RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #166, 02-10-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-10-01 23:34:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1264, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՍԻՐԻԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ

Նման սենսացիոն հայտարարություն, ըստ թուրքական «Հյուրիեթ»-ի, որին հղում է արել virtualaz.org-ը, արել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի «մի բարձրաստիճան պաշտոնյա»` թուրք լրագրող Թոլգա Թանըշին տված հարցազրույցում: «Հյուրիեթ»-ի հեղինակն անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի «քաղաքականության հանդեպ Ադրբեջանի դժգոհությանը»: Ըստ Իլհամ Ալիեւի աշխատակազմի «բարձրաստիճան պաշտոնյայի», Ադրբեջանում «անհանգստացած են Թուրքիայի քաղաքականությամբ եւ տեսնում են, թե ինչպես է նա տարածաշրջանում կորցնում ուժը»:

Ադրբեջանցի պաշտոնյան խոստովանել է, որ իր երկրի տարածաշրջանային դաշնակիցը «ոչ թե Ռուսաստանն է Իրանի հետ կամ ԱՄՆ-ը, այլ` Թուրքիան», այդ իսկ պատճառով «արտաքին քաղաքականության մեջ Անկարայի թույլ տված սխալները» չափազանց վատ են անդրադառնում Ադրբեջանի վրա: Պաշտոնյան մեկնաբանել է, որ «տարածաշրջանում Թուրքիայի ուժի կորստյան հետ նրա տեղը կարող են զբաղեցնել այլ երկրներ», իսկ դա Ադրբեջանի «շահերին հակասում է»: Նա ասել է, որ Բաքվում «չգիտեն, թե էլ ինչքան կարող են դիմագրավել, մինչեւ Թուրքիան ուշքի կգա»:

Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչը նկատի է ունեցել Սիրիայի հարցում Թուրքիայի լուրջ ներգրավվածությունը: Այս ենթադրության օգտին է խոսում պաշտոնյայի հաջորդ միտքը, որ «սիրիական ճգնաժամն ազդում է նաեւ Ադրբեջանի իրավիճակի վրա»: Նրա ասելով, այդ հակամարտության պատճառով «Ադրբեջանից Սիրիա են գնում պատերազմելու»:

Միջազգային մամուլում վերջերս տեղեկություններ էին տարածվել, որ Սիրիայում արդեն իսկ ավելի քան 60 ադրբեջանցի գրոհային է սպանվել, եւ իշխանությունները խոչընդոտում են, որպեսզի «նրանց թաղումը կազմակերպվի հայրենիքում»: Ադրբեջանցի պաշտոնյան «Հյուրիեթ»-ի թղթակցին խոստովանել է. «Եթե նախկինում մենք կարողանում էինք նրանց (իսլամականներին- Վ. Ա.) զսպել, ապա, վերադառնալով Սիրիայից, նրանք դառնում են արմատական, եւ մեզ մնում է նրանց պարզապես ոչնչացնել»:

Սա չափազանց կարեւոր հանգամանք է: Ստացվում է, որ ադրբեջանական իշխանությունները Սիրիայում ապստամբների կողմից պատերազմած եւ վերադարձած գրոհայիններին ուղղակի ոչնչացնում են` երկյուղելով, որ նրանք տեղում կդառնան արմատական իսլամի քարոզիչներ եւ զենքը կուղղեն արդեն Իլհամ Ալիեւի վարչախմբի դեմ:

Ադրբեջանցի պաշտոնյան փաստացի կշտամբել է Թուրքիայի իշխանություններին, որոնք ամեն կերպ աջակցում են Ադրբեջանից գրոհայինների Սիրիա տեղափոխմանը: Պե՞տք է, արդյոք, ենթադրել, որ այդ կերպ թուրքական իշխանությունները հող են նախապատրաստում նաեւ Ադրբեջանում իսլամականության զարթոնքի համար: Իլհամ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցչի մտահոգությունը չի՞ նշանակում, որ Բաքվում կասկածում են, որ Թուրքիայի աջակցությամբ Սիրիայում փորձառություն անցնող գրոհայինները կարող են Ադրբեջանում հակաբռնապետական ապստամբություն սկսել, դրա համար էլ նրանց պարզապես ոչնչացնում են:

Վերջին շրջանում ադրբեջանական մամուլի որոշ հրապարակումներում դժգոհություն է նկատվում Սիրիայի հարցում պաշտոնական Բաքվի դիրքորոշման փոփոխությունից: Ըստ երեւույթին, դրանում խառն է թուրքական կողմի մատը: Ահա թե ինչու Իլհամ Ալիեւը որոշել է աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով Անկարային լուրջ զգուշացում հղել: «Հյուրիեթ»-ի թղթակցի փոխանցմամբ, իր զրուցակիցը նկատել է տվել, որ «Ռուսաստանի նախագահ Պուտինը 7 ժամ բանակցել է Իլհամ Ալիեւի հետ, ինչը վկայում է Ռուսաստանի համար Ադրբեջանի կարեւորությունը»:

Ասված է բավական թափանցիկ: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ Իլհամ Ալիեւի երրորդ ժամկետով պաշտոնավարելու հարցում պաշտոնական Անկարան առ այսօր որեւէ տեսակետ չի արտահայտել: Ավանդաբար «Մուսավաթ» եւ ԱԺՃ կուսակցությունները, որ ներկա ադրբեջանական ընդդիմության միջուկն են կազմում, համարվում են «միանշանակ թուրքական կողմնորոշման ջատագովներ»: Ըստ երեւույթին, Բաքվում սպասում են, որ Անկարան «կատարյալ աջակցություն հայտնի» Իլհամ Ալիեւին, իսկ քանի որ այդպիսի հայտարարություն դեռեւս չի արվել, Իլհամ Ալիեւի աշխատակազմը «խփել է վերջին մեխը». անանուն պաշտոնյան ասել է. «Եվ Ռուսաստանը, եւ Իրանը տարածաշրջանում ամրապնդում են իրենց դիրքերը, իսկ մենք անհամբեր սպասում ենք Թուրքիայի ուժեղանալուն»:

Ասվածը կարելի է հասկանալ նաեւ այնպես, որ «եւ Ռուսաստանը, եւ Իրանը աջակցում են Իլհամ Ալիեւի «վերընտրությանը» նախագահի պաշտոնում», իսկ Բաքվում անհամբեր սպասում են, թե երբ է նույնն ասելու նաեւ Թուրքիան: Իսկ առայժմ Ադրբեջանում ուղղակի ոչնչացնում են նրանց, որոնք Թուրքիայի աջակցությամբ պատերազմել են Սիրիայում եւ վերադարձել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #166, 02-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ