RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#161, 2013-09-25 > #162, 2013-09-26 > #163, 2013-09-27 > #164, 2013-09-28 > #165, 2013-10-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-09-26 23:49:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 969, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԹԵՔԵՅԱՆ ԴՊՐՈՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՆԹՍՄԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, Գյումրի-Երեւան

Ամեն անգամ Հայաստանի երկրորդ քաղաք` Գյումրի գնալիս երկակի տպավորություններ են առաջանում: Ավերիչ երկրաշարժից 25 տարի անց էլ Գյումրիում մնում են տնակներ, կիսավեր շինություններ եւ ամենասարսափելին` խրոնիկական դարձած թախիծ գյումրեցի մարդկանց դեմքերին: Բայց կիսավեր շինությունների կողքին այսօր Գյումրիում կարելի է տեսնել դեռեւս կիսասարք շինություններ, որոնցում շարունակվում են շինարարական աշխատանքները, կարելի է տեսնել նաեւ կառուցվող բազմաբնակարան շինություններ եւ տներ, եւ ամենակարեւորն ու ոգեւորիչը` դպրոց շտապող ու դպրոցից վերադարձող երեխաներ:

Նրանցից շատերը հաճախում են Գյումրու թիվ երկու դպրոց, որը գյումրեցիների շրջանում ընդունվում է որպես «բարձրագույն ուսումնական հաստատության պես մի բան», դրան հավասար. դպրոցը 1994-ից կրում է անվանի բանաստեղծ Վահան Թեքեյանի անունը: Տնօրեն Հովհաննես Պետրոսյանը, ով 2009-ին ճանաչվել է ՀՀ լավագույն տնօրեն, գյումրեցուն վայել եւ միեւնույն ժամանակ արժանի հպարտությամբ ներկայացնում է իր դպրոցը. ունի ճիշտ 699 աշակերտ, 76 ուսուցիչ, 15 օժանդակ աշխատող: Դպրոցը հիմնադրվել է դեռեւս անցյալ դարի սկզբներին` 1927-ին եւ եղել է ռուսական: Այնուհետեւ անկախությունից հետո դարձել է լրիվ հայկական, ավելի ուշ` «ռուսական թեքումով», եւ 1994-ից կրում է Վահան Թեքեյանի անունը: Ընդ որում, չնայած որ դպրոցը գտնվում է Գյումրու ամենաբարեկարգ թաղամասերից մեկում, նոր վերակառուցված օտարերկրացի բարերար Հանթսմանի անունը կրող թաղամասում, Շիրակի մարզպետարանի դիմաց, այնուամենայնիվ, պահպանել է Թեքեյանի անունը, չնայած փորձեր են կատարվել դպրոցը վերանվանելու Հանթսմանի անունով:

Ամերիկայի ու Կանադայի Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) դեռեւս 2000-ից նախաձեռնած եւ իրականացվող «Ուսուցիչ մը հովանավորէ» ծրագրի շրջանակներում, որով, հիշեցնենք, Հայաստանի ու Արցախի Թեքեյանի անունը կրող դպրոցների մանկավարժական անձնակազմին ու օժանդակ աշխատողներին Ամերիկայի ու Կանադայի ԹՄՄ ներկայացուցիչների հանգանակությունների շնորհիվ տրվում է համապատասխանաբար 130 եւ 30 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երեկ ԹՄՄ ներկայացուցիչները, Երեւանում ԹՄՄ գրասենյակի պատասխանատու Գայանե Մուրադյանը, ֆրանսաբնակ մտավորական Վարուժան Սիրապյանը եւ Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մակնավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի նախագահ, գիտությունների թեկնածու, մշակութաբան Գարեգին Գեւորգյանը Գյումրու Թեքեյանի անունը կրող թիվ երկու դպրոցում էին:

Դպրոցի բարեկարգ շինությունը, խաղահրապարակը, 16 ժամանակակից համակարգիչներով, էլեկտրոնային էկրանով համակարգչային դասարանը, հարուստ գրադարանը, բարեկարգ դասարանները աչք էին շոյում: Կարելի է ասել, որ Գյումրու թիվ երկու դպրոցում բոլոր նախադրյալները կան աշակերտների համար` սովորելու, լավ սովորելու: Դպրոցում ուսուցանվում է երկու եվրոպական լեզու` անգլերեն եւ ֆրանսերեն: Վերջինիս առկայությունը դպրոցի ուսումնական գործընթացում հատկապես ոգեւորեց ֆրանսաբնակ պրն Սիրապյանին, որը դպրոցի ֆրանսերենի ուսուչուհու հետ զրույցում պայմանավորվեց ֆրանսերեն գրականության տրամադրման հարցում:

Գյումրու թեքեյանցիները, անկախ ԹՄՄ ներկայացուցիչների նվիրատվությունից եւ նաեւ դրանով, ուրախ են:

Դպրոցի տնօրեն պրն Պետրոսյանը մեզ ծանոթացնում է հին Գյումրիին. «Սա մեր քաղաքն է», ասում է նա` հպարտությամբ: Վստահաբար նրա այս պահի 699 աշակերտների քաղաքն էլ է Գյումրին, որտեղ մի օր այցելելիս, վստահ ենք, էլ երկակի տպավորություններով չենք հեռանա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #163, 27-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ