ՀԱՅԿԱԿԱՆ ՇԻՐՄԱՔԱՐԵՐԸՙ ԿՈՅՈՒՂԻՆԵՐԻ ԿԱՓԱՐԻՉՆԵՐ Հ. Ծ. Վկայակոչելով «Նյու Տեքստ» կայքը, Կահիրեում լույս տեսնող ՌԱԿ-ի «Արեւ» եռօրյան տեղեկացնում է, որ ամբողջովին բնաջնջվել է Մալկարա գավառում գտնվող պատմական հայկական գերեզմանատունը: Ամբողջ տարածքը այժմ կանաչապատված եւ հատկացված է ըմբշամարտի հանդիպումների: Այնտեղ կառուցված է նաեւ ճաշարան: Գերեզմանատան շիրմաքարերը մեկ առ մեկ տեղահանվել են, իսկ ի հայտ եկած ոսկորները հողով ծածկվել են: Շրջակայքում բնակվող մի հողագործ պատմել է հետեւյալը. «Մինչեւ 15 տարի առաջ այստեղ կանգուն էին մնացել հսկայական շիրմաքարեր: Թանգարանի մի պատասխանատու այցելության գալովՙ սկսեց հնություններ որոնել: Գողացված շիրմաքարերը ենթահողային աշխատանքների ընթացքում օգտագործվեցին որպես կոյուղիների կափարիչներ: Անցյալ ամառ, երբ ենթահողային նորոգումներ կատարվեցին, հայոց շիրմաքարերը գտնվեցին կոյուղիների տարածքում»: |