RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#166, 2013-10-02 > #167, 2013-10-03 > #168, 2013-10-04 > #169, 2013-10-05 > #170, 2013-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #168, 04-10-2013



80-ամյակ

Տեղադրվել է` 2013-10-03 23:17:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1099, Տպվել է` 85, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԱՐԵՎԵԼԱԳԵՏ-ՀԱՅԱԳԵՏԸ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ

ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան

Բոլորեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, դիվանագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Առաքելի Բայբուրդյանի կյանքի 80 տարին: Նրա անցած ուղին հայ արեւելագիտությանը, հարազատ ժողովրդի պատմությանը, նրա հոգեւոր արժեքներին ու մշակույթին, հայ երիտասարդության կրթության եւ դաստիարակության շնորհակալ գործին եւ հայկական պետականությանը բոլորանվեր ծառայելու մի փայլուն եւ ուսանելի օրինակ է:

Վ. Բայբուրդյանը ծնվել է 1933թ. Ախալցխայում: 1952թ. ընդունվում է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արեւելյան (իրանական) բաժինը: Մայր բուհն ավարտելուց հետո Վ. Բայբուրդյանը 1959թ. աշխատանքի է ընդունվում Գիտությունների ակադեմիայի կազմում նոր ձեւավորված արեւելագիտության սեկտորում: Այստեղ երկու տարի կրտսեր գիտաշխատողի պաշտոնում աշխատելուց հետո նա ընդունվում է ասպիրանտուրա եւ գործուղվում Մոսկվաՙ ԽՍՀՄ գիտություննների ակադեմիայի Ասիայի ժողովուրդների ինստիտուտում (հետագայում կոչվեց արեւելագիտության ինստիտուտ) իր ասպիրանտական ուսումնառությունն անցնելու: 1961-1964թթ. ուսումնառության տարիներին Վ. Բայբուրդյանը համաշխարհային հռչակ վայելող այդ արեւելագիտական կենտրոնում ձեռք է բերում հիմնավոր գիտելիքներ եւ իրանագիտական-արեւելագիտական փայլուն պատրաստություն: Մոսկվայում թեկնածուական ատենախոսություն պաշտպանելուց հետո (1965թ.) Վ. Բայբուրդյանը նշանակվում է արեւելագիտության սեկտորի գիտական քարտուղարի պաշտոնումՙ վարելով ընդհուպ 1977 թվականը:

Վ. Բայբուրդյանը պատկանում է հայ արեւելագետների այն սերնդին, որը կանգնած էր 1950-ական թվականներին ձեւավորված հայ արեւելագիտության ակունքների մոտ: Նա գիտական եւ կազմակերպչական ծանրակշիռ ներդրում է ունեցել հայ իրականության մեջ առաջին ակադեմիական կենտրոնիՙ Գիտությունների ակադեմիայի արեւելագիտության սեկտորի, իսկ ապա նաեւ ինստիտուտի 1971թ. հաստատման եւ զարգացման գործում:

1980թ. Վ. Բայբուրդյանը մշտական աշխատանքի է հրավիրվում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, որտեղ հաջորդաբար զբաղեցնում է մի շարք պատասխանատու պաշտոններՙ ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ (1980-1987թթ.), գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր (1987-1992թթ.)ՙ միաժամանակ երկու տարիՙ (1987-1988թթ.) կատարելով ռեկտորի պաշտոնակատարի պարտականությունները:

1992թ. պրոֆեսոր Վ. Բայբուրդյանի կյանքում սկսվում է գործունեության մի նոր շրջան: Նա հրավիրվում է դիվանագիտական աշխատանքի, նշանակվելով Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության գործերի հավատարմատար (1992-1994թթ), իսկ ապաՙ արտակարգ եւ լիազոր դեսպան (1994-1998թթ), անկախ Հայաստանի առաջին դեսպանը այդ երկրում:

Նրան շնորհվեց արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Սա այն դեպքն էր, երբ դիվանագիտական առաքելությամբ արտասահման էր ուղարկվում Արեւելքը հիանալի իմացող, պրոֆեսիոնալ իրանագետ-արեւելագետը, որն ուներ նաեւ կյանքի հսկայական փորձ:

Վ. Բայբուրդյանը Իրանում իր դիվանագիտական առաքելությունն իրականացրեց ծայրաստիճան լարումով, ներշնչումով, պատասխանատվության բարձր զգացմամբ, նվիրվածությամբ, իսկ ամենակարեւորըՙ մեծագույն արդյունավետությամբ, որն ակնհայտորեն արտահայտվել է հայ-իրանական բազմաբնույթ հարաբերություններում: Վեց տարի անընդմեջ Իրանում վարելով իր պաշտոնը, հաղթահարելով մեծ դժվարություններ, Վ. Բայբուրդյանը մեծ նպաստ է բերել հայրենիքին ու հարազատ ժողովրդին, միաժամանակ մղում հաղորդելով հայ-իրանական հարաբերությունների վերընթաց զարգացմանը:

Այդ պատասխանատու պաշտոնում նա մշտապես դրսեւորել է ոչ միայն գործնական խառնվածք, այլեւ բնավորության ու վարքագծի մի շարք լավագույն հատկանիշներՙ հայրենասիրություն, խիզախություն, մեր հանրապետության շահերի խոր գիտակցում, գործի հիանալի իմացություն, մտքի ճկունություն, բարձր պրոֆեսիոնալիզմ եւ, վերջապես դիվանագետի համար հույժ անհրաժեշտ, լայն մտահորիզոն եւ բարձր կուլտուրա:

Պրոֆեսոր Վ. Բայբուրդյանը միջազգային ճանաչում գտած, համաշխարհային պատմությանը քաջատեղյակ, հիմնավոր գիտելիքների տեր, բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված տաղանդավոր գիտնական է: Շնորհիվ իր բնական ձիրքի, փայլուն արեւելագիտական պատրաստության, վերլուծական կարողությունների, լեզուների իմացության եւ աշխատասիրության, նա անգնահատելի դեր խաղաց հայ ժամանակակից արեւելագիտական մտքի զարգացման գործում: Ներկայումս աշխարհի ամենահեղինակավոր գիտական շրջաններում նա ձեռք է բերել մեծ ճանաչում:

Չափազանց ընդգրկուն եւ լայն է պրոֆեսոր Վ. Բայբուրդյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը. Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների, մասնավորապես Իրանի եւ Թուրքիայի պատմության, միջազգային հարաբերություններ, քաղաքականություն, հայագիտություն (այդ թվում նաեւ քաղաքական հայագիտություն), Հայկական հարցի պատմություն, արեւմտահայոց ցեղասպանությանը առնչվող խնդիրներ, Իրանի հայ գաղթօջախների պատմություն, հայ տնտեսական մտքի եւ առեւտրական կապիտալի պատմություն, հայ ազատագրական շարժումների պատմություն, քրդագիտության եւ հայ-քրդական հարաբերություններ, իսլամագիտություն եւ այլն:

Հայ իրականության մեջ Վ. Բայբուրդյանն առաջինն էր, որ հարուստ արխիվային նյութերի հիման վրա համակողմանի քննության է ենթարկել 20-րդ դարի սկզբի թուրք-իրանական հարաբերություններըՙ բացահայտելով մեր տարածաշրջանում այդ երկու առաջատար պետությունների միջպետական հարաբերությունների ներքին զսպանակները եւ նրանց խաղացած դերը հայ ժողովրդի քաղաքական ճակատագրում: Այդ խնդիրների կապակցությամբ նրա հրատարակած (1974թ.) «Թուրք-իրանական հարաբերությունները 1900-1914թ.թ.» ծավալուն մենագրությունը, որն իր բնույթով եզակի ուսումնասիրություն է, 1975թ. հեղինակի կողմից ներկայացվել է որպես դոկտորական ատենախոսություն եւ 1975թ. հաջողությամբ պաշտպանվելՙ արժանանալով մասնագետների բարձր գնահատականին: Պատահական չէ, որ Իրանում թարգմանվել է պարսկերեն եւ 1989թ. լույս տեսել Սպահանումՙ համառոտագրված տարբերակով: Այդ աշխատության առանձին բաժիններ լույս են տեսել նաեւ թուրքերենՙ Ստամբուլի մամուլում:

Վ. Բայբուրդյանը հայ արեւելագիտության պատմության մեջ առաջինը խիզախ մտածում ունեցավ նախաձեռնելու Իրանի ամբողջական պատմության ստեղծմանը: 2005թ. լույս տեսավ նրա Իրանի պատմություն (հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը) մեծածավալ ու արժեքավոր աշխատությունը, որը շահել է «Հայ օգնության ֆոնդի» (ԱՄՆ) դրամաշնորհը: 2006թ. լույս տեսավ այդ աշխատության երկրորդՙ լրամշակված հրատարակությունը:

2011թ. հրատարակվեց Վ. Բայբուրդյանի «Օսմանյան կայսրության պատմություն» ծավալուն աշխատությունը, որտեղ հեղինակը հանրագումարի է բերել այդ պետության պատմությանը վերաբերողՙ վերջին տասնամյակների հետազոտությունների (հայրենական եւ արտերկրի) շատ արդյունքներ, սկսած թյուրքալեզու ցեղերիՙ Փոքր Ասիա ներթափանցումից եւ Ռումի (Իկոնայի) սելջուկյան սուլթանությունից ու թուրք օսմանների պետության կազմավորումից մինչեւ կայսրության վերածվելը եւ այնուհետեւ նրա անկումն ու կործանումըՙ Առաջին աշխարհամարտի ավարտին:

Իրանի պատմության այլազան հարցերը միշտ գտնվել են Վ. Բայբուրդյանի ուշադրության կենտրոնում: Այդ թեմայով նա գրել է մի քանի տասնյակ հոդվածներ: 1984թ. լույս տեսավ նրա «Իրանը առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին եւ պատերազմի տարիներին» աշխատությունը, իսկ տարիներ անցՙ 1999թ. հրատարակվեց նրա «Իրանն այսօր» գիրքը, որտեղ համակողմանիորեն լուսաբանվում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական, տնտեսական, ռազմական ու մշակութային կյանքի բազմապիսի խնդիրներ: Գրքում որոշակի տեղ է հատկացվում նաեւ մեր օրերի հայ-իրանական հարաբերություններին:

Վ. Բայբուրդյանի գիտական հետաքրքրությունների կիզակետում մշտապես գտնվել են երկու սիրված թեմաներ: Դրանցից մեկը հայ առեւտրական կապիտալի պատմությունն է ուշ միջանադարում, մյուսըՙ Իրանի հայ գաղթօջախների պատմությունը: Դրանք նույնքան իրանագիտական խնդիրներ են, որքան եւ հայագիտական: Դեռեւս 1969թ. ռուսերեն լեզվով լույս տեսավ Վ. Բայբուրդյանի «Նոր Ջուղայի հայ գաղթօջախը 17-րդ դարում» (Նոր Ջուղայի դերը իրանա- եվրոպական քաղաքական եւ տնտեսական հարաբերություններում) մենագրությունը, որին տարիներ անց հետեւեց 1996թ. Թեհրանում հայերեն լեզվով հրատարակված «Համաշխարհային առեւտուրը եւ իրանահայությունը 17-րդ դարում» ծավալուն մենագրությունը, որն անմիջապես թարգմանվեց պարսկերեն եւ նույն թվականին լույս տեսավ Թեհրանում: 2004թ. Հնդկաստանումՙ Նյու Դելիում, անգլերեն լեզվով հրատարակվեց նրա «Միջազգային առեւտուրը եւ հայ վաճառականները 17-րդ դարում» խիստ ուշագրավ մենագրությունը, որն, ի դեպ, արտասահմանյան գիտական հանդեսներում բարձր գնահատականի է արժանացել:

2007թ. հրատարակվեց Վ. Բայբուրդյանի «Նոր Ջուղա» աշխատությունը, այժմ հրատարակության մեջ է «Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» մենագրությունը:

Առհասարակ Վ. Բայբուրդյանը ձեռք է բերել հայ առեւտրական-խոջայական կապիտալի եւ Իրանի հայ գաղթավայրերի պատմության հմուտ գիտակի համբավ: Պատահական չէ, որ նրան են վստահվել շարադրելու ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի կողմից «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական բազմահատորյակների (1972թ. եւ 2013թ.), ինչպես նաեւ «Հայկական սովետական հանրագիտարան»-ի Իրանի հայ գաղթօջախներին նվիրված բաժինները:

Լինելով լայն մտահորիզոնի պատմաբանՙ Վ. Բայբուրդյանը միաժամանակ քուրդ ժողովրդի պատմության եւ հատկապես հայ-քրդական հարաբերությունների բնագավառումՙ թե՛ Հայաստանում եւ թե՛ արտերկրում ճանաչված մասնագետ է: Այդ բնագավառի նրա հետաքրքրությունները ներկայացված են բազմաթիվ ուշագրավ հոդվածներով եւ մեծածավալ մենագրություններով: 1989թ. լույս տեսավ նրա «Հայ-քրդական հարաբերությունները Օսմանյան կայսրությունում 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին» մենագրությունը, իսկ 2008թ.ՙ «Քրդերը, հայկական հարցը եւ հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո» խիստ ուշագրավ ծավալուն մենագրությունը: Վերջերսՙ 2013թ. ամերիկյան «Դոլորես Զոհրաբ Լիբման ֆոնդի» հովանավորությամբ Կանադայի Օտտավա քաղաքում անգլերեն լեզվով հրատարակվեց քրդական հարցին նվիրված Վ. Բայբուրդյանի վերոհիշյալ մենագրության լրամշակված տարբերակը:

Պրոֆեսոր Վ. Բայբուրդյանը բազմակողմանի հետաքրքրութունների տեր գիտնական լինելուց բացի, նաեւ կրթության ու գիտության հմուտ կազմակերպիչ է: Մեծ է նրա ներդրումը նաեւ մեր հանրապետությունում միջազգայնագետ կադրերի պատրաստման գործում: 2000-2008թ. նա ղեկավարել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերություների եւ դիվանագիտության ամբիոնը: Ներկայումս նա շարունակում է պաշտոնավարել նշված ամբիոնւմ որպես պրոֆեսոր:

Վ. Բայբուրդյանը նաեւ բեղուն մանկավարժ է: Մոտ կես դար Երեւանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդել է արեւելագիտական, հայագիտական եւ միջազգային հարաբերություններին վերաբերող առարկաներՙ իր հարուստ գիտելիքներն անմնացորդ նվիրելով իր սաներին: Վ. Բայբուրդյանի հմուտ ղեկավարությամբ երկու տասնյակից ավել ասպիրանտներ, հայցորդներ ու գիտական աշխատողներ պաշտպանել են ատենախոսություններ:

Գիտության, կրթության եւ դիվանագիտության ասպարեզներում Վ. Բայբուրդյանի ծառայությունները արժանացել են որոշակի գնահատանքի: Նա Իրանի Իսլամական Հանրապետության կողմից պարգեւատրվել է «Հեղափոխության արշալույսը» ոսկե մեդալով: Պարգեւատրվել է նաեւ Ֆրիտյոֆ Նանսենի անվան հուշամեդալով, Երեւանի պետական համալսարանի ոսկե մեդալով, նաեւ համալսարանի պատվոգրով «Կրթության եւ գիտության բնագավառում ակնառու ձեռքբերումների, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած զգալի ավանդի համար», ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվոգրով, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հատուկ դիպլոմով, Ռուսաստանի հայերի միության մեդալով եւ այլն:

Պրոֆեսոր Վահան Բայբուրդյանը այսօր էլ երիտասարդական եռանդով ու ավյունով ծառայում է իր հայրենիքին ու հարազատ ժողովրդին: Նրան բնորոշ են արտասովոր աշխատունակությունը, գիտական բարեխղճությունը, գիտական անխոնջ որոնումների ձգտումը: Նրա ազգօգուտ ու հայրենանվեր գործունեության մեջ մշտապես տրոփում է ազգային ոգու զարկերակը: Նա ապրում է հայրենիքի հոգսերով, ժողովրդի ապագայի նկատմամբ ունի կայուն ու հաստատուն հավատ: Այդ լայն մտահորիզոնի, խոր գիտելիքների, բազմակողմանի զարգացած շնորհաշատ գիտնականը լի է անսպառ եռանդով ու գալիք աշխատանքային մեծ ծրագրերով: Նրա մարդկային բարձր ու առինքնող հատկանիշներն են համեստությունը, դյուրահաղորդությունը, համագործակցության ոգին, բարյացակամությունն ու բարությունը, ազնվությունը:

Մաղթենք պրոֆեսոր Վահան Բայբուրդյանին քաջառողջություն, կյանքի բազում արեւոտ տարիներ, մշտանորոգ կորով ու ազգանվեր նոր եւ մեծ իրագործումներ:

Նկար 1. Պրոֆ. Վահան Բայբուրդյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #168, 04-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ