ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՏՆԱՎՈՐՎԵՑ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ Շուրջ երկտասնամյա տխուր ոդիսականից հետո ի վերջո իր արժանի հանգրվանը գտավ Լենինական-Գյումրու երբեմնի կարեւորագույն մտավորական կենտրոնը: Քաղաքի հիմնանորոգված պատմական հոյակերտ, եռահարկ շինություններից մեկում երկար սպասված նորամուտը նշեց նախկին քաղաքային կենտրոնական, վերջին տասը տարիներինՙ Շիրակի մարզային գրադարանը: 1860-1913 թթ. կառույց այս շենքի նորոգման-վերակառուցման եւ գրադարանին տրամադրման ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Իր գործունեությունը 1899-1900 թվականներին սկսած, 1941-ին Ավետիք Իսահակյանի անվամբ կոչված գրադարանի շենքը 88-ի երկրաշարժից հետո նորոգվեց ու հանձնվեց Շիրակի թեմի առաջնորդարանին... Դրանից հետո մշակութային օջախը երկար ճանապարհ անցավ, գրքային ֆոնդը տարհանվեց մարզի տարբեր համայնքներ, հիմնականումՙ Անիի տարածաշրջան: Այդ ամենը հետ բերելու համար 18 տարի առաջ որպես գրապահոց հատկացվեց մի տարածք Խրիմյան փողոցի շենքերից մեկի բացվածքում, որտեղ այսքան տարի ստիպված էր գործել նաեւ գրադարանն ամբողջությամբ, գնալով ավելի ծանր ու աննպաստ դարձող պայմաններում: Այժմ արդեն այդ ամենը մնում է անցյալում: Անցյալ, որն իրոք անհնար կլիներՙ առանց գրադարանի աշխատակիցների կարելիից վեր համբերատարության ու հարգանքի արժանի անսահման նվիրումի... Շիրակի մարզային գրադարանն այժմ ունի 80 աշխատակից, գրադարանային ֆոնդը կազմում է մոտ 204 հազար միավոր: Շիրակի մարզային գրադարանի հանդիսավոր նորամուտին ներկա էին եւ ողջույնի ու շնորհավորանքի խոսք ասացին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպան Բրունո Սկապինին, Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը: |