RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #166, 02-10-2013



Տեղադրվել է` 2013-10-01 23:34:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1064, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԳԵՅ ՇՔԵՐԹՆԵՐԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԳՐԿՈՒՄ» ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌ ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Եվրոպական արժեքները համասեռամոլությամբ պայմանավորող գնահատականները, թե Մաքսային միությանն անդամակցությունը ավելի մոտ է հայկական արժեքներին, սխալմամբ, ավելի շուտ, անգրագետ դատողություններով են կապվում Եվրոպական միության հետ: Ռուսաստանի պարտադրած միությանն անդամակցությունը համասեռամոլությանը հակադրելու փորձեր անողներին լավ կլինի տեղեկանալ, որ մինչեւ Եվրոպական միության հետ հարաբերությունների կառուցումը Հայաստանն արդեն անդամակցում էր այնպիսի մի կազմակերպության, որտեղ բոլոր փոքրամասնությունների, այդ թվում` սեռական, իրավունքների պաշտպանությունը պարտադիր է:

Խոսքը Եվրոպայի խորհրդի մասին է, ընդ որում` այստեղ ներկա դրությամբ Հայաստանը ոչ թե շարքային անդամ է, այլՙ նախագահող երկիր: Այս տարվա մայիսի 16-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 123-րդ նիստում Նախարարների կոմիտեի նախագահությունը պաշտոնապես փոխանցվեց Անդորրայից Հայաստանին: Այդ նպատակով էլ ժամանակին, ինչպես եւ սեպտեմբերի 30-ին, Ստրասբուրգում էր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Պարզաբանենք, որ Եվրոպայի խորհուրդն ունի կանոնադրային երկու մարմին` Նախարարների կոմիտեն եւ խորհրդարանական վեհաժողովը: Նախարարների կոմիտեն ԵԽ ղեկավար եւ որոշումներ կայացնող մարմինն է` կազմված անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներից, որտեղ նախագահությունը փոխվում է տարեկան երկու անգամ: Այսինքն` մինչեւ նոյեմբեր Հայաստանը մնալու է նախագահող երկիր ու բարձր ամբիոններից խոսելու մարդու, նաեւ սեռական փոքրամասնությունների իրավունքները հարգելու կարեւորության ու անհրաժեշտության մասին:

Այսինքն` այն սնանկ հիմնավորումները, թե Մաքսային միությանն անդամակցությունը կարող է Հայաստանը զերծ պահել գեյ շքերթներից, լավագույն դեպքում քարոզչական հնարք են, այլապես ինչո՞ւ է այսօր Ստրասբուրգում ԵԽ խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որ արդեն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է: Նախագահը լինելու է Փարիզում եւ Ստրասբուրգում: Փարիզում հանդիպումներ են նախատեսված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:

Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: Սարգսյանը կմասնակցի նաեւ ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով եւ կպատասխանի պատգամավորների հարցերին:

Իսկ այդպիսի հարցերը կարող են շատ տարբեր լինել` մարդու իրավունքների պաշտպանությունից, ընտրություններից մինչեւ Մաքսային միություն ու ռուսաստանյան ճնշումներ Արեւելյան գործընկերության երկրների նկատմամբ: Դատելով Ստրասբուրգում նույն ԵԽԽՎ ամբիոնից արդեն իսկ ելույթ ունեցած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղված հարցերից, որոնցում այդպես էլ չհնչեց Հայաստանի` եվրոպական ինտեգրման ուղղությունը փոխելու որոշման մասին, Սերժ Սարգսյանը դրանից չի խուսափի, հատկապես որ սեպտեմբերի 30-ի վեհաժողովի նիստի ավարտինՙ ազատ քննարկումների ժամանակ տարբեր երկրների ներկայացուցիչներ բարձրացրել են Վրաստանի, Ուկրաինայի, Հայաստանի ու Մոլդովայի նկատմամբ ճնշումների հարցը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #166, 02-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ