ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՀԱՅՖԵՍՏՈՒՄ ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու, www.britishcouncil.am կայքը Այսօր, հոկտեմբերի 1-ին ժամը 13.00-ին, Կ. Ստիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա ՀայՖեստ փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիս: Մասնակցում են ՀայՖեստ միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրեն Մայքլ Բըրդը եւ «Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» ներկայացման դերասան Էլեանոր Բաքընը: ՀայՖեստ 11-րդ փառատոնը կմեկնարկի բրիտանական «1927» թատերախմբի բեմադրությամբ «Թատերասեր յուրաքանչյուր ոք պետք է տեսնի այս բեմականացումը» ... The Observer Իրենց առաջին ներկայացման շռլնդալից հաջողությունից հետո «1927»-ը հանդես է գալիս նոր` «Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» բեմադրությամբ: Ներկայացման պրեմիերան կայացավ 2010 թ.-ին Սիդնեյի օպերային դահլիճում, որից հետո թատերախումբն այս բեմադրությամբ մասնակցեց քննադատների դրական արձագանքն ստացած Լոնդոնի երկու թատերաշրջանին: Երկու տարի թատերախումբը շրջագայել է աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում` ներկայացմամբ հանդես եկել Փարիզի Դե Լա Վիլլե թատրոնում, Նոր Զելանդիայում եւ ԱՄՆ-ի Սպոլեթո փառատոներին: Այժմ արդեն հոկտեմբերի մեկին եւ երկուսին թատերախումբը «Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» բեմադրությամբ կներկայանա հայ հանդիսատեսին ՀայՖեստ միջազգային թատերական փառատոնին` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: «Կենդանիներն ու երեխաները գրավել են փողոցները» բեմադրությունը ներկայացնում է անիմացիայի եւ կենդանի խաղի անկրկնելի համադրություն, որն ուղեկցվում է հնչյունային կատարյալ ձեւավորմամբ: Այս ոճի շնորհիվ 1927 թատերախումբը դասվեց վերջին հինգ տարվա ընթացքում ամենից շատ քննարկվող խմբերի շարքին: Հանդիսատեսի հայացքի ներքո թատրոնն ու կինոն միավորվում են` ստեղծելով միանգամայն յուրահատուկ եւ հրաշալի ներկայացում, որի բեմադրման համար թատերախմբից պահանջվել է 18 ամիս: 1927 թատերախումբը հիմնադրվել է 2005թ-ին հեղինակ, դերասան եւ ռեժիսոր Սյուզան Անդրեյդի եւ անիմատոր, բեմադրող նկարիչ Փոլ Բարեթի կողմից: 2006թ-ին նրանց միացան դերասան, հագուստի ոճաբան Էսմե Ափփլեթոնը եւ դերասան, երգահան, երաժիշտ Լիլիան Հենլին, իսկ 2007 թ.-ին` պրոդյուսեր Ջոու Քրոուլին: Տարբեր բնագավառների ներկայացուցիչների կուռ համագործակցության շնորհիվ է, որ թատերախումբը կարողանում է ներկայանալ նորարարական եւ յուրահատուկ բեմադրություններով: Այս տարիներին թատերախումբն արժանացել է քննադատների դրական արձագանքին, Նյու Յորքի Drama Desk մրցանակին, իսկ 2008 թ.-ին լավագույն դերասանական կազմ անվանակագում շահել Empty Space Peter Brook մրցանակը: «1927. նրանց աստղը գերիշխող է. նրանք անփոխարինելի են»...The Times |