RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04 > #169, 2013-10-05 > #170, 2013-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #168, 04-10-2013



Տեղադրվել է` 2013-10-03 23:17:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 925, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿՄԱՐՎԻ ԵՎՐՈՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻՑ ՍՏԱՑԱԾ ԳՈՒՄԱՐՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

700 մլն դոլար ծավալով պետական պարտատոմսերիՙ սեպտեմբերի 19-ին իրականացված առաջին տեղաբաշխումից Հայաստանի Հանրապետությունն արդեն ստացել է 690 մլն դոլար: Այդ գումարը կուղղվի ռուսական 500 մլն դոլարի վարկի վաղաժամկետ մարմանը: Մնացած մասից շուրջ 60 մլրդ դրամը կուղղվի գերմանա-հայկական հիմնադրամինՙ փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման համար, 3,9 մլրդ դրամըՙ ՓՄՁ ունիվերսալ վարկային կազմակերպությանը, դարձյալ փոքր բիզնեսի վարկավորման համար, 1,9 մլրդ դրամը` արտահանման հիմնադրամին, մնացածը` պետական պարտքի կառավարմանը, որից ներքին շուկայի համար թողարկած պետական պարտատոմսերի տոկոսները որոշակիորեն կնվազեն: Այս մասին երեկ կառավարության նիստի ժամանակ, ապա նաեւ մամուլի ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը :

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցի առնչությամբ կարեւորեց պարզաբանումներ ներկայացնելը, ասելով, որ «մեր որոշ ընդդիմախոսներ փորձում են այս գործընթացին կասկածով վերաբերվել եւ սեւացնել այն»: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունը վարձել է աշխարհի լավագույն իրավաբանական կազմակերպություններից մեկին` այս գործընթացը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան իրականացնելու համար: Տեղաբաշխումն իրականացրել են դարձյալ աշխարհում հայտնի երեք ընկերություններՙ Deutsche Bank-ը, GP Morgan-ը, HSBC բանկը: Տեղաբաշխումն իրականացվել է շուկայում ստեղծված իրավիճակի լավագույն պահին եւ այդ պահի դրությամբ ամենացածր տոկոսադրույքներով: Ըստ վարչապետիՙ տեղաբաշխման շնորհիվ «մենք կարողանում ենք 7 տարվա կտրվածքով բարելավել մեր վճարային հաշվեկշիռը, կանխիկ հոսքերը, ինչպես նաեւ 2013-2014 թվականների բյուջեի կատարողականի առումով ստանալ դրական իրավիճակ, քանի որ, ինչպես զեկուցեց ֆինանսների նախարարը, մենք կունենանք տնտեսում, ինչպես նաեւ մեր գործողությունները նպաստելու են տոկոսադրույքների նվազեցմանը»:

Տիգրան Սարգսյանը կարեւորեց, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ կարողացավ հայտնվել ներդնողների քարտեզի վրա, եւ այսուհետեւ 100-ից ավելի հեղինակավոր ներդնողներ հետեւելու են Հայաստանի բոլորՙ ֆինանսական, մակրոտնտեսական գործընթացներին: Սա նաեւ մասնավոր հատվածի համար միջոցներ ներգրավելու բացառիկ հնարավորություն է ստեղծում եւ ավելի մատչելի ֆինանսական միջոցներ ստանալուն համաշխարհային ֆինանսական շուկաներումՙ ավելի ցածր տոկոսադրույքներով:

Այս նույն հիմնավորումները մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նաեւ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նա նաեւ նշեց այլ գործոններ, որոնցով պայմանավորվել է եվրոպարտատոսմերի թողարկումը Հայաստանի կողմից: Մասնավորապես, միջազգային ֆինանսական կազմակերպությունների չափորոշիչներով Հայաստանն անցել է աղքատ երկրներից միջին եկամուտներ ունեցող երկրների շարքին, եւ մեզ այլեւս չեն տալիս արտոնյալ վարկեր: Սա նաեւ նշանակում է երկրի ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացիա, քանի որ եվրոպարտատոսմերի թողարկմամբ հնարավոր կլինի գումարներ ստանալ ոչ միայն միջազգային ֆինանսական կազմակերպություններից կամ դոնոր երկրներից, այլեւ մասնավոր հատվածից:

Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի պարտատոմսերը ձեռք են բերել 152 ներդնող, ինչը համարվում է բավական դիվերսիֆիկացված ցուցանիշ, քանի որ մեկ, երկու կամ երեք ներդնողից կախում չկա: Նրանցից 42 տոկոսը ԱՄՆ-ի ներդնողներ են, 23 տոկոսը` Մեծ Բրիտանիայի, 17 տոկոսը` մայրցամաքային Եվրոպայի ներդնողները, մնացածը` այլ երկրներից: Հայակական եվրոպարտատոմսերի վերջնական պահանջարկը ավելի մեծ է եղել եւ կազմել է 2,7 մլրդ դոլար:

«Ինչո՞ւ ռուսական ավելի ցածր տոկոսով վարկը փաստացի փոխարինվեց ավելի բարձր տոկոսով վարկի հետ» հարցին ֆինանսների նախարարը պատասխանեց, որ չի կարելի համեմատել այս երկու վարկերը, քանի որ ռուսական վարկը լողացող է` լիբոր գումարած 3 տոկոս, ինչը նշանակում է, որ այն կարող է փոփոխական լինել: Դա չի կարելի համեմատել ֆիքսված տոկոսադրույք ունեցող եվրոպարտատոմսերի հետ: Բացի դրանից, այլեւս անհրաժեշտ չի լինի 7 տարի սպասարկել ռուսական վարկը: Միեւնույն ժամանակ, նախարարը հայտնեց, որ 700 մլն դոլար եվրոպարտատոմսերի մարումը 7 տարի հետո պետք է կատարվի միանգամից: Ընդ որում, չբացառելով այդ նպատակով նոր պարտատոմսերի թողարկումը, բայց դժվարացավ ասել, դա ե՞րբ է հնարավոր` 3, 7, թե 10 տարի հետո: Նախարարի հավաստմամբՙ պարտատոմսերի թողարկման շնորհիվ 2014-ի բյուջեում 18 մլն դոլարի խնայողություն կունենանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #168, 04-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ