RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #166, 02-10-2013



Տեղադրվել է` 2013-10-01 23:34:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1235, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ» ԵՐԱԶԱՆՔԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական Բաքուն, ամենայն հավանականությամբ, մտադիր չէ ընդառաջել մինչեւ տարեվերջ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպում կազմակերպելու` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկությանը: Ինչպես հայտնի է, Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումներից հետո նման հույս էին արտահայտել:

Այդ տպավորությունն է թողնում Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակի երեկ արած հայտարարությունը, որտեղ գլխավոր շեշտադրումը դարձյալ «միջհամայնքային հանդիպումներ կազմակերպելու նախաձեռնությունն է»: Ինչպես հայտնի է, վերջին շրջանում ԼՂ «ադրբեջանական եւ հայկական համայնքների ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու» գաղափարն ադրբեջանական կողմը հնչեցնում է ամենատարբեր առիթներով:

Հասկանալի է, թե ինչու է պաշտոնական Բաքուն խնդիրը փորձում տեղափոխել «միջհամայնքային երկխոսության» հարթություն: Բանն այն է, որ ԼՂ խնդրի կարգավորման հայեցակարգը, որ պաշտպանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, չի արտացոլում ադրբեջանական կողմի պատկերացումները: Այս իրավիճակում համաձայնել նախագահների հերթական հանդիպման` Ադրբեջանի համար նշանակում է եւս մեկ անգամ «ոչ» ասել միջնորդական ջանքերին, ինչը հղի է ինքնամեկուսացման սպառնալիքով:

Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ Իլհամ Ալիեւի երրորդ ժամկետով պաշտոնավարումը կարող է խնդրահարույց լինել միջազգային շփումների առումով: Ադրբեջանում իշխող վարչախումբն, այսպիսով, ստիպված է վերստին «նախապայմաններ առաջադրել»: Այս անգամ` «միջհամայնքային երկխոսություն նախաձեռնելու» ձեւով: Ահա թե ինչու հարեւան երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, խուսափելով պատասխանել գլխավոր հարցին` «պատրա՞ստ է Ադրբեջանը հայտնի առաջարկությունների հիման վրա շարունակել բանկցությունները», նենգափոխում է ԼՂ խնդրի էությունը:

Նա միաժամանակ պնդում է, որ «Ադրբեջանի նախաձեռնած միջհամայնքային երկխոսության գաղափարը պաշտպանվում է միջազգային հանրության կողմից, եվրոպական կառույցների պաշտոնական ներկայացուցիչները (՞-Վ. Ա.) պաշտպանել են ադրբեջանական կողմի նախաձեռնությունը` որպես վստահության միջոցառումների բաղադրիչ»: Խոսքն ի՞նչ կառույցների ո՞ր ներկայացուցիչների մասին է, ադրբեջանցի պաշտոնյան ոչինչ չի ասում: Եվ չի էլ կարող, որովհետեւ ԼՂ խնդրի կարգավորման միջազգային միջնորդության մանդատ ունի միայն ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահությունը, իսկ վերջինս երբեք նման գաղափար չի հնչեցրել:

Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը, սակայն, շարունակում է ստել. «Կազմակերպվել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների հանդիպմանը (՞-Վ. Ա.) նվիրված միջոցառումներ, բայց, ցավոք, ամեն անգամ հանդիպման կազմակերպումը տորպեդահարվել է պաշտոնական Երեւանի կողմից, որը պարզապես հայկական համայնքին արգելել է մասնակցել նման միջոցառումների»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը:

Սա արդեն հիվանդ երեւակայության արդյունք է, որովհետեւ պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս եւ շատ հասկանալի լեզվով հայտարարել է, որ պատրաստ է կառուցողական մասնակցություն ունենալ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ընթացող բանակցություններին` որպես Ադրբեջանի հետ իրավահավասար կողմ: Բանակցային այլ ձեւաչափ գոյություն չունի, որքան էլ որ Բաքվում ցանկալին փորձեն ներկայացնել իբրեւ «իրականություն»:

«Միջհամայնքային երկխոսության նախաձեռնության» ակտուալացումն այն համատեքստում, երբ միջնորդները մտադիր են հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպմանը, վկայում է, որ պաշտոնական Բաքուն սպառել է ԼՂ խնդրի կարգավորման հայեցակարգին հակազդելու բոլոր ռեսուրսները եւ ստիպված է կառչելու փրփուրներից: Վստահաբար կարելի է ենթադրել, որ նախագահի պաշտոնում «վերընտրվելուց» հետո Իլհամ Ալիեւը որեւէ պատրվակով կխուսափի Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից: Եթե Ադրբեջանի ԱԳՆ-ն համարում է, որ «միջհամայնքային երկխոսությունն է խնդրի կարգավորման բանալին», իսկ դա անկասկած նաեւ Իլհամ Ալիեւի տեսակետն է, ուրեմն ի՞նչ իմաստ պիտի ունենա նախագահների հերթական հանդիպումը:

Մնում է, որ միջնորդներն իրենց հստակ խոսքն ասեն: Ակնհայտ է, որ Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջարկած «ճանապարհային քարտեզով» քայլ անելու մտադրություն չունի: Այդ դեպքում քայլ պիտի անեն իրենք` համանախագահ երկրները` հայտարարելով, որ ճանաչում են ԼՂՀ անկախությունը, տարածաշրջանում կայունության եւ կողմերի միջեւ ուղղակի բանակցություններով վիճելի հարցերի կարգավորման երաշխավոր են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #166, 02-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ