարդակում սկսելու է քննարկվել վերազգային գոնե որոշ կառույցների ձեւավորման հարցը, եւ ուղղակի անթույլատրելի է դուրս մնալ աշխատանքային այս քննարկումների շրջանակից: Ընդ որում, այս բազմակողմ քննարկումները, ինչպես եղել է Եվրոպական միության շինարարության գործընթացում մոտ քսան տարվա մեջ, մեր պարագայում եւս ենթադրում են բազմակողմ քննարկումներ եւ համաձայնեցումներ հասարակական համերաշխության եւ շահերի ներդաշնակեցման պայմաններում: Ինչպես ասում են, դրա մասին խոսելն է հեշտ, իսկ դա անելը շատ ավելի դժվար է:

Մաքսային միության հետ կապված շատ խնդիրներ մեր հասարակությանը այսօր բոլորովին անծանոթ են: Չորեքշաբթի օրվա վերոհիշյալ հեռուստակամրջի ժամանակ մոսկվացի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարեց, որ իր կարծիքով Հայաստանին մնացել է ընդամենը ընդունել այն մոտ հարյուր օրենքները եւ ռեգլամենտները, որոնք մշակվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Բայց բոլորն էլ տեսան, որ սա նույնպես ճշմարտություն է մասամբ, որովհետեւ այլ մոսկվացի պաշտոնյաներ ավելի վաղ ընդունել են, որ եթե Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ Կալենինգրադի մարզը ունի արտոնություններ եւ առանձնահատկություններ բուն Ռուսաստանի հետ մաքսային հարաբերություններում, ապա Ռուսաստանի եւ Մաքսային միության երկրների հետ սահման չունեցող Հայաստանի Հանրապետությունը պետք է որ ակնկալի առնվազն նման արտոնություններ: Մաքսային միությանը մեր անդամակցության հակառակորդների փաստարկներից մեկն է, օրինակ, որ եթե չլինեն այդ առանձնաշնորհները, ապա, օրինակ, Հայաստան ներկրվող հին ավտոմեքենաները կարող են շատ ու շատ թանկանալ: Ինչպես տեղի է ունեցել Ղազախստանում: Ուրեմն բացվում է եւս մեկ դաշտ հասարակական ուշադրության ներքո այս հարցերը Մոսկվայում բարձրացնելու եւ լուծելու համար:

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին տնտեսագիտական հաշվարկներում խոսք է գնում, որ մաքսային տուրքի վերացումից հետո ռուսական գազը կարող է էժանանալ մինչեւ 30%-ով: Եվ նույնիսկ ասվում է, որ դա կարող է դրականորեն անդրադառնալ, օրինակ, հայկական ադամանդագործության զարգացման վրա: Բայց սա նույնպես մոտավոր ճշմարտություն է, որովհետեւ գազի եւ բենզինի գները մեր պետության, մեր կառավարության եւ մեր հասարակական հարաբերությունների խնդիրներն են եւ վերաբերում են միայն մեր երկրի ներսում լուծվելիք հարցերի թվին: Ահա թե ինչու կարեւոր է հասկանալ, թե մեր ինտեգրացիոն գործընթացներում ումից ինչ ենք ակնկալում:

Ստորգետնյա խութեր սպառնալիքների տեսքով

Մեր ազգային անվտանգության համար սպառնալիք խնդիրներից մեկի մասին բարձրաձայնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ վերջին գագաթաժողովում: Խոսքն այն մասին է, որ ՀԱՊԿ որոշ անդամ-երկրներ այդ անվտանգային ռազմաքաղաքական դաշինքի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին արտահայտում են մի տեսակետ, իսկ այլ հարթակներում` այլ: Հայտնի է, որ թյուրքալեզու պետությունների համագործակության կազմակերպություններում Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի աջակցությունը, շատ աշխույժ քաղաքականություն է առաջ մղում Հայաստանը մեկուսացնելու եւ վարկաբեկելու նպատակով: Սա հայտնի է եւ նորություն չէ: Բայց չհիմնավորված լավատեսությամբ կարծելը, թե Մաքսային միությանը անդամակցելու պայմաններում եւ նույնիսկ ապագա Եվրասիական միություն Ադրբեջանի մտնելու դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կհրաժարվեն իրենց աշխարհառազմավարական ծրագրերիցՙ բավական մեծ միամտություն է: Ահա թե ինչու պետք է հետեւողականորեն առաջ մղել Հյուսիս-Հարավ ռազմավարական առանցքի ըստ ամենայնի զարգացման հարցը, որտեղ Հայաստանի շահերը արմատապես համընկնում են Ռուսաստանի եւ Իրանի, գուցե նաեւ Չինաստանի շահերի հետ: Այդ առանցքի կարեւորագույն մի բաղադրիչը աբխազական երկաթուղու վերագործարկումն է, առանց որի Հայաստանը իրեն չի զգալու եվրասիական տարածքի լիարժեքորեն ինտեգրված մաս: Մենք այս մասին պետք է խոսենք անդադար եւ հնարավոր բոլոր խողովակներով առաջ մղենք այս հարցը, որը առանց լուրջ ու հետեւողական ջանքերի միջնաժամկետ հեռանկարում ուղղակի չի լուծվի: Ընդհանրապես միշտ աչքի առաջ պետք է ունենալ այն պարզ իրողությունը, որ մեր հարեւանները ջանքեր չեն խնայելու Հայաստանի աչքում Ռուսաստանը նսեմացնելու եւ Ռուսաստանի աչքում մեր երկիրը նսեմացնելու նպատակով: 21-րդ դարը տեղեկատվական տեխնոլոգիաների դար է, եւ ինչ խորամանկություններ ասես, որ չեն գործադրվելու այս ռազմավարական նպատակին հասնելու համար: Ամենաանսպասելի հարթակներում եւ ատյաններում կարող են հայտնվել ամենաանսպասելի դերակատարներ, որոնք իրենց վրա կվերցնեն ամենաանսպասելի միջոցներով այդ սեւ գործը անելը: Սրան դիմակայելը համարժեք միջոցներով մեր երկրի համար թանկ եւ, կարելի է ասել, անլուծելի խնդիր է: Նաեւ չարժե մեր ժողովրդին ավելորդ տեղը լարել վհուկների որսի կամ «բռնեցե՛ք լրտեսին» վիճակներով: Բայց զգոնությունը լավ բան է եւ մեր ազգային գիտակցության մեջ արմատավորված երեւույթ: հենց դրա համար էլ մեր հասարակական դաշտում վերջին ամիսների ընթացքում ծավալված հասարակական աշխույժ բանավեճը եվրասիական ինտեգրման կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ պետք է շարունակելՙ չիջեցնելով քննարկումների մակարդակը վհուկների որսի աստիճանի եւ փնտրել ներքին թշնամիներ մեր հասարակական համերաշխության մթնոլորտը նոր-նոր ձեւավորման մեր օրերում:

Եվրասիական ինտեգրման գործընթացը` հասարակական վերահսկողության ներքո

Որպեսզի եվրասիական ինտեգրման գործընթացի իրական կողմնակիցների տեսակարար կշիռը համահունչ լինի մեր լրատվամիջոցներում եւ հասարակական քաղաքական դաշտում առկա տրամադրություններին, անհրաժեշտ է, որ լսելի դառնան բոլոր նրանց ձայները, ովքեր այս բնագավառում ասելիք ունեն: Պատշաճ մակարդակի քննարկումները մեր հասարակության մեջ Մոսկվայում սեպտեմբերի 3-ին կայացած Պուտին-Սարգսյան հանդիպումով ոչ թե ավարտվում են, այլ նոր միայն սկսվում են: Ակնհայտ է, որ երկկողմ ու բազմակողմ բանավեճերը մեզանում դեռ երկար են շարունակվելու եւ դրա համար կրկին կարեւոր է, որ դրանք ամրապնդեն քաղաքական կայունությունը եւ հասարակական համերաշխությունը, այլ ոչ թե հիվանդագին ցնցումների մեջ պահեն բոլորիս: Վերջին ամսվա ընթացքում նույնիսկ արեւմտյան փորձագետների վկայություններով մենք հասկացանք, որ Մաքսային միությանն անդամագրվելով մեր տնտեսությունը կարող է ունենալ շոշափելի լրացուցիչ աճ: Մենք հասկացանք, որ մեր պետական կառավարական մեքենայի, ինչպես նաեւ ներքին քաղաքականության ասպարեզում ընդունվելիք որոշումների դեպքում Հայաստանի տնտեսական զարգացումը տեսականորեն կարող է արագանալ: Բայց մենք նաեւ շատ լավ հասկացանք, որ առանց եվրոպական տիպի պետության եւ հասարակության կառուցման մեր աղմկոտ կոչերը մնալու են լոկ բարի ցանկություններ, իսկ վերոհիշյալ բոլոր նպատակների իրականացման օգտակար գործողության գործակիցը լինելու է ցածր: Ահա թե ինչու մեր քաղաքացիական դաշտում ընթացող բուռն բանավեճերը օգտակար են այնքան ժամանակ, քանի դրանք մեզ բոլորիս ուժեղացնում են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ