ՍԵՎԱԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆՎԱՃՈՒՄԸ 2 ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ 2 ՌԵԿՈՐԴ Հունգարիայի Էգեր քաղաքում անցկացված պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) աշխարհի առաջնությունում հաջող ելույթներ ունեցան միջազգային կարգի սպորտի վարպետներ, քաջարանցի Սեւակ Մանուկյանը եւ էջմիածնեցի Սերգեյ Ասատուրովը, որոնք միասին 3 ոսկե մեդալ նվաճեցին: Հատկապես տպավորիչ էր Սեւակ Մանուկյանի ելույթը: Նա մրցումների առաջին օրը պառկած դիրքից սեղմում վարժությունում 157,5 կգ արդյունքով աշխարհի նոր ռեկորդ է սահմանել: Հաջորդ օրը Սեւակը գերազանցեց իր ցուցանիշըՙ ռեկորդը հասցնելով 160 կգ-իՙ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Քաջարանցի մարզիկն ուժեղագույնը ճանաչվեց նաեւ եռամարտում: Նա մյուս 2 վարժություններումՙ կքանիստ եւ ձգում, ցույց տվեց 200-ական կգ արդյունք եւ եռամարտի 560 կգ ցուցանիշով արժանացավ աշխարհի չեմպիոնի տիտղոսին մինչեւ 67,5 կգ քաշային կարգում: Մինչեւ 75 կգ քաշային կարգում էլ Սերգեյ Ասատուրովը 167,5 կգ արդյունքով ուժեղագույնը ճանաչվեց պառկած դիրքից սեղմում վարժությունում: Մեր մարզիկները մրցակցային զգալի փորձ ունեն: Սեւակն ու Սերգեյը մասնակցել էին Չեխիայում (2011-ին) եւ Իտալիայում (2012-ին) կայացած աշխարհի ու Եվրոպայի առաջնություններինՙ գրավելով համապատասխանաբար 6-րդ եւ 4-րդ տեղերը: Նկար 1. Սերգեյ Ասատուրովը (ձախից) եւ Սեւակ Մանուկյանը |