ԿԻՆՈ+ԱՇՈՒՆ. ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ԱՄԻՍԸ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Հոկտեմբերի 5-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիից կմեկնարկի ամենամյա «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրը: Այս տարին հոբելյանական է. հայկական կինոյի հիմնադրման 90 եւ հայկական անիմացիայի 75-ամյակներն են, եւ «Կինոաշուն» ծրագիրը կնվիրվի դրանց: Այս տարի առաջին անգամ «Կիոնաշնան» շրջանակներում, կազմակերպիչները հայտարարել են կինոմրցույթ` «Երեւանն իմ քաղաքն է» թեմայով, երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Կամո Մովսիսյանը եւ ավելացրեց. «Յուրաքանչյուր ոք, որն ունի տեսագրող սարք, կարող է կարճամետրաժ ֆիլմ նկարահանել եւ ներկայացնել մրցույթին: Տեսանյութը կարող է նկարահանված լինել նույնիսկ բջջային հեռախոսով: Սա լավ նվեր կլինի մեր բոլորի սիրելի մայրաքաղաքի` Երեւանի 2795-րդ տարեդարձին»: Նախորդ տարիների օրինակով, այս տարի էլ կազմվել են տարբեր թեմատիկ կինոծրագրեր, առանձին ծրագրեր Երեւանի համայնքների, բուհերի, մարզերի, զինվորական մասերի համար: Պատրաստվել են նաեւ հետահայաց ցուցադրությունների ծրագրեր: Հատկանշական է, որ նախատեսված է անցկացնել Արտավազդ Փելեշյանի, Ներսես Հովհաննիսյանի, Լեւոն Իսահակյանի եւ Արմեն Միրաքյանի հոբելյաններին նվիրված հետահայց ցուցադրություններ: Բացի այդ, հանրությանը կներկայցվի նաեւ վավերագրական նյութեր` Նարեկացի արվեստի միությունում: Հայ կինոյի 90-ամյակի կապակցությամբ Երեւանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվի գիտաժողով, իսկ ընթերցված զեկույցները կտպագրվեն առանձին ժողովածուում: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն անդրադառնալով ծրագրին` ասաց. «Կինոաշունը» գնալով թափ է առնում: Երբ առաջին տարին ծրագիրը կյանքի էինք կոչում, բազմաթիվ ընդվզումների առջեւ կանգնեցինք: Մարզերից ասում էին, որ գյուղացին սարերում, դաշտերում է եւ չի գա ֆիլմ դիտելու, իսկ եթե ցանկանում եք, ապա Ձեր տեխնիկայով եկեք: Իսկ ահա այս տարի դրական վերաբերմունքի արժանացանք եւ այժմ պահանջարկը մեծ է: Ծրագրում ընդգրկված են ոչ միայն համայնքներ, այլեւ` զորամասեր: Պաշտպանության նախարարությունը ֆիլմերի ցանկ է ուղարկել, որոնք մենք «Կինոաշուն» ծրագրի շրջանակում կցուցադրենք զորամասերում»: Նշենք, որ Երեւանում բացի համայնքներից, ֆիլմեր են ցուցադրվելու նաեւ «Նաիրի» կինոթատրոնում, Նարեկացի արվեստի միությունում, Հ. Մալյանի անվան թատրոնում եւ բուհերում: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս կազմակերպվում են բացօթյա ցուցադրումներ «Սիրահարների այգում»: Այս տարի ցուցադրություններն սկսվեցին ավելի վաղ` սեպտեմբերի 12-ից, եւ ամեն ուրբաթ «Քաղաք, սեր, կինո» խորագրով ֆիլմեր են ներկայցվում այգում: Այս տարի նույնպես հայտարարված է գրախոսականների մրցույթ` հայկական նոր ֆիլմերի համար: Այս մրցույթի համար հատուկ բուհերում ցուցադրվում են վերջին տարիներին Հայաստանում արտադրված ֆիլմերը: Գրախոսականների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է, իսկ կինոմրցույթինը` հոկտեմբերի 20-ը: Բոլոր աշխատանքները պետք է ներկայացվեն Հայաստանի ազգային կինոկենտրոն: Հիշեցնենք, որ «Կինոաշունն» իրականացվում է արդեն չորորդ անգամ` սկսած 2010թ.: Առաջին տարին ընդգրկվել էր միայն մայրաքաղաքն ու երեք մարզերը: Սակայն, երկրորդ տարվանից մասշտաբները մեծացան, ընդգրկելով նորերը: «Կինոաշուն 2013» -ն անցկացվում է նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Ծրագրին աջակցում են մշակույթի նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը: |