RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#164, 2013-09-28 > #165, 2013-10-01 > #166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #166, 02-10-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-10-01 23:34:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1006, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՀԱՊԿ-Ն ԼՂ-ՈՒՄ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ՞

Վ. Ա.

«ՀԱՊԿ խաղարարները կստանան իրենց պատասխանատվության գոտուց դուրս գործողություններին մասնակցելու մանդատ»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Գենադի Նեվիգլասին : Այդ մասին, հղում անելով ռուսաստանյան աղբյուրներին, հաղորդել է vesti.az-ը:

Ադրբեջանական լրատվամիջոցը մեջբերել է ռուսաստանցի պաշտոնյային. «Մեր խաղաղապահ միավորումը կազմավորված եւ մարզված է: Տառացիորեն հոկտեմբերին (ընթացիկ) տեղի կունենա մեծ զորավարժություն: Խաղաղապահները հասունության քննություն կհանձնեն ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեի ներկայացուցիչներին, որից հետո մենք մեր պատասխանատվության գոտուց դուրս գործողություններին մասնակցելու իրավունք կստանանք»:

Այնուհետեւ vesti.az-ը վստահաբար ենթադրում է, որ «ամենաառաջին գոտի կդառնա Ղարաբաղը», եւ հիշեցնում, որ երբ ռուսաստանցի սպաները հեռանում էին Գաբալայից, փորձագետներն ահազանգում էին, որ «Պուտինը ոչինչ չի մոռանում»: Լրատվամիջոցը խոստովանում է, որ Պուտին-Ալիեւ վերջին հանդիպումը «չի կոտրել երկու երկրների հարաբերությունների սառնությունը»:

Vesti.az-ը նույնիսկ Ադրբեջանում ունի «հատուկ ծառայություններին մոտ կանգնած» -ի համարում, ուստի անհավանական չէ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Նեվիգլասի հայտարարությունը Բաքվում, իրոք, քաղաքական ղեկավարության քննարկման նյութ է դարձել: Սա ինչ-որ տեղ հակասում է տվյալ պահի ադրբեջանական քարոզչությանը, քանի որ նախընտրական շրջանում իշխող վարչախմբին ձեռնտու է ռուս-ադրբեջանական հարաբերությունները ներկայացնել բացառապես դրական լույսի ներքո:

Ըստ երեւույթին, իր պատասխանատվության գոտուց դուրս գործողությունների մանդատ ստանալու հավանականությունը , որի մասին ասել է ՀԱՊԿ գխավոր քարտուղարի տեղակալը, Բաքվում ընկալվել է միայն Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ռուսաստանի «բացառիկ հետաքրքրվածության» կտրվածքով:

Բայց չէ՞ որ ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի կողմից միայն կարող է ստանալ իր պատասխանատվության գոտուց դուրս խաղաղապահ առաքելություն իրականացնելու մանդատ: Իսկ դա նշանակում է, որ ԼՂ ՀԱՊԿ «խաղաղապահներ մտցնելու համար» հարկ կլինի ունենալ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւը:

Իսկ դա, եթե հավատանք ադրբեջանական կողմին, պաշտոնական Բաքվի երազանքն է` ԼՂ խնդիրը «վերստին վերադարձնել ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանը եւ հասնել նոր բանաձեւի ընդունմանը»: Ադրբեջանական լրատվամիջոցը մեկնաբանությունների համար դիմել է ռուսաստանցի մի քանի վերուծաբանների, որոնք, սակայն, ենթադրել են, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս կարելի է համարել նաեւ Սիրիան կամ Աֆղանստանը, ինչպես նաեւ` աշխարհի յուրաքանչյուր թեժ կետ:

Ընդհանուր տպավորությունն այն է, որ Ադրբեջանում կարծես մոտ են համոզմանը, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի ռազմական լուծման հնարավորությունը գրեթե զրոյական է: Ընդ որում, դա ուղղակիորեն կապվում է Իրան-ԱՄՆ հարաբերությունների հետ:

Այսինքն, քանի որ ԱՄՆ-ը տեսանելի հեռանկարում չի պատրաստվում Իրանին հարվածել, ուրեմն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսելու առիթ չի ունենա: Այս իրավիճակում, ինչպես ադրբեջանական կողմում են ենթադրում, «Ռուսաստանը որոշել է կանխել ՆԱՏՕ-ին եւ Հարավային Կովկասում ռազմական ներկայություն ապահովել»:

Ըստ երեւույթին, Ադրբեջանում քննարկվում է արտաքին քաղաքական վերակողմնորոշման խնդիրը: Բացառված չէ, որ երրորդ ժամկետով նախագահ «ընտրվելուց» հետո Իլհամ Ալիեւը Ռուսաստանի հետ հարաբերություններում ընդունի վճռական որոշում: Պուտինի «դաժանության» մասին լրագրողական դատողություններն, ամենայն հավանականությամբ, հասարակական կարծիքի «լրամշակման» նպատակով են արվում:

Բայց չէ՞ որ հայկական զինված ուժերն արդեն 20 տարի ԼՂ հակամարտության գոտում հենց խաղաղապահ առաքելություն են իրականացնում: Իսկ ինչո՞ւ ՀԱԿՊԿ-ի շրջանակներում չքննարկել փաստացի առաքելությունն իրավական տեսակետից օրինականացնելու հարցը: Մանավանդ որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993թ. ընդունած վերջին բանաձեւն անուղղակիորեն Հայաստանին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ զինված հակամարտության կարգավորման գործընթացում վերապահել է միջնորդ-խաղաղարարի դերակատարություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #166, 02-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ