RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#168, 2013-10-04 > #169, 2013-10-05 > #170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-10-07 22:54:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 896, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հայկական աստղագիտական ընկերություն

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ եւ ուսումնասիրություններ» թեմայով գիտաժողովի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 304-րդ միջազգային գիտաժողովի համանախագահներ Արեգ Միքայելյանը (Հայաստան) եւ Դեւիդ Սանդերսը (ԱՄՆ), ինչպես նաեւ աշխարհահռչակ հայ աստղագետ Երվանդ Թերզյանը եւ բազում անվանի աստղագետներ աշխարհի ավելի քան 30 տարբեր երկրներից:

Բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը : Նա կարեւորեց միջոցառման անցկացումը հենց Հայաստանումՙ նշելով, որ ոչ բոլոր երկրներին է վիճակված այսօրինակ կարեւոր գիտական միջոցառումների կազմակերպումը. «Սա արդեն 6-րդ դեպքն է, որ Հայաստանում այս մասշտաբի գիտական միջոցառում է տեղի ունենում: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Միջազգային աստղագիտական միությունը վստահում է հայերին եւ տեղյակ է, թե ինչպիսի նվաճումներ ունի մեր երկիրն աստղաֆիզիկայի բնագավառում: Սա պատիվ է»:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսն ուրախություն հայտնեց, որ իրեն բախտ է վիճակվել ներկա գտնվելու այսօրինակ խոշոր միջոցառման. «Արգասաբեր աշխատանքային օրեր եմ մաղթում գիտնականներիդ: Կարծում եմՙ Հայաստանում շատ հարմար պայմաններ են ստեղծված աստղերն ուսումնասիրելու ու հետազոտություններ անելու համար, այդ պատճառով էլ հայ աստղագետները մեծ ավանդ ունեն աստղագիտության զարգացման բնագավառում»:

Ողջույնի խոսք ասացին նաեւ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը , ՄԱՄ 304-րդ միջազգային գիտաժողովի համանախագահներ Արեգ Միքայելյանը եւ Դեւիդ Սանդերսը : Ելույթ ունեցավ նաեւ Երվանդ Թերզյանը :

«Հայաստանը ոչ միայն գեղեցիկ բնության ու համեղ կոնյակի երկիրն է, այլեւ աստղագետների ու գիտնականների երկիր է: Հայաստանը Վիկտոր Համբարձումյանի հայրենիքն է: Ուրախ եմ, որ այսօր ես եւս Հայաստանում եմՙ իմ հայրենիքում: Հույս ունեմՙ գիտաժողովը կնպաստի, որ էլ ավելի շատ երիտասարդներ սկսեն զբաղվել աստղագիտությամբ ու հասնեն այնպիսի խոշոր հաջողությունների, որոնց դեռեւս չենք հասել»,- ասաց պարոն Թերզյանըՙ կարեւորելով անվանի աստղագետներին մեկ հարկի տակ հավաքվելու փաստը:

Հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին նվիրված ՄԱՄ միջազգային գիտաժողովի բացմանը ելույթ ունեցավ նաեւ Ռուբեն Մարգարյանը ՙ աստղագետի ազգականը: Վերջինս ողջունեց գիտաժողվի մասնակիցներինՙ փոքրիկ բացահայտումներ անելով. «Որոշակի նրբություններ կարեւոր դեր են խաղացել Բենիամին Մարգարյանի ապագա մասնագիտության ընտրության գործում: Օրինակՙ նրանց տան պատշգամբը բարձր դիրք ուներՙ դեպի արեւմուտք, հյուսիս եւ արեւելք նայող շարունակական հատվածներով: Աստղազարդ երկինքը պատշգամբից դիտելը շատ հարմար էր, քանի որ պարզ տեսանելի էր երկնքի տեսանելի մասը: Հարազատները հաճախ պատմում էին, որ պատանի Բենիամինը երեկոյան ժամերին հաճախ էր դուրս գալիս պատշգամբ եւ, անշարժանալով, ժամեր շարունակ հայացքն ուղղում դեպի տիեզերք ու զմայլված նայում հեռավոր լուսատուներին»:

Ի դեպ, գիտաժողովի առաջին օրվա ավարտին անվանի աստղագետները կմեկնեն Էջմիածինՙ տեսնելու Մայր տաճարը եւ ծանոթանալու դրա պատմությանը: Աստղագետները կհյուրընկալվեն նաեւ Մայր տաճարի թանգարանում:

Գիտաժողովին առավել շատ մասնակիցներ են ներկայացել զարգացած աստղագիտական երկրներիցՙ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Կանադայից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Հայաստանից: Նախատեսվում է, որ հոկտեմբերի 7-ից 11-ն անցկացվող գիտաժողովի ընթացքում կներկայացվեն 60 բանավոր զեկուցումներ եւ շուրջ 100 պոստերներ:

Հ.Գ. Հայաստանում նման գիտաժողովներ են անցկացվել 1966, 1986, 1989, 1998 եւ 2001թթ., եւ 2013-ին անցկացվելիք գիտաժողովը 6-րդն է: Միջոցառման համար նաեւ ինտերնետային էջ է ստեղծվել http://iaus304.aras.am/, որտեղ կարելի է ծանոթանալ միջոցառման մանրամասներին եւ օրվա գլխավոր լրահոսին: Գիտաժողովի ամբողջական ծրագիրը հասանելի է հետեւյալ հղմամբՙ http://iaus304.aras.am/program.html:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #170, 08-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ